Մենք մի փոքր շտապում ենք, իսկ ես դեռ չեմ շպարվել: Գիտեմ, որ չես սիրում իմ կարմիր շրթներկը, կարծում ես, որ չափից շատ է ուշադրություն գրավում, չես սիրում, երբ աչքերս ծածկում եմ ինչ-որ գույներով, ու քանի որ չես սիրում, շատ հաճախ չեմ էլ օգտագործում այդ գույները: Պարզապես հիմա շպարվելը խիստ անհրաժեշտ մի բան է դարձել. դիմակներից մեկն է, առանց որի հասարակության աչքին չպետք է երևալ: Ես մի հազար անգամ զգեստափոխվում եմ, որովհետև հագնում եմ շրջազգեստներ, որոնք տանել չեմ կարողանում, սակայն կանացի երևալու համար շրջազգեստ հագնելը կարծես թե պարտադիր պայման է: Դու ժպիտով նայում ես ինձ, մտածում ես, որ այն ինձ շատ է սազում, սակայն հոգու խորքում մի փոքր տխրել ես, որովհետև գիտես` ատում եմ շրջազգեստները: Ես վերցրեցի տեսքիս համապատասխան ինչ-որ պայուսակ ու ահա պատրաստ եմ քեզ հետ նույնիսկ աշխարհի ծայրը գնալ, միայն թե օգնիր հարմար կոշիկներ ընտրել:
Այսօր բավական վաղ ենք դուրս ենք եկել տնից, քայլում ենք քաղաքով: Առաջարկում ես նստել առաջին պատահած տաքսին ու գնալ Սևանա լիճ, վայելել ալիքների շունչն ու շարունակել մեր հյուրանոցային ավանդույթը: Արդեն տաքսիում ենք: Ճանապարհին անցկացրած ողջ ժամանակը նվիրում ենք երազելուն: Երբ կատակում ես ինձ հետ, և ես լիաթոք ծիծաղում եմ, վարորդը վրաս տարօրինակ հայացք է նետում: Նա հիսունհինգին մոտ տղամարդ է` կիսաճաղատ, գլխին մնացած մազերի փոքրիկ կույտը ալեխառն է, հաստ հոնքեր ունի, և երբ նա այդ հայացքով ինձ է նայում, նրա հաստ հոնքերը գրեթե դիպչում են միմյանց: Տարօրինակ անձնավորություն է: Զարմանում եմ` ինչպես է զսպում իրեն և չի ծիծաղում նույնպես: Նրա այս հայացքը շատ բարկացնող է: Ինձ հորդորում ես հանգստություն պահպանել, և ես մի փոքր էլ եմ զսպում զայրույթս: Հանկարծ նա ինձ հարցնում է`արդյո՞ք լավ եմ զգում, պատասխանում եմ. «Չե՞ք տեսնում, ինչ է, թե որքան լավ եմ», իսկ նա կրկին նույն հայացքն է նետում և լռում ողջ ճանապարհին:
Մենք հասանք ափ: Նախ որոշում ենք մի փոքր շրջել: Քայլում ենք ափի երկայնքով: Վերհիշում եմ կյանքիս ամենալավ պահերը: Պատմում եմ քեզ իմ ամենամութ գաղտնիքները, իսկ դու դրանք գիտես հենց ամենասկզբից, դու միշտ ներում ես ինձ իմ բոլոր հիմար սխալները, ինչն էլ ինձ ստիպում է ապրել ու հուսալ, որ ամեն բան դեռ առջևում է: Երբ զգում ես, որ տխրում եմ, կրկին սկսում ես կատակել, և ես ծիծաղում եմ լիաթոք:
Ճանապարհին մարդիկ քիչ են պատահում, իսկ պատահածները նայում են այն վարորդի նման: Ատում եմ այդ հայացքը. տպավորությունն այնպիսին է, որ մտածում են, թե խելագարվել եմ: Ինձ թվում է` նրանք մեզանից ինչ-որ մեկին լուրջ չեն ընդունում: Եթե դադարեմ ուշադրություն դարձնել մարդկանց, ապա օրս պարզապես հրաշալի է սկսվել: Ուզում եմ, որ այս օրն ընդմիշտ մնա իմ հիշողության մեջ:
Հեռվում նկատում ենք մեզ մոտեցող փոշու մեծ զանգված, տպավորությունն այնպիսին է, որ տորնադո է մոտենում: Լսվում է գառնուկների մայունը, հոտի հետևից քայլում է մի մորուքավոր ծերունի, հավանաբար հովիվն է: Նիհարավուն, փոքր-ինչ կարճահասակ մարդ է: Նա մոտենում է մեզ: Ես նրան խնդրում եմ, որ մեզ նկարի, իսկ նա ապշած ինձ է նայում:
— Ի՞նչ, չգիտե՞ս ինչպես նկարել: Ահա, նայի՛ր, այս կոճակն է: Միայն թե ասա` լա՞վ ենք դուրս գալիս, թե՞ ոչ:
— Գառները կկորչեն: Ես տերերի հավեսը չունեմ:
— Ընդամենը մի քանի վայրկյան է:
— Լավ,- հանձնվում է նա:
Ծերուկը շրջած վիճակում բռնել է հեռախոսը և դժվարությամբ փորձում է հարմարեցնել ձեռքին: Մենք հազիվ ենք զսպում մեր ծիծաղը: Ես մոտենում եմ, ուղղում հեռախոսը և կանգնում քեզ հետ մի մեծ քարի վրա, որտեղից երևում է համարյա ամբողջ լիճը:
Վերցնում եմ բջջայինը: Նայում նկարին. դու բավական լուրջ ես դուրս եկել: Երևի քեզ ինչ-որ բան դուր չեկավ: Եվ ես գիտեմ, թե ինչ:
Խնդրում եմ հովվին, որ մի անգամ էլ նկարի, սակայն ուշադիր լինի, որ դու ժպտաս:
— Դե, ժպտո՞ւմ է,- հարցնում եմ նրան:
— Այո, ժպտում է,- խեղճացած պատասխանում է նա:
Նկարը հրաշալի է ստացվել, ես այն կփակցնեմ մեր սենյակում, որպեսզի այս պահը միշտ աչքիս առաջ ունենամ: Հեռվում նկատում ենք մի հրաշալի խանութ` արտառոց ճոխությամբ: Վրան գրված են հետաքրքիր ու տարօրինակ մտքեր, իսկ վերևում, մեծ տառերով, «Սուպեր մարկետ»: Դա իրականում կապույտ և համեստ մի վագոն է, որին տվել են «մեծ» կեղծանունը: Մենք մտանք վագոն, աչքի ենք անցկացնում, թե ինչ կա-չկա: Դռան ձախ կողմում սառնարաններն են` լցված տարբեր տեսակի պաղպաղակներով, աջ մասում լիմոնադի արկղեր են: Վաճառողուհին անհասկանալի տարիքի կին է: Նրա մազերը խառնաշփոթ են, և չնայած դրսում եղած շոգին` հագել է տաք հագուստ: Կարճահասակ է, ունի շատ աշխույժ բնավորություն: Միանգամից ժպիտով ընդունում է մեզ: Հարցնում ենք, թե ինչ ունի ուտելու: Ցույց է տալիս մեկ այլ սառնարան, որտեղ տարբեր տեսակի քաղցրավենիք կա, իսկ սառնարանի վրա դրված է չիպսերի մի քանի տոպրակ: Հարցրինք, թե գինի ունի՞ արդյոք, և նա մեզ տարավ վագոնի ներսում գտնվող մի մութ անկյուն, որտեղ պահվում էին գինիները: Մենք վերցրինք երեք շիշ գինի, քաղցրավենիք ու որոշեցինք գնալ և տեղավորվել