դժվար է
փրկիչ լինել
ժամանակներում
ԱՅՍ,
երբ սարն է հանդիպում սարին
առավել ևս՝գնում է Մուհամեդի մոտ

ՀԻՄԱ՝ պատերազմից կես տարի անց,
երբ սև ժապավենի վրա
ամենից հաճախ հանդիպողը 18 է,
փրկիչ լինելը մեղք է

և մշտապես երկրաշարժվող մարմինը իմ
չի թողնում մոռանալ
եռագույնի կարմիրը,
մեր հայրենիքի թշվառը,
գերբի սարը՝ երկգագաթ,
և նրա համար փրկիչ լինելն էլ այն չէ,
ինչպես այն չէ 18-ը՝ սևի վրա

***

տարածությունը՝
ընկած անցյալի և ապագայի միջև,
հրապարակ է,
որտեղ շքերթ է
անդադար,
անդադար
այնտեղ քայլում են
զինվորները ընկած,
այնտեղ քայլում են
զինվորները վերադարձի,
նրանք անցնում են
մեր միջով,
և տունը նրանց
դուրս է մեր միջից
հունվարի վերջին երեքշաբթին է,
ասում են՝ 28 է,
և հրապարակը դատարկ է՝ ինչպես երբևէ.
զինվորների շքերթը՝
անդադար
անդադար
անցնում է մեր միջով,
և տունը նրանց դուրս է մեր միջից

***

Ես նրանցից եմ եղել,
ովքեր
կառուցել են
բաբելոնյան աշտարակը
և փլուզումից հետո նրա
հասկացել
լեզուն քո
ես եղել եմ նրանցից,
ովքեր
պարզել են
երկրորդ այտը,
երբ առաջինին
հարված
անգամ չի էլ եղել
ու հիմա
երբ մոտեցել է
դատաստանը ահեղ
ես բռնում եմ
Կայենի ձեռքը
և սպանում
աբելներին բոլոր
որովհետև
չեմ հավատում,
որ կա փրկություն
անգամ երկրորդ
գալուստով քո։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն