Մեկնարկը տրվում է առաստաղից մահվան պարանի փոխարեն կախված փոշոտ լամպի աղոտ լույսով: Երկար որոնումներից հետո ուրվագծվում է սեղանի առջև նստած ականատեսի ստվերը: Նա առանց առարկելու լռում է, ինչ–որ անէ տագնապ հետապնդում է սկզբնավորված մտքերին՝ քնած ու չծագած, որոնք դեռ ճանապարհ ունեին անցնելու նախքան շուրթերի միջոցով իրականություն դառնալը: Իրականությունն ու ճշմարտությունը չէին գրավում ականատեսին: Նրան հետաքրքրում էին իսկության բարձրաձայնման իրարամերժ դրդապատճառները: Նա նախընտրում էր նետվել ժամանակի և տեղանքի իմացության ոլորանը, որ հանգեցնում էր իրականության խճապատկերի ամբողջացմանը:
Հեռու չէ հօգուտ արդարության վճիռ կայացնելու պահը, և, որպես նախազգուշացում՝ կատարվելիք իրադարձության ականատեսը զբաղեցնում է իր տեղը, ու մինչ «հյուրը» կգա, ծանոթանում թերթի լրահոսին: Լրագրողները քաջատեղյակ էին դեպքի սարսափազդու մանրամասներին, սակայն անպատեհ ժամանակ էին սրտաճմլիկ հոդված հրապարակել՝ հույսով ջրի երես հանել ճշմարտությունը: Հայացքը թերթից բարձրացնելով՝ ականատեսը թվարկում է ամփոփ խոհերը՝ կնոջ հույզերի անհավասարակշիռ բաշխում, կեսգիշեր, մթությամբ քողարկված ծփացող լճի հանցանք:
Վստահ քայլերով ներս է մտնում տղամարդը, նա նստում է սենյակի կետրոնում լքված շարժաթոռին, Տղամարդն ու ականատեսը միմյանց նայում են ոխերիմ հակառակորդների նման, սակայն ականատեսի հայացքում հանկարծակի բոցավառվում է կարեկցանքի կայծը: Տղամարդը բարձր-բարձր քրքջում է: Ականատեսը կրկնօրինակում է ծիծաղն առավել բարձր ձայնով և շարունակում կարդալ օրաթերթը՝ հորդ անձրև էր տեղում, մարդիկ հեռացել էին ափից դեպի փայտածածկ տնակները: Անձրևից լճի մակարդակը բարձրացել էր ու ծածկել երեխաների պատրաստած ավազե պատնեշները, ողողել մերձակա տարածքները: Եվ ահա այդ օրը հրեշավոր սպանություն է տեղի ունենում, խեղդվում է դեռատի մի կին: Հանցագործը հետապնդել և դարանակալել է զոհին՝ հարմար պահի կտրող գործիքով հարված հասցնելու: Նա ազատության մեջ է, ու յուրաքանչյուր կին վախենում է, որ հաջորդ զոհը հենց ինքն է լինելու: Մենք բոլորս գիտենք, որ կինը մահացել է, սակայն ես հարցնում եմ՝ ինչո՞ւ: Հավելել էր հոդվածագիրը:
«Ինչուն» ականատեսին նոր խորհրդածությունների տեղիք տվեց: Նա հազաց, վառեց սեղանին դրված մոմը, ասես լամպի լույսը չէր բավականացնում տեսնել տղամարդուն: Փորձեց կռահել տղմարդու ակնկալիքներն իրենից, զուր ջանքերից հետո խոսեց մտքում՝ երեկոյան ուժգին քամիներից տան ծածկը սկսում է ցնցվել, և կինս հաճախ պնդում է՝ տանիքը վերանորոգման կարիք ունի: Ես ամեն օր հետևում եմ տղամարդկանց և կանանց մուտքը լճափ: Կիսամերկ կանայք փայլում են մարմինների թարմությամբ, և ես բաց պատշգամբից վայելում եմ երիտասարդների ողջ գեղեցկությունը: Նա դեռատի կին էր, եթե ողջ լիներ, իր փարթամ կազմվածքով կհամալրեր նրանց շարքերը: Ես համոզված չեմ՝ նա նախկինում ապրել է: Գուցե ծնվել է մահացած, ամեն դեպքում նա ինձ հետ է ինչպես նախկինում: Ես վաղուց եմ ճանաչել կնոջը, զգում եմ նրա առօրյա ներկայությունը: Կինը չի մահացել, նրան սպանել են: «Ես հանդիպել եմ նրան տնտեսական խանութում, բարևեցի, հարցրի՝ ինչպե՞ս ես»: Պատասխանեց՝ «Շնորհակալ եմ, վերջին ժամանակներս սուր գլխացավեր ունեմ, թվում է՝ շուրջս ամեն ինչ պտտվում է ժամացույցի հակառակ ուղղությամբ, ուզում եմ գնալ լճափ՝ անդորր գտնելու»: Ես փնտրում էի անելանելի վիճակից դուրս գալու ելքը, ուզում էի լքել հանցանքի վայրը, քանի դեռ ոչ ոք չէր նկատել ինձ: Վազում էի, ոտքերս խրվում էին ավազի մեջ: Կանգ առա շնչառությունս կարգավորելու: Իմ առջև վեր էր խոյացել բարձր ատամնավոր աշտարակը: Վերևում կանգնած հսկիչը, աչքերը կկոցած, նայում էր հեռուն, եթե որևէ մեկը մոտենար, նա կխփեր կոչնակը ի լուր բոլորի: Ես գտա վկաներից ազատվելու ելքը: Վերցրի բահն ու սկսեցի փորել մինչև խոնավ ավազահատիկների հայտնվելը: Փուխր աշտարակը ճեղքվածքներ տվեց: Հսկիչն ընկավ փլվող աշտարակի ավազի շերտերի տակ: Նա չէր կարող գայատևել ստորոտում, որովհետև իր աշխատանքը բարձունքում գտնվելն էր ու հեռուն նայելը, թեև միշտ պնդում էր հակառակը: Հիմա ոստիկանը, նստած շարժաթոռին, բջջային հեռախոսով պատասխանում է վերադասի հարցերին, որովհետև նա է հսկում այս հարցաքննությունը: Ոստիկանի ծնկները ծանրացել են, դող է զգում: Սպանության բացահայտումը ձախողելու դեպքում կզրկվի աշխատանքից: Իր գործունեության ընթացքում հանդիպած հերթական սպանությունը խորհրդավոր շղարշով է պատված, և նա չի գիտակցում