Գիշեր է: Սենյակս ընկղմված է խավարի մեջ: Անկողնուս մեջ պառկած գիրք եմ կարդում: Կարդում եմ պլանշետ կոչվող մի սարքով, որին հայերն արդեն «գրասալիկ» են ասում, քանզի եթե կարդայի սովորական (թղթե) գրքով և քունս վրա հասներ, չէի կարողանա տեղիցս վեր կենալ, անջատել լույսը ու այդ կերպ կունենայի հերթական մղձավանջային երազը, էլ չասեմ էլեկտրաէներգիայի ավելորդ ծախսի մասին՝ ներկայիս բարձր սակագնի պայմաններում: Գրասալիկով կարդալու պատճառներից է նաև այն, որ տվյալ գիրքը սովորական տարբերակով չունեի և շնորհակալ եմ բարի մարդկանց, որ բազմաթիվ գրքեր էլեկտրոնային տարբերակով հասանելի են դարձնում:
Վաղուց սովորություն եմ դարձրել քնելուց առաջ մոտ կես ժամ, երբեմն դույզն-ինչ ավելի, կարդալ որևէ գեղարվեստական ստեղծագործություն. գուցե ենթագիտակցաբար դա անում եմ հաղթահարելու համար անքնությունս, ինչի մասին անտեղյակ եմ:
Այս անգամ հերթը արգենտինահայ գրող Դիեգո Տատյանի պատմվածքների «Հետմիջօրե» ժողովածուինն էր: Արդեն պատրաստվում էի մտապահել էջը և քնել, երբ լսեցի մի անսովոր ձայն: Այն նման էր չխկոցի, բայց չխկոց չէր: Ձայնը լսվեց պատի և առաստաղի հանդիպման վայրից՝ գրեթե իմ անկողնու գլխավերևից: Գիշերվա այս ժամին լսել նման ձայն և այն էլ, երբ տանը մենակ ես, վախեցնող է: Վախենում եմ նայել վերև, թեև մթության մեջ դժվար թե որևէ բան երևա: Վախենում եմ քնել, մտածելով, որ դա կարող է լինել ինչ-որ կենդանի (օրինակ՝ սարսափ ֆիլմերի ահռելի սարդերից), ինչը կարող է ինձ վնասել: Մտածում եմ, որ պիտի գրեմ սրա մասին. կարդացել եմ, որ մտքերը պետք է անհապաղ գրի առնել, քանի որ կարճաժամկետ հիշողությունը այն պահում է մոտ երեք րոպե, որից հետո դրա մասին հնարավոր է ընդհանրապես չհիշել, ինչը շատ հավանական է, որ արդեն պատահած լինի ինձ հետ, նույնիսկ՝ մի քանի անգամ: Նման խորհուրդ տվողները իհարկե խոսել են մտքերը թղթին հանձնելու մասին, բայց իմ գրասալիկն ունի գրելու հնարավորություն, և ես փրկվում եմ այս ուշ և ցուրտ ժամին անկողնուց իջնելու, մի քանի մետր քայլելու և լույսը միացնելու խնդրից, չնայած այդ դեպքում գուցե ես տեսնեի արտասովոր ձայնի պատճառը: Այս պահին մտածում եմ իրերի անվան մասին և մի միտք է առկայծում գլխումս. ինչու՞ ենք մենք շարունակում ժամանակակից հեռախոսներին անվանել «հեռախոս», երբ վաղուց մարդիկ դրանցով ավելի շատ գրում են, քան խոսում: Գուցե պետք է դրանց կոչել «հեռագիր». այս կերպ այն կդադարի ասոցացվել մարդկանց մահվան դեպքում ցավակցական ուղերձ հղելու միջոցի հետ:
Սկսում եմ գրել. «Պարկած տեղս պլանշետով գիրք էի կարդում, երբ լսեցի մի անսովոր ձայն: Այն նման էր չխկոցի, բայց չխկոց չէր: Մի պահ թվաց, ասես վերեւի բնակարանում ինչ-որ բան ընկավ: Բայց ես ապրում եմ բազմահարկ շենքի վերջին հարկում: Գուցե կտուրում անտուն է տեղավորվել: Բայց կտուր տանող դուռը տարիներ առաջ զմռսել են քաղաքապետարանի աշխատակիցները՝ բնակիչների պահանջով. երեխաները բարձրանում էին տանիք եւ կարող էին ընկնել: Գուցե ինչ-որ կրծող է կարողացել հաղթահարել բետոնե խոչնդոտները: Տարբերակները շատ են: Մի պահ ուշադրություն եմ դարձնում, որ ձայնը լսվեց պատի և առաստաղի անկյունից՝ ճիշտ իմ գլխավերեւից: Գիշերվա 1-ն անց է: Մոտ կես ժամ գիրք էի կարդում եւ եթե չլիներ անսպասելի ձայնը, արդեն պատրաստվում էի մտապահել էջը եւ քնել: Վախենում եմ վերեւ նայել: Մտածում եմ, որ պիտի գրեմ սրա մասին: Լավ է, որ պլանշետս հայերեն գրելու հնարավորություն ունի, չնայած «եւ» տառը չկա ստեղնաշարում եւ ես ստիպված պիտի համադրեմ «ե» ու «ւ» նիշերը: Ի՞նչ կարող էր դա լինել: Իսկ եթե այն ինձ պարզապես թվացել է: Նորից եմ լսում ձայնը: Չէ՜, անհնար է, որ այն երկու անգամ թվար ինձ: Այս ժամին գրեթե բոլորը քնած են եւ քաղաքում լռություն է: Լռության մեջ պարզ լսվեց ձայնը: Ի՞նչ էի անում այդ ժամանակ: Կարդում էի: Ի՞նչ էի կարդում: Դիեգո Տատյանի պատմվածքներից: Ո՞ր մեկը: Երեւի «Սիեստան»: Ի՞նչ է դա նշանակում: Որքան հասկացա պատմվածքից՝ ցերեկային քնի կամ հանգստի ժամ. եթե ժամանակին իսպաներեն լավ պարապեի, այլ ոչ թե սիրողական, գուցե ավելի լավ ըմբռնեի լատինամերիկյան այդ հային: Իսկ եթե «Սիեստան» չէր, այլ «Հիշողության տեսությունը» կամ էլ «Միջակ արձակագրի անախրոնիկ վիճակը»: Բայց ես իրավունք չունեմ դրա մասին կիսվել. առաջին էջում գրված էր մեր օրերում քիչ պաշտպանված հեղինակային իրավունքի մասին: Իսկ եթե այնուամենայննննննն …»:

***
Առավոտյան ժամը 10-ն է: Արթնանում եմ զարթուցչի աշխույժ երգից: Գրասալիկն ընկած է կողքս: Էկրանն արգելափակված է, և բացելուց հետո ես տեսնում եմ տեքստ. «… պաշտպանված հեղինակային իրավունքի մասին: Իսկ եթե այնուամենայնննննննննննննննն …»: Մի պահ զարմանում եմ. այս ի՞նչ տեքստ է, մի՞թե ես եմ գրել և քունը հաղթել է ինձ՝ կիսատ թողնելով միտքս: Սկսում եմ կարդալ սկզբից. «Պարկած տեղս պլանշետով գիրք էի կարդում, երբ լսեցի մի անսովոր ձայն…»: Սկսում եմ հիշել: Բայց հիշում եմ նաև մեկ այլ բան. մոտ կես տարի առաջ կրկին սխալ էի գրել «պառկել» բառը: Իսկ եթե ընդհանրապես չգրեմ այդ բառը: «… Վախենում եմ վերեւ նայել: Մտածում եմ, որ պիտի գրեմ սրա մասին…»: Այժմ էլ եմ վախենում նայել վերև և ուրախ եմ, որ ժամեր առաջ ճիշտ եմ վարվել՝ գրելով սրա մասին:
Բայց ի՞նչը կարող էր լինել նման արտասովոր ձայնի պատճառը: Փորձում եմ հարցին մոտենալ ֆիզիկայի տեսանկյունից: Գուցե բետոնի միջի երկաթաձողերն էին օրվա ջերմային ընդարձակումից հետո սեղմվում: Իսկ եթե ձայնը ամենևին էլ իմ գլխավերևից չէր լսվել, այլ սենյակի մեկ այլ կողմի՞ց: Իսկ եթե …

***
Վեր եմ կենում և զբաղվում առօրյա հոգսերով: Երեկոյան ձեռքս եմ վերցնում գրասալիկս և հիշում գիշերվա կատարվածի վերաբերյալ հիշողությունները: Բացում եմ տեքստը, նորից ընթերցում և որոշում համակարգչի մեջ սկսել այս պատմվածքի շարադրանքը:

***
Կրկին կեսգիշերն անց է: Ես փորձում եմ ավարտին հասցնել այս պատմվածքը: Որպեսզի սխալ չգրեմ պատմվածքների վերնագրերը, բացում եմ էլեկտրոնային գիրքը և թերթում: Աչքս է գրավում «Սիեստայի» վերջին նախադասությունը. «Պահարանից աղմուկով դուրս թափվեցին բազմաթիվ խաղալիքներ»:
Նորից լսում եմ արտասովոր ձայնը՝ բայց այս անգամ ձախ կողմիս պատից: Ի տարբերություն նախորդ գիշերվա, սենյակս լուսավորված է, և ես էլ պառկած չեմ: Նայում եմ պատին. ոչինչ չկա: Գրի առնելու համար մեկ անգամ էլ եմ կարդում նախադասությունը: Կրկին լսում եմ ձայնը: Երեկ էլ էր կրկնվել. զուգադիպությու՞ն: Սկսում եմ կասկածել, որ այն կարող է կապված լինել այս նախադասության հետ և մի անգամ էլ եմ ընթերցում: Ի զարմանս ինձ ձայնը երրորդ անգամ չի լսվում: Այժմ կրկին կասկածում եմ լսողությանս և հերթական անգամ կարդում՝ այս անգամ բարձրաձայն: Ո՜չ մի ձայն: Մտածում եմ նախադասության իմաստի մասին. պահարանից աղմուկով դուրս թափվեցին բազմաթիվ խաղալիքներ: Խաղալիքներ շատ չեմ սիրել, բայց ունեցել եմ մի քանիսը: Սկսում եմ բացել պահարաններիս դռները: Դրանցից մեկում գտնում եմ մի հին փոքրիկ ռետինե արջուկ, որն առանց աղմուկի վայր է ընկնում ուղիղ ափիս մեջ: Դրա մասին վաղուց էի մոռացել. դա իմ առաջին խաղալիք արջուկն էր, որով խաղացել էի 4-5 տարեկանում: Հաճելի է ավելի քան 15 տարվա ընդմիջումից հետ գտնել երբեմնի սիրելի խաղալիքը:
Խորհրդավորությունը պարուրում է ինձ. ինչպե՞ս կարող էր հազարավոր կիլոմետրեր հեռու բնակվող մեկի պատմվածքի ընթերցումը ցույց տալ իմ արջուկի տեղը: Եվ ինչ ձայն էի լսել մի քանի անգամ: Ես կփորձեմ հասկանալ այս առեղծվածը:
Իսկ այժմ ես կվերջացնեմ պատմվածքը և կանջատեմ համակարգիչս: Բարի գիշեր, իմ ընթեցող, եթե դու այն կարդացիր օրվա նույն ժամերին, երբ այն ստեղծվել է:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն