Ծնվել է 1987 թ.: Վրաստանի լավագույն երիտասարդ արձակագիրներից է, ավարտել է Թբիլիսիի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իր վեպերի ու պատմվածքների համար բազմիցս արժանացել է հեղինակավոր մրցանակաների («Ալավերդի» գրական մրցույթ (2010, 2011), Երիտասարդ գրողներին տրվող մրցանակ, Դավիթ Աղամաշենեբելիի անվան ազգային մրցանակ և այլն): Իրակլին Վրաստանի գրողների միության անդամ է: «Մերանի» հրատարակչությունը շուտով լույս կընծայի նրա «Կորսված մանկության սերունդը» նովելների ժողովածուն: Հայերեն թարգմանված «Կայենն ու ավետարանը» պատմվածքն արժանացել է Նիկոլոզ Բարաթաշվիլիի անվան մրցանակի:

Թարգմանությունը ռուսերենից` ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ

«Հավատով էր, որ Աբելը Աստծուն ավելի լավ զոհ մատուցեց, քան Կայենը, որով էլ վկայություն ստացավ, որ արդար է, քանի որ նրա մատուցած զոհերի համար տրվեց նրան վկայություն Աստծուց: Նա, թեպետև հավատով մեռավ, սակայն խոսում է դեռ»:
Եբրայեցիներին 11, 4

«Նա ամեն ինչ լավ է արել իր ժամանակի համար, մինչև իսկ հավիտենությունը ճանաչելու իղձ տվեց նրանց սրտերին, բայցևայնպես մարդս չի կարող հասկանալ Աստծու արած գործը՝ սկզբից մինչև վերջ»1:
Եվ Ադամը կարծես թե վայելեց իր կնոջը՝ Եվային, և հղիացավ Եվան ու ծնեց Կայենին՝ հողագործ, ասաց. «Ես Տիրոջից մարդ վաստակեցի»:
Ժամանակ անցավ, «և չարին հակված մարդկային գիտակցությունը» երկրի պտուղներից Տիրոջն ընծա մատուցեց: Չարչարանքով և ունայնությամբ ներծծված բերք ու բարիքի վրա Արարիչն ուշադրություն դարձրեց, ինչի համար Կայենը դառնացավ: Նա վշտացավ, որ անհամեմատ ավելի թույլ ու փոքր էր իրեն Արարողից. դրախտի այգու խորքում նա գտավ արգելված պտուղը և իր երեսի քրտինքով կերավ դա, մինչև կատարելապես հագեցավ: Իր հագուստից թափ տվեց հող ու փոշին, ինչից ինքն արարված էր2: Նա նախասկզբնական գայթակղության3 ու սիրո խառնուրդ էր, դրա համար էլ ցանկանում էր ամեն ինչում առաջինը լինել:
Ցավը դաղեց մորս հենց Աստվածաշունչ ընթերցելիս: Կեսգիշերին ինձ արթնացրեց «խորթ եղբորս» ճիչը: Արգանդում լինելու վերջին երեք ժամերը և լույս աշխարհ գալուս ընթացքը ձգվեցին:
Անցնող ժամանակը և տառապանքը, բժշկի մատների միջև գալարվելով, փութաջան կերպով կատարում էին էտյուդ4 կլավեսինի5 համար…
Շքեղ, ծիրանագույնով և որդան կարմիրով ներկված բրդյա գործվածքից կարվել էին զգեստներ, որոնք գցված էին հորս ձեռքերի վրա, ով ցավից տառապող կնոջը վազքով հիվանդանոց տարավ:
«…Աստված պիտի դատի նրանց, որպեսզի ցույց տա, թե իրենք էլ անասուններ են6», — ճչաց ծննդկանը, ում ուժասպառ արգանդում իրար ցնցում էին նրա երեխաները:
Բժիշկը հաճությամբ զննեց հյուծված կնոջ աչքերը և ընթացքի արագացման համար ծննդաբերելու դեղորայք առաջարկեց (Անալգեզիա)7:
Այդպես արհեստական է. ինն անց կես ծնվեց եղբայրս, ում կնքեցին եկեղեցական անվամբ՝ Ղազարոս8:
