***
ես մեր տան մասկովսկի պատուհանից նայում եմ
եվրո պատուհանի ներսի կյանքին
և մտածում,
թե այդ ինչպես եղավ,
որ
գույնը հաղթեց երանգին,
խոսքը հաղթեց հպումին,
թե ինչպես եղավ,
որ կառուցվող քաղաքի կամարի տակ հանկարծ
փլուզվեց մի ամբողջ աշխարհ
ես հիմա ինչպես ընթանամ,
երբ կամուրջներ են կառուցվում անգետ ձորերի վրա,
ես ինչպես ընտրեմ լինելը,
երբ չլինելս էլ աքսիոմա է վաղուց
ես ինչպես սկսվեմ,
երբ քեզանով ավարտվելու փոխարեն ես
ավարտվեցի քեզնից
բայց դարձյալ ես մեր տան մասկովսվի պատուհանից նայում եմ եվրո պատուհանի ներսի կյանքին և մտածում,
թե ինչքան լավ է,
որ գույնը հաղթեց երանգին
որ խոսքը հաղթեց հպումին
և ինչ լավ է,
որ կամուրջներ կառուցվեցին հենց անգետ ձորերի վրա
***
ես խուսափում եմ հանդիպել քեզ,
որպեսզի
չբախվեմ իմ ես-ի հետ,
ես չեմ թեքում ճանապարհս`
սև կատուներ տեսնելիս.
ես ուզում եմ`
դու պատահես ինձ:
և կա մի ճշմարտություն,
որ նստած է օվկիանոսի հատակին
և սպասում է
մեր խեղդվելուն.
դու ինչ-որ մեկի հետ չես
դու դեմ ես ինձ
***
Քաղաք,
լույսեր չառկայծող լուսամուտների ու
երբևէ չբացված դռների,
դու որ կառուցել ես ինձ`
ինձ,
ում ոտքի տակ դողում ես հաճախ
և հիշեցնում Փոքր Մհեր լինելուս մասին,
ցավ չի արդյոք խավար լինել,
բայց չհամարվել հակառակը լույսի,
քաղաք` երկրաշարժեր չտեսած,
սարսափելի չի արդյոք
տանել քայլերթը նրանց,
ովքեր փնտրում են
իրենց բաժին Ագռավաքարը,
երբ մասուրն է դարձել ցորենի չափ,
իսկ ընկույզը` գարու…
***
փոքր քաղաքը
գերեզման է
մեծ երազանքների համար,
և այդ քաղաքի չ(ես)-ն է,
որ
ինձ արդեն
որերորդ անգամ
հաջողվում է
չեղածը տեղավորել
եղածի մեջ,
այդ քաղաքի չսերն է,
որ մեզ մի պահ թվաց,
թե սիրել ենք,
չհանդիպումներն են,
որ ես արդեն
որերորդ անգամ
համոզվում եմ,
որ երկրագունդը
իսկը
իմ կրնկի չափով է վաղուց
***
ես չեմ ծնվել
ափիս մեջ
մեկ կաթիլ
արյուն սեղմած,
և չեմ հավատում
նրանց
ովքեր պնդում են,
թե ձեռքի
տաք ափեր ունեցողները
սառը սիրտ ունեն,
բայց հպումը
իմ ձեռքին
ապացույցն է դրա
ես չեմ ծնվել
ավելորդ ատամով
բայց հաճախ եմ
հաղթահարում
չառկայությունը նրա
իսկ դու ծնվել ես
որ բառը քո
սկիզբ չդառնա
այլ վերջ
բոլոր նրանց համար
ովքեր փնտրում են
փրկությունը իրենց
և ծնված չէին
ավելորդ ատամով
կամ
արյան մեկ
կաթիլ ձեռքի
ափում սեղմած
***
սպին
ձախ աչքիս
կոպին դրոշմն է
90-ականների
ծնունդ լինելուս,
և ապացույցը,
որ աչքս հանելու
համար բնավ էլ
պետք չէր
հոնքիս դիպչել
***
ներիր, Ցոյ,
բայց պատերազմներում
մեր ու մեր միջև
դաստակիցս
բացակայում է
արյանս կարգը
որովհետև
օրերում այս
փրկություն է
չփրկելը