հյուրանոցներից մեկում: Առաջարկեցիր մի փոքր էլ քայլել, մինչև օրը մթնի, իսկ ես սիրում եմ համաձայնել քեզ հետ: Մենք շարունակում ենք քայլել ափի երկայնքով: Մեկ-մեկ, որքան էլ զարմանալի հնչի, ձանձրանում ենք իրարից ու փնտրում ենք անցորդների: Ջուրը դեռ այնքան էլ տաք չէ, որ լողորդներ լինեն: Դու կատակում ես, թե լիճը բոլորին քշել-տարել է, ու ես կրկին սկսում եմ ծիծաղել: Մեզ է մոտենում գեղեցկադեմ և շիկահեր մի աղջնակ` մոտավորապես վեց-յոթ տարեկան: Նա ինձ ասում է ` գիտե՞ս, մայրիկս ասաց, որ դու խելագար ես, իսկ ես թաքուն եկա քեզ մոտ, որովհետև նրան չհավատացի© այդպիսին չես, չէ՞: Դու ժպտում ես երեխային, ես կռանում, համբուրում եմ նրա ճակատը ու շշուկով ասում` ես այդպիսին չեմ, փոքրի՛կս, բայց նրան չասես, թող սա մեր գաղտնիքը մնա: Աղջնակը երջանիկ ժպտում ու վազում է վագոնի կողմը:
Օրը համարյա մթնում է: Դու բողոքում ես, որ այլևս չես ցանկանում տոպրակները ձեռքիդ` ման գալ, իսկ եթե մի բան քեզ դուր չի գալիս, նշանակում է պետք է դրան վերջ տալ:
Մենք արդեն հյուրանոցում ենք: Ասացիր քո սիրելի թվերը և խնդրեցիր նման ինչ-որ համար: Դու միշտ այդպես ես անում: Սենյակը, որտեղ լինում եմ առաջին անգամ, ինձ այնքան հարազատ է: Միշտ այդպես է եղել: Մենք հարմար տեղավորվում ենք սենյակում և բացում գինու շշերը:
Մի քիչ գինի լցրու ինձ: Երբ բաժակս դատարկվի, ուրեմն՝ էլի եմ ուզում: Բաժակս եթե դատարկվեց տասներորդ անգամ, ամեն դեպքում հարցրու` «էլի կուզե՞ս», ես անպայման կասեմ` այո, ու մենք կշարունակենք խմել, մենք կխմենք այնքան, մինչև իմ գլխապտույտը կրկնապատկվի, որովհետև քո կողքին լինելն առանց գինու էլ գլխապտույտ է: Հենց զգաս, որ մի լավ հարբել եմ, հարցու` «Սիրո՞ւմ ես ինձ», ես անպայման կպատասխանեմ` այո, որովհետև ալկոհոլը ստիպում է անկեղծանալ: Ինձ միշտ հորդորել են, որ չարժե այդ աստիճան սիրել քեզ, ամեն անգամ քեզ հետ այդքան երկար խոսել, չի կարելի երազել, որ քեզ հետ հաճախ մենակ մնամ: Դե, ես մարդկանց չեմ հասկանում, միշտ չեմ հասկացել: Ու դեռ նրանք են ինձ տարօրինակ անվանում: Մի անգամ ես նրանց ասացի, որ քեզ սիրելուց չեմ վախենում, նրանք պատասխանեցին, թե` տես, գլխիդ մի փորձանք չգա: Դու այդ աստիճան վտանգավոր չես, չէ՞:
Ինչ փորձանք ուզում է լինի, մեկ է` երկուսով ենք հաղթահարելու:
Գիտե՞ս` նրանք մտածում են, որ խելագարվել եմ:
Ես քեզ սիրում եմ, բայց դա պետք չէ, որ դու միշտ հիշես, վատ է լինելու` նախ քեզ համար, սակայն աշխատիր երբեք չմոռանալ, որովհետև քեզ լավ գիտեմ, հենց մոռացար, որ մեկը քեզ սիրում է, սկսում ես նրա հանդեպ անտարբեր դառնալ, իսկ ես չեմ կարող ապրել քո անտարբերության ներքո: Այդպես շատ շուտ կծերանամ, իսկ դու ասել ես, որ վախենում ես դրանից: Հիշո՞ւմ ես, մի անգամ ասացիր, թե ուզում ես մի գյուտ հորինել` անմահություն առանց ծերության: Ես հավատում եմ քեզ, գիտեմ, որ կարող ես, բայց դա մեզ պետք չէ, պարզապես միշտ ինձ ներիր, և մենք ծերությունն էլ կհաղթահարենք:
Գինին այնքան էլ չեմ սիրում, այն ինձ անջատում է քեզնից, ու քանի որ ես բաժակս դատարկել եմ արդեն չեմ հիշում որերորդ անգամ, զգում եմ` քեզնից գնալու ժամանակն է:
Այսօր քեզ կթողնեմ Սևանի հյուրանոցներից մեկում, իսկ դու վաղը կգաս իմ հետևից, և մենք մի այլ հյուրանոց կգնանք:
Գնալուց առաջ կրկին կխոստովանեմ, որ սիրում եմ քեզ, իսկ դու ի պատասխան կլցնես դատարկ բաժակս, որովհետև ես էլի գինի եմ ուզում, իսկ դու… որ մնամ:
Ես քեզանից հեռացա մի լավ հարբած, բայց ամեն բան արել էի, որ դա չնկատես: Իսկ շրջազգեստիս վրա գինու հետքեր կան, հիշեցնում են, որ անփութորեն խմել եմ քեզ հետ:
Արթնացա ուշ: Գինուց հետո քիչ բան էի հիշում, բայց ասում էի, որ սիրում եմ քեզ, սակայն հիմա չեմ կարողանում մտաբերել` դու ի պատասխան ի՛նչ ասացիր: Գուցե միայն լռել ես` նորից լցնելով բաժակս:
Ինչևէ: Վերադարձա տուն` ինձ հետ բերելով գիշերվա ու գինու հիշողությունը:
Սիրում եմ միայնակ խմել անծանոթ հյուրանոցներում ու ձևացնել, թե մենակ չեմ: Վերջինս հաճախ եմ անում, և հիմա այն մի տեսակ հիվանդության պես է դարձել: Առաջ չէի սիրում և չէի ուզում, որ այդպես լինի, ու երբ դադարեց այդ ամենը, թվաց, թե իրոք մենակ եմ: Մենակ եմ ամբոխի մեջ, մենակ եմ հարազատ քաղաքում, մենակ եմ սիրելիիս կողքին (եթե նա երբևէ գոյութուն է ունեցել) և միայն մեկ դեպքում մենակ չեմ, երբ… մենակ եմ: Հասկացա, որ այլևս չեմ կարողանում առանց ինձ: Եվ մի օր որոշեցի գնալ, գտնել ինձ, տանել ինչ-որ տեղ, խմել ինքս ինձ հետ, ներողություն խնդրել ու պահանջել, որ խոստանամ երբեք չլքել ինձ:
Այդ օրվանից սկսած` ես միշտ հանդիպում եմ ինձ, պատմում իմ մասին, փորձում լինել այն, ում երբեք չեմ ունեցել: Երեկ ես սիրեցյալ էի, երեք օր առաջ` մտերիմ ընկերուհի, մի որոշ ժամանակ անց` արժանի թշնամի կփորձեմ` ինձ չսպանելու պայմանով: Ու վերջում թշնամուս հետ հյուրանոցում կրկին գինի կխմեմ, որովհետև ես խմել եմ ուզում, իսկ նա` որ մնամ… Մարդիկ մտածում են, թե խելագարվել եմ: Նրանք ինձ այդպես էլ չեն հասկանա:
Գուցե դուք արդեն չե՞ք մեղադրի այդպես մտածող մարդկանց: Ես էլ ձեզ չեմ մեղադրում: Բայց մեզնից մեկը անպայման մեղավոր է…