«Նա ամբողջովին կարմիր էր և կարծես բրդյա շորերով էր: Նրա մարմնի մսեղ մասերն անշարժ, ամուր կապված էին: Սիրտը պինդ էր, ինչպես քար, և կարծր, ինչպես ստորերկյա երկնաքար: Երկաթը ծղոտի տեղ էր ընդունում, մեղրը՝ փտած ծառի9»: Միասին ապրելու կարճատև ընթացքում ես հաջողեցրի նրա մոտ որսալ այդ հատկությունները: Միակ բանը, որ ինձ դուր եկավ նրա մեջ, ոչխարի բրդի գույն ունեցող այտոսկրերը և բավականին նուրբ հայացքն էին: Աստված վկա, քիչ էր մնում սիրահարվեի նրան…
Դրսից ինձ հասավ հուսահատության մինորային ճիչը: Նրան «թագադրեցին պատվով-հարգանքով», իսկ ինձ՝ վախեցածիս համար ծնունդն ավելի դժվարին դարձրին: Գինեկոլոգի խռպոտ ձայնը ծածուկ հասավ ինձ, և նա շշնջաց ականջիս. «և երկրորդն է գալիս»: Նզովված կանխատեսումից խոցված՝ զգացի, թե ինչպես տառապանքը խոսեց մորս ոտքերի արանքում, և սուր գործիքի հպումից դեմքս արյունոտվեց (մինչ օրս դեմքիս սպի է մնացել):
«Վախը համակեց ինձ, և իմ ամեն ոսկոր սարսռաց»: Այդպես ծնվեցի. չարիք հերկելով, սուտ սերմանելով: «Ես էլ ծնվելով՝ շնչեցի նույն ընդհանուր օդը, և համանման վշտերի նույն երկիրն ընկա: Առաջինը բարբարոս, բոլորի նման նույն լացը եղավ, և ես էլ սնվեցի խանձարուրի և հոգսերի մեջ10», այնպես, ինչպես և հագուստի մեջ՝ իրար ամրացված ներկված բրդյա գործվածքից դրվեց իմ ավագ եղբորը:
Նախապես մտածված անունն էլ այդպես հասավ նրան: Ծնվելու երկրորդ օրը, հարևանուհու ողջամտության շնորհիվ, ինձ համար էլ անուն գտան: (Պարզվեց, որ ինձ դեռ չէին անվանակոչել):
Հենց այդ օրվանից՝ պայքար սկսվեց առաջնեկության համար: Մրցույթ՝ կրծքով կերակրվելու, գնդակով խաղալու, առաջադրանքներ կատարելու:
«Իր բույնն ու իր ձագերին թևի տակ առնող արծվի նման գթաց, տարածեց իր թևերն ու ընդունեց նրան, բարձրացրեց ու իր մեջքին դրեց նրան… Միայն Տերն էր տանում նրանց11…», իսկ ես…
Գիշերը մենք գրապահարանից գրքեր էինք վերցնում: Ղազարոսի խնդրանքով՝ հայրս Ավետարան էր ընթերցում: Արցունքն աչքերիս՝ անգրաճանաչ լինելով, խնդրեցի, որ ինձ համար Աստվածաշունչ կարդա: (Այդպես հետաքրքրությունների բախումը վերջում օտարացրեց մեզ սկզբնաղբյուրից). հորս խիստ հայացքից քարացած՝ ես դադարեցի համառել ու առերևույթ, չխորանալով, դիտում էի Աստվածաշնչի էջերը: (Ինչպես կարող էի իմանալ, որ «հիմարին սպանում է ցասումը և անմտորեն կործանում է դյուրագրգռությունը12»):
Պահպանելով հերթականությունը՝ ես գրեթե համոզվել էի, որ նա առաջնեկն է եղել, իսկ ես՝ երկվորյակներից մեկը… Ցավոք այն, ինչ ես պակաս ստացա, բախտը նրա համար էր պատրաստել: (Իմ գոյությունը մոռացել էին):
Քնելուց առաջ ննջասենյակից ես ոտաբոբիկ, կամացուկ անցա խոհանոց, որտեղ ինձ համար ուտելիք դրեցի դեռևս անլվա մի ափսեի մեջ ու այդպես թաքուն կերա, մինչև լիարժեքորեն հագեցա:
Լուսաբացին հայրս դուրս եկավ ոչխարներին արոտ հանելու և իր հետ վերցրեց Ղազարոսին:
Կեսօրին մեզ համար մի սափոր ջուր բեր, իսկ հողն էլ ջանադրությամբ կմշակես, — պատվիրեցին ինձ և դարպասների մոտ դրեցին գութանը, որպեսզի չմոռանամ գործիս մասին: «Ուղիղ են այն երիտասարդի ճամփաները, որ մաքրությամբ է ընթանում13», — ասաց նա իր ստախոս լեզվով:
Երբ մենակ էի, դիտում էի նրանց աշխատանքի պահին և մտածում. «Երկու հոգով ավելի լավ է, քան մենակ, որովհետև ավելի վարձ կա նրանց վաստակի համար14…»:
«Նրանց տալիս էր կովերի կարագ ու մաքիների կաթ, նրանք խմում էին խաղողի արյուն գինի15»: Մոռացա, որ գինին անառակության է մղում, հարբեցողությունը՝ թշնամության, և ով անձնատուր է լինում դրանց՝ խելացի չէ16»: Ու լսելի էր ինձ. «Գիրացավ, հաստացավ ու լքեց Տեր Աստծուն՝ իր Արարչին, ապստամբեց Աստծու՝ իր Փրկչի դեմ17»: Լա՛վ ես հիշում, չէ՞, թե Ես ինչ ասացի քեզ. «Եթե ըստ իմ հրամանի ընթանաք, իմ պատվիրանները պահպանեք ու կատարեք դրանք, ապա անձրև կուղարկեմ ձեզ իր ժամանակին18»: Եթե չմոռանաս. «Հորը փորողն ինքը կընկնի հորի մեջ, ցանկապատ քանդողին կխայթի օձը19»:
Ու այդ օրվանից մենք անձրև չտեսանք: Պապակ հողում չորացան խոտերը, և լսեցի Ղազարոսի մեղադրանքը. «Քո պատճառով ոչխարները սովից կոտորվում են»… Մի՞թե նախախնամությանը «կհավատաս, որ սերմանվելիքները հատուցվելու է ու հավաքվելու քո կալում20»:
Նրանք գութանով փորեցին իմ մշակած հողը և այնտեղ թաղեցին սատկած անասուններին: Եվ բազմացան ցավերը, ու ես աղոթեցի. «Արդ, ի՞նչ օգուտ կա մարդուն իր աշխատանքից, որի համար նա ջանք է թափում21» կամ «նրանք իրենց համառությունից և չար գործերից դարձի կգան22» և «ես երանի տվի բոլոր նրանց, որ արդեն մահացել են, քան կենդանի մարդկանց, որ ապրում են մինչև այժմ23», որովհետև «ամեն վաստակի և հաջողության համար մարդուս նախանձում է իր մերձավորը24»: Եվ ես նախանձում էի իմ երկվորյակին:
«Դրա համար քուրձ հագեք, կոծեցե՛ք ու ճիչ բարձրացրեք, քանզի Տիրոջ ցասումն ու բարկությունը հետ չդարձավ մեզնից25»: Այս բառերից հետո շրթունքերիս վրա ժպիտ խաղաց և բարկացրեց իմ տրտմած հորն ու եղբորը: Ու Ղազարոսն ասաց.
Վա՛յ էն մարդուն, ով «երկաթը հարդ է համարում, … և ծիծաղում է իր դիմաց ճոճվող կրակի վրա26…»:
Աստված վկա, նա շատ նաիվ հայացք ուներ: Օ՜, ինչպե՜ս եմ հիշում արգանդում նրա լռությունը, երբ նա սեղմված նստել էր, հուզված և անձամբ չընդունեց իր մենակությունը:
«Արքայի լիազորության սահմանն անցնում ես ու վարվում բռնապետից ավելի վատ», — իր շուրթերից վերջապես անկեղծորեն դուրս թռան: Առաջին ինն ամսիներին միասին էինք քնում: Ինձ թվում էր՝ «նրա ռունգերից, ինչպես հնոցի կրակից, ծուխ է ելնում27»: Հետո նա ցանկացավ եղբորից խլել իր գլխարկը, դառնալ սիրո և կարեկցանքի հաղորդակից:
Վերջին ժամանակներում ինձ սկսեց հետապնդել Ղազարոսին սպանելու միտքը: Ճիշտ այնպես, ինչպես բիբլիական Կայենը Աբելին: Փորձեցի խաբխբելով Ղազարոսին տանել անտառ և խեղդել նրան:
«Մեղքը դռների մոտ է, նա հրապուրում է քեզ28»:
Նստեցինք չոր հողին: Ղազարոսը ձեռքով շարժվեց հողի վրա՝ բարձրանալով ոտնաթաթերին, ասես վախենում էր իր ծանրությամբ ջարդել Երկրի մեջքը, ապա անսպասելիորեն փաթաթվեց ինձ ու տխրաձայն ասաց.
— Մենք արդեն մահացել ենք:
— Ինչի՞ համար, — զարմանքով հարցրի ես:
— Աստծո հանդեպ նախանձի, ծուլության ու պարսավանքի համար: Այն բանի համար, որ մենք ինքներս չգիտենք՝ ինչ ենք ուզում իրարից: Անկեղծության փոխարեն դավաճանություն ենք սովորելու և գժտվելու ենք միմյանց հետ: Մեռնում ենք ոչխարի ու անասունի պես: Ամեն սարի գագաթին կուռքեր ենք տեղադրել, այդ թվում և մեր հոգիներում: «Եվ ցավով եմ լեցուն ես իրիկուն-առավոտ29», այնպես, ինչպես հաճախ եմ հիշում, որ «հողից էինք ստեղծվել, հող էլ դարձանք»: Մի՞թե ոսկորից ու երակներից չենք ստեղծված, և մի՞թե կաթ չեն թափել մեզ համար: Այսպես, ուրեմն, ինչու՞ ենք այսքան թանձր դարձել: Դեպի նպատակ ձգտումը բաժանեց մեզ, որ կապված էինք շնչառական մեկ սարքով: Երջանկություն գտել ենք ոչ միայն հովվություն անելիս և հող մշակելիս, այլ նաև չարախոսության ու վեճերի մեջ… Ու ես հարց եմ տալիս քեզ. կարո՞ղ ես արդյոք միաժամանակ հերկել ու ոչխարներին արոտատեղի տանել: Սերմ ցանել ու բուրդ գզել: Շարժվել խաղատուտի պես և, ուշադիր դիտելով, գայլ գտնել: Մի՞թե վայրի էշին, որ դաշտում զռռում է, կամ չոր խոտի առաջ բառաչող եզին, տեր պետք չէ: Իրոք «մենակ մարդն ավելի խղճալի է, քան ուրիշի հետ գործ անողը»: Ամեն ինչի մեջ չես կարող առաջինը լինել, երբեմն պետք է երկրորդը լինես, երրորդը, տասներորդը… Թվերը ոչինչ չեն փոխում, քանի դեռ չեն սկսում իրենց հաշվել: «Եթե արջառը կամ ոչխարը որևէ արատ կամ թերություն ունենա, ապա դա մի՛ զոհիր քո Տեր Աստծու համար, որովհետև դա պիղծ է քո Տեր Աստծո առջև30»:
Նման արատ ես էլ ունեմ…
Այն ժամանակ, երբ ես ոչխարներին սարերի կողմն էի տանում, ինձ սկսեց հետևել վաղանցիկ կյանքի անձկության ահարկու միտքը: Եվ այն մասին, որ կանցնի ժամանակ, ու մենք կդադարենք միմյանց համար սփոփանք լինելուց: Եվ այն մասին, որ Պոնտացի Պիղատոսի նման կլվանք մեր ձեռքերն՝ ուրիշների դժբախտությանն ի տես, խաչ կհանենք մեկմեկու զգացմունքները, ու մեզ բավականություն կպատճառի փարիսեցիությունը Մարդու Որդու հանդիման:
Ես լուռ նստել էի ու սուր դանակս էի սրում քարի վրա: Թքով քիչ-քիչ թրջեցի զենքս… Այնուամենայնիվ, ավելի լավ էր նրան խեղդել, ու ալիբին ավելի հարմար կլիներ արդարացման համար:
Թեպետ գիտեի, երբ տուն վերադառնամ, հայրս ինձ անշուշտ կհարցնի՝ ու՞ր է քո եղբայրը31… ու կպատժի, որ պատասխանատվություն չեմ ցուցաբերել նրա կյանքի նկատմամբ…
Արդեն մթնում էր: Լույսը հագավ գիշերազգեստը, իսկ օրը քնկոտ տրորեց աչքերը: Լսելով բվեճների ճիչերն ու գիշերվա շրշյունը՝ չղջիկները սրընթաց բարձրացան: Հետո մենք անցանք կամուրջը, որը կարուսելի պես ճոճվում էր, Ղազարոսը նույնպես պտտվեց, ետ դարձավ՝ հետևելով քամու ոռնոցին: Հանկարծ ոտնատակը տատանվեց, ծնկները թուլացան և, հավասարակշռությունը կորցնելով, ընկավ ջրանդունդը: Ես չկարողացա լողալ, Աստված վկա, այլապես կնետվեի օգնելու նրան, թեպետ լսածս չէի մոռացել. «ընկածին օգնություն է հարկավոր, որպեսզի կանգնի. ոտքի կանգնելով՝ ինքը ճանապարհը կգտնի»:
Ջրի հոսանքը տարավ Ղազարոսին: Նա ձեռքերը թափահարեց, նշան տվեց և փորձեց լողարվեստին տիրապետել: Եվս մի րոպե, ու նա աչքից իսպառ անհետացավ…
Իմ աչքի առաջ խոյացավ նրա մահվան պատկերը: Ահա, նա անշունչ պառկած է, և զանգերը հնչում են՝ ողբալով նրա վրա… Գերեզմանն էլ է մեր երկուսից առաջինը հասնում նրան, ծնողներն առաջինը նրանից կիմանան «հանգուցյալի մասին հոգացողությունը», քարը դնելը, ընծա մատուցելը, և սկսեցի խղճալ նրան նույնիսկ այդ «մահվան հարգանքի» կապակցությամբ:
Եվ ես ուրախ գնում էի անտառի տրորված բացատով ու մտածեցի. «Արդյո՞ք Աստված մարդուն ստեղծել է իր նմանությամբ»: Ու իմ ետևից տղամարդկային ձայնի արձագանք հասավ. «Ես տեսա այն բոլոր գործերը, որ կատարվել են արեգակի ներքո, և ահա, ամեն ինչ ունայն է և հոգու տանջանք: …եվ ատեցի կյանքը32»:
Զգուշորեն կիսաբաց արեցի դուռը: (Որովհետև մենակ էի տուն վերադարձել):
Հնդկեղեգից հյուսված աթոռին նստել էր մայրս ու չուխա33 էր գործում: Սև գործվածքի վրա բոսորագույն թելով նա պատկերում էր իմ անվան սկզբնատառերը: Այո՛, իմ և ո՛չ Ղազարոսի… Չգիտես ինչու՝ զգացի, որ շնչառական օրգաններս կրկին միացվել են մորս մարմնին: Հենց այնպես, ինչպես նրա արգանդում… (Դա երջանկություն էր՝ առաջնեկության վերապրման արթնացում):
Ծնկեցի նրա առջև ու սկսեցի դառնորեն լալ և խնդրեցի նրան նույնանման չուխա էլ Ղազարոսի համար գործել:
Կյանքում սովորեցի և հասկացա. «Ես ինքս էլ մարդ եմ բոլորի նման և նախաստեղծ հողածնի ծնունդ: Ես ևս մարմին եմ առել մոր տասնամսյա ժամանակի մեջ՝ մածվելով արյամբ տղամարդու սերմից և համատեղ քնի ցանկալի հաճույքից34»:
«Ով որ ատի հանդիմանությունը, նա կլինի մեղավորների շավիղների մեջ, և ով որ երկյուղ է կրում Տիրոջից, սրտով նրան կդառնա35», — տանջում էր խիղճը, որը կարեկցանքի բառ դժվար էր գտնում մոր առաջ:
Ես համբուրեցի նրա զգեստի քղանցքը, և ձեռքս սահեցրի վարսերի վրայով, որոնց մեջ ճերմակ մազեր էին հայտնվել:
Նա տրտմությամբ դեպի ինձ շրջվեց ու ասաց.
