Առավոտը զարմանալիորեն մութ է: Oդում կախված է օդակայանական ուշ չվերթի տրամադրություն: Իսկ պատուհանից կախված է Գուգոն, ում ծխախոտի զզվահոտը տարածվում է Ռոզայի` շոգից վաղուց փետացած լվացքի վրայով: Գուգոն 27 տարեկան երիտասարդ է` ծառայած, բայց ազգի համար անպիտան, բարձրահասակ, բայց տձև, երկար չոլկայով, բայց ճաղատացող, ծխող, խմող, թքող, պպզող, բայց այսուամենայնիվ` բակի լավ տղա: Աշխատում է բուքմեյքերական գրասենյակում: Վաստակած գումարը հերիքում է ծխախոտին, գարեջրին և նույնիսկ ինտերնետի վարձին: Երբեմն ինքն էլ է խաղադրույքներ կատարում և մյուս բոլոր գուգոների նման գլխին տալիս:
Ոչ թե թռչունների դայլայլը, այլ նրանց լաչառ ճռվողյունը քնազրկել է ևս մի քանի բնակչի:
Նյարդերից թույլ Բաբկենը` 84 ամյա պատերազմի վետերանը (ինչպես ինքն է իրեն այդպիսին հիշում), ևս կախված է պատուհանից, բայց արդեն վաղուց ի վիճակի չէ ծխելու:
Արթուն է նաև մի աղջնակ` Լիլիթիկը, ով իր լաչառ ձայնով համահունչ ընկերակցում է թռչուններին: Փորն է ցավում: Բնականաբար արթուն է նաև ողջ ընտանիքը: Գրեթե ողջ: Նիրհում է Լիլիթիկի էգոիստ եղբայրը, ով լավ գիտի փոքր քրոջ փորացավը`դասի չգնալու վեհագույն ցանկությունը:
Ականջի ծայրին է հասնում հավաքարարի տարուբերվող ցախավելի հեռվից եկող ձայնը: Աղբահավաք մեքենան նույնպես ժամանում է`իր բուրավետ առաքինությունը կատարելու: Րոպեներ անց բարձրահարկ շենքով տարածվում է բնակիչների մեկ շաբաթվա կերուխումի հետևանքային շունչը:
Այդ շունչը մի պահ մոռացնել է տալիս փորացավը, վետերան լինելը և նոր ծխախոտ կպցնելու միտումը: Բոլորի դեմքերըը ծամածռված են, ինչպես բերանի խոռոչում 3 ժամանոց տառապանք տեսած ծամոնի դեմքը:

Գիշերվա խոր քնից արթնանում է կրպակի դռան ժանգոտած կողպեքը: Այնուհետև` հատիկով ծամոնները, ծխախոտները և կրպակում առկա մնացած բնակչությունը` կրակայրիչները, սխալ վայրում ապրող օճառներն ու զուգարանաթղթերը, ժամկետանց զզվահամ ծծովի կոնֆետները, իբրև թե աղի ձողիկները, թուրքական արտադրության ֆլինտիֆլյուշկաները և այլոք:
Կրպակի դռան բացվելուն պես արթնանում է նաև Շարիկը, ում անծանոթները Տուզիկ են ասում: Շարիկը գրեթե չի հաչում, ավելի ճիշտ` ծպտուն չի հանում: Այս արարածը արթնանում է միայն ուտելիք խնդրելու համար և անում է դա անձայն` հայացքով: Այս մեթոդը սովորել է բակի լավ կատուներից:
Ահա և այդ խորամանկ, հաստափոր, լկստված փիսոներից մեկը: Մուռզիկին բոլորը գիտեն. հարգված կատու է: Նստում է ավտոմեքենաների վրա առանց նույնիսկ իրեն անհարմար զգալու: Տիպիկ ամերիկյան անչափահասի դաստիարակություն և աշխարհայացք ունի: Մարմնին էլ նայես` կմտածես Mc Donald’s -ներից դուրս չի գալիս: Այսօր մի տեսակ քնկոտ ու ալարկոտ տեսք ունի. երեկվանից` կերածը լավ չի մարսել…

Արևը դուրս է գալիս: Փողոցների եղած-չեղած խոտն ու ծաղիկը ոգևորվում են: Անցումների կիսաջնջված զեբրերը մտնում են իրենց առօրյա հունի մեջ:
Շարքով` զույգեր կազմած, փողոց են անցնում առաջին դասարանցիները: Առջևից, կողքերից և հետևից ուղեկցում են մի խումբ զույգեր կազմած ծնողներ և ուսուցչուհիներ` հորդորելով, որ երեխաներն ավելի բարձր և միաձայն երգեն հիմնը: Հնչում է մեղեդի հիշեցնող աղմուկ: Ահա և փորացավով Լիլիթիկը:

Տուն են վերադառնում գիշերային բիզնես վարողները` օդակայանում տուրիստ բռնող տաքսիստները և մարմնավաճառուհիները:
Հոգնածությունից հազիվ ոտքերը քարշ տալով` քայլում է Լիզան` աչքերի տակ սև պարկերով, պոչիկ կապած կիսագզգզված ու գունաթափված , 4 գույնանի մազերով, առաջին հայացքից` գրեթե հագնված: Ինչպես ինքն է պնդում` DJ է աշխատում:

Գիշերը` ժամը 3-ին մոտ, մահացել է Բաբկենի լավագույն ընկերը` նարդու մրցակից 74 ամյա Վարուժան պապին: Շքամուտքի մոտ տղամարդկային զուսպ եռուզեռ է: Թերթ է փռվում, իշոտնուկներ են տարվում, և հնչում են տիպիկ հարցեր`բա ինչի՞ց եղավ, քանի՞ տարեկան էր: Տանը վշտում են հանգուցյալի երեխաները, իսկ մի քանի հարևանուհիներ զբաղված են թաշկինակ թրջելով: Ակամայից հիշում են Բաբկենին, ում բոլորը չափազանց ծեր ու երկարակյաց էին համարում:

Անուշիկի` Լիլիթիկի մեծ քրոջ ծննդյան օրն է. դասերից հետո ընկերուհիների հետ գալիս է տուն` ծնունդ նշելու: Արարողությունն իր մեջ ներառելու է նվերներ ստանալն ու ցուցադրելը, շնորհակալությունները, պիցաները, կոլաները, տորթը, և մի քանի կաշկանդված շարժում` որպես պարի և ուրախության նշան: Բայց այսօր աղջիկներին շարունակ զգուշացվում է, որ ամոթ է, կամաց խոսեն, չաղմկեն. Ռոզայենց տանը սուգ է:

Մուռզիկը, իր շան հոտառությամբ, լավ տկվելու կանխազգացում ունի:
DJ Լիզան, ով երկրորդ հարկում բնակարան է վարձում, իր համեստ խոհարարական տաղանդն է ցուցադրում: Մենակ է ապրում: Այդ շենքում նրա միակ ընկերուհին վարսահարդար, մատնահարդար, մի խոսքով` ունիվերսալ Աննան է` Գուգոյի փոքր քույրը: Չնայած, որ Գուգոն, իր ունեցած-չունեցած ուղեղով, 2 ոտքով, 2 ձեռքով և մարմնի մնացած բոլոր մասերով դեմ է նրանց ընկերությանը, Աննան և Լիզան լավ ընկերուհիներ են: Նրանց միջև առկա է ոչ միայն բամբասելու տենչ, այլև բիզնես: Լիզան բերում է իր նման գզգզվածներին Աննայի մոտ դզմզվելու, իսկ Աննան, քանի որ աշխատում է սաունային կից գործող վարսավիրանոցում, բաժանում է DJ Լիզայի այցեքարտերը:
Ահա Լիզայի դիջեյական ծառայություններից օգտվող հաստավիզ, հաստափոր, հաստապաշտոն մեկը: Դուրս է գալիս իր անթիվ- անհամար թանկարժեք մեքենաներից մեկից, մի հայացք գցում ավտոմեքենայի վրա, ասես բարուրի երեխա է տեսել, մեկ այլ խորաթափանց հայացքով պտույտ կատարում շուրջը, հետո դանդաղ քայլերով մոտենում է շքամուտքին: Գլխի շարժումով նշան է տալիս մի քանի այլ համեմատաբար բարակ վզավորներին, որ գնան` մեքենայից սուպերմարկետը դատարկեն:
Նրա որդին` Լիլիթիկի դասարանցի Լևոնիկը, ապագա հաստավիզ է: Նրան տեսնելուն պես, խեղճ Շարիկի ախորժակը չքվում է. չքվում է նաև Շարիկը:

Արևը այրում է: Ասես հենա-հենա` վառված խորովածի հոտ կգա վրայիցդ: Բացի օդափոխիչներից, բոլորը շոգից սսկվել են: Մուռզիկը, հովում հազիվ նշմարվող խղճուկ ծառի ստվերի տակ, վայելում է խաշլամայի կտորները: Եթե այս հաստատուտուզը մեծահոգի գտնվի, ոսկորոտ Շարիկին էլ ոսկորներ կհասնեն: Ասֆալտի վրա թավալվող պոլիէթիլենային տոպրակը ուր-որ է կհալչի: Այնքան ծարավ է այդ անխնա աղի ադի-բուդի-ից հետո… Մխիթարական է միայն քամի հիշեցնող օդի շարժը:
Գիշերվա ընթացքում դալանի պատերին նոր գրություններ են հայտնվել: Պատերի տակ մի քանի օգտագործված ներարկիչ է ընկած, մեկ սատկած առնետ, որի հոտը օրվա այս թեժ ժամին տալիս անցնում է կերուխումի հետևանքային շնչին, մոտ տաս-տասներկու այսպես կոչված բիչոկ:
Ահա պատի և ասֆալտի արանքից աճած խղճուկ խոտը` բակի օազիսը, որը տարիներ շարունակ պայքարում է հանուն գոյության, և մեռած դալանին ինչ-որ տարօրինակ կենդանություն է հաղորդում:

Փողոցում մի տուրիստանման ծերուկ, մանկան հավեսով, ականջակալներ հագած` ռոլիկ է քշում: Մյուս մայթի երկայնքով շարվել են փողոցային բիզնես վարողները: Մինչև ուշ երեկո այս պատկերը չի խախտվում, միայն փոխարինողներ են հայտնվում. փոքրիկ նկարիչը փոխարինվում է իր նմանակներից մեկով, փոխվում են մուրացկան մայրերի գրկի երեխաները, «հաշմանդամի» աջ անդամատած ոտքը փոխվում է ձախով:
Այգիները դատարկ են:

Հովն ընկնում է:
Դեպի բակ տանող ճանապարհին նշմարվում են մարդկանց խմբեր. զույգեր կազմած` զույգ ծաղիկներով առաջանում են Վարուժանին ճանաչողներն ու անծանոթները, հարգողներն ու թքած ունեցողները, հարազատների կոլեկտիվներն ու պարզապես հետաքրքրասեր մարդիկ:

Կուտակված ամպերը անկասկած հուշում են սելավի մասին: Ահա հատուկենտ հաճելի րոպեները:
Մեկ- երկու կաթիլ, և վուալյա , արագ-արագ փակվում են պատուհանները, վախեցած մրջյուններն ու մարդիկ թաքնվում են, ասֆալտը աստիճանաբար գունափոխվում է և դառնում հայ տղամարդկանց այդքան սիրած գույնը` «մոկռի ասֆալտ»:
Մի քանի ռոմանտիկ վարորդներ սլանում են ջրալի փողոցներով`դանդաղ երաժշտությունը ականջներում, թախիծը սրտերում:
Քիչ անց անձրևը դադարում է: Երջանկացած ծառերը կաթկթում են, դանդաղում է ավտոմեքենաների` թույլատրելի սահմաններն անցած արագությունը, փակվում են քամուց կիսաջարդված անձրևանոցները, բացվում են պատուհանները` մաքուր օդին ողջունելու, շներն իրենց տերերի հետ դուրս են գալիս իրենց կարիքները հոգալու, իսկ կատուները նույնիսկ չեն էլ երևում:
Դուրս են գալիս նաև գետնանցումներում թաքնվածները: Մնում են միայն թղթի բիզնես անողները`գրավաճառները:
Թեև դեռ այնքան էլ մութ չէ, շփոթված լուսամփոփները վառվում են` ի վկայություն ազատ, անկախ, բարգավաճող պետության: Բաց պատուհաններից լսվում են միևնույն սերիալի տաղտկալի ձայները, իսկ եթե ահռելի ականջներ ունենայի, կասեի, որ լսվում են նաև արևածաղկի չրթոցները, երեխաների նվնվոցները, ծերերի բողոքները, ամուսինների «ի՞ նչ կա ուտելու»-ները, կանանց «կոֆեն թափեց»-ները և ուֆֆֆֆերը` գովազդի սկսվելուն պես:

Այսօր բակում չի հնչում նարդու աղմուկը:
Անուշիկը մինչև հիմա դեռ նվերներն է ուսումնասիրում` դժգոհ ժպիտը դեմքին:
Լիլիթիկը նոր փորացավ է գտել, ջերմաչափը մտցրել է տաք ջրի մեջ:
Ռոզայենք նայում են անջատած հեռուստացույցին, միայն թե հեռու լինեն կողքի սենյակից:
Գուգոն կռվում է Աննայի հետ:
Լիզան նախապատրաստվում է իր աշխատանքին:
Հաստավզերը տանը չեն. ռեստորանում պատվիրած հերթական կլկլոցն են վայելում:
Բաբկենը խմում է այս օրվա իր վերջին թանը:
Վարուժանը խաղաղ է:
Շարիկն իր թաղած ոսկորներն է հսկում:
Մուռզիկն էլ` Շարիկին:

Մութ է: Շենքի վրա նշմարվում են կախվածները` Գուգոն, բակի ուրիշ լավ տղաները, Ռոզայի երեկվանից մնացած լվացքը, նարդու սիրահարները, դեպրեսիվ հարևանուհիները… Բաբկենը երկար չի մնում, գնում է ներս` կորցրած քունը գտնվել է:

24:00: Բակի նստարանին նստում են 2 կարմիր բերետավորներ: Բացում են թանի պլաստմասե բաժակները, տոպրակից հանում մի քանի սառած լահմաջո ու լուռ ծամում:

Հերթական անքուն գիշերը եկավ:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն