***
երբ ծանոթ փողոցն ինձ հարազատ է,
ես հասկանում եմ` Դու ես…
երբ քամու շունչը հիշողության մեղեդի է,
ու հնչում է սրտիս հաճախացող ռիթմով,
ես հասկանում եմ`Դու ես…
երբ տերևները մայթերի
ինչ-որ բան են ինձ ակնարկում,
ես հասկանում եմ` Դու ես…
երբ արևը հանձնվում է`
զիջելով երկինքը խավարին,
երբ անձրևի կաթիլները
հասնում են արցունքի հետ իմ շուրթերին,
երբ չդիմանալով կարոտի ծանրությանը`
ես խոնարհվում եմ երկնքի առջև
ու հեկեկալով կրկնում մի անուն,
որ անեծք է և ընծա,
ես հասկանում` Դու ես…
***
պարզվեց խաղավարը ես եմ.
դուք խաղացողներն էիք…
դուք պայքարում էիք իրար դեմ,
պարզվեց` մրցանակը ես էի…
թե իմ կանոններով է խաղը,
դուք բոլորդ էլ պարտվողներ եք…
բայց խաղում այլ խաղավար կա,
ես էլ խաղացող եմ…
մնացել ենք երկուսով.
խաղավարը Սերն է..
***
Ինձ չես ճանաչում, սիրում ես ինձ,
Ինձ ճանաչում ես քո սիրով միայն…
Ես բաց եմ քո առաջ` քո ճանապարհի պես,
Ուր անկման սարսափի ոլորաններ կան…
Ինձ չես ճանաչում, սիրում ես ինձ,
Ու ծաղկահարթ են ոլորանները քո,
Ուր ամեն ծաղկի լուսաբացներից
Օդը բուրում է երջանկությունով…
Ինձ չես ճանաչում, սիրում ես ինձ,
Իմ սխալների մեջ ճշմարտությունն եմ քո,
Ու սիրո մեջ, որով սիրում ես ինձ,
Իմ բոլոր ներկաներից ժպտում ես դո՛ւ…
Ինձ չես ճանաչում, սիրում ես ինձ,
Ինձ ճանաչում ես քո սիրով, ու ես,
Եզրագծելով ոլորաններն ուղուդ,
Վերջնակետին լուռ սպասելու եմ քեզ…
***
դու իջնում ես ինձ վրա
իմ երազների գունատ լուսաբացներից
ու
մենք անապաստան
թափառում ենք
պատանի մտքերի տանիքներով
մինչ գիտությունը ծերանում է
զուգահեռներում,
իսկ մարդիկ լուրջ են,
ու մեզ մնում է միայն սիրահարվել կրկին
իրար
ու դրախտին,
որ շարունակվում է մեր հոգու
անապատներում…
և մայրամուտն է իջնում,
ու համբարձվում է երազների
լուսաբացը մեր
սպասումի մեջ հանապազօր…
***
ես հոգնել եմ բառերից
մինչ քաղաքի զուգահեռներում
մեր ոտնահետքերն են մաշվում
փողոցների վրա,
ու ստեղներին իջնում են բառեր`
աստղերի չափ գեղեցիկ
երկինքն օրենքներ է փոխում
մեր սիրո համար,
ու քաղաքի զուգահեռներում
ոտնահետքեր են հատվում` առանց բառերի…
***
ես ամեն պահ գտնում եմ քեզ
այն իրերի մեջ, որ չունեն էություն,
և էությունների մեջ, որ իրեղեն չեն…
ես հավաքում եմ քեզ
մաս-մաս
անցորդների հայացքներից,
բառերից, որ մնում են
հիշողությանս խորքերում,
քամիներից, որ լցվում են իմ մեջ,
երեկոներից, որ կարոտով են բուրում,
քարուքանդ փողոցներից
և այն գրքերից,
որ կարդում եմ քնելուց առաջ
քո ձայնով…
ասես ամեն գոյություն, որ սքանչելի է,
ստեղծված է քո բացակայությունը
սփոփելու համար…
այն լուսաբացները, որ քո ժպիտներն են,
և այն մայրամուտները, որ նման են քո
կիսաքուն աչքերին,
ինձ երջանիկ են դարձնում…
իմ կարոտը, որն ի սկզբանե
հյուսվեց սիրո և
գիտակցության նույն ճյուղից,
չտանջող համառությամբ շարունակում
է հիշեցնել ինձ մի երջանկության մասին,
որ վերածնում է զգացմունքն
ամեն պահի գիտակցության մեջ…
***
Մինչ ձայնալարերս
տարածություններ են ճեղքում
բառերս համրանում են
ու իմ երաժշտությունից քեզ հասնում են
առանձին նոտաներ,
ժամանակիցս`վայրկյաններ,
ինձանից` ոչինչ…
իսկ դու
չես հասկանում
ոչինչ…