Դու միշտ այդպես ես վարվում, երբ մեղավոր ես:
Թուքս կուլ տվեցի, խեղդվելու աստիճան հազացի, ապրումներից սկսեցի դողդողալ: Մայրս ամեն ինչ կռահեց: Որպեսզի ես անմխիթարություն չզգամ, ձևի համար նա փաթաթվեց ինձ: Ավետարանը բաց դրված էր, և ես բարձրաձայն կարդացի. «Տե՛ր: Եթե Դու այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի36»:
Տանը քահանայի ձայն լսվեց. «Քո եղբայրը հարություն կառնի37»: (Այդ խոսքերը շփոթեցրին ինձ, ես վհատվեցի ու բորբոքվեցի. «Օ՜, եթե Աստված բարեհաճեր կործանել ինձ38», ախր այսպիսի դժվարությամբ ձեռք բերած առաջնեկությունը պարզվեց այնքան կարճ, ժամանակավոր էր): Վշտացած տեսքով մեկուսի նստեցի՝ շողոքորթությամբ զինված, նենգ, խորամանկորեն գործադրված դիմախաղով և սկսեցի կանխատեսությունից հրաշքի սպասել…
Դռան թակոց լսվեց: Տարաբախտ կինը բազկաթոռից երերալով վեր կացավ ու դռան շեմին դիմավորեց ցրտից դողացող որդուն:
Մայրի՛կ, ես լողալ սովորեցի, — ասաց Ղազարոսը և կարեկցաբար ինձ նայեց: Դա հայացք էր կամրջի տակից, որ նման է ջրի հոսանքի բերած զոհի հայացքին: Գլխահակ կանգնած, ամաչելով՝ արտաբերեցի հայտնության պես.
Մեր երկուսից և հոսանքին ընդդեմ՝ նա առաջինը լողաց… «Արդյո՞ք նա նորից գերազանցեց ինձ»…
Ես ծնկի իջա եղբորս առջև, նորից գրկեցի նրա ոտքերը ու հիշեցի մեր ծնունդը:
«Գիտակցությունն ըմբոստացավ խորհրդավորը ճանաչելու համար, բայց այնպես, որ չկարողացավ հասկանալ Աստծո արածի ո՛չ սկիզբը, ո՛չ վերջը»:
Եվ հասկացա. առաջնեկության համար եղբորս հանդեպ ունեցած ատելությունը նենգություն էր:

——————————————

1. Ժողովող 3, 11:
2. Ակնարկվում է աստվածաշնչյան պատմությունը Ադամի արարման մասին:
3. Օձի միջոցով մարդու գայթակղությունը. «գայթակղությունը» սատանայի կողմից (հեղ.):
4. Երաժշտական վիրտոուզ պիես:
5. Երաժշտական հին գործիք: Դաշնամուրին նախորդող:
6. Ժողովող 3, 18:
7. (Հունարեն an ժխտական ածանցից, algos՝ ցավ):
8. Բիբլիական պերսոնաժ, ում Քրիստոսը մեռյալներից հարություն տվեց: (Պատմվածքում Ղազարոսը ևս խորհրդանշանակորեն հանդես է գալիս՝ որպես մահից փրկված հերոս):
9. Հոբ 41:
10. Իմաստնություն Սողոմոնի, գլուխ 7:
11. Երկրորդ օրինաց, 32:
12. Նույն տեղում:
13. Առակաց, գլ. 20:
14. Ժողովող 4,9:
15. Երկրորդ օրինաց:
16. Առակաց, գլ. 20:
14. Երկրորդ օրինաց:
18. Ղևտացվոց 26, 3:
19. Ժողովող 10, 8:
20. Հոբ 39, 12:
21. Ժողովող 3, 9:
22. Բարուք, գլ. 33:
23. Ժողովող 4, 2:
24. Նույն տեղում:
25. Երեմիա 4, 8:
26. Հոբ 41, 18:
27. Հոբ 41, 11:
28. Ծննդոց 4:
29. Հոբ 7, 4:
30. Երկրորդ օրինաց 17, 1:
31. Ծննդոց 4, 9:
32. Ժողովող 1, 14:
33. Վրացական ազգային տարազ տղամարդու համար:
34. Իմաստություն Սողոմոնի, գլ. 7, 1-3
35. Սիրաք 21, 7:
36. Ավետարան ըստ Հովհաննեսի 11, 21:
37. Նույն տեղում. 11, 23:
38. Հոբ, գլ. 6:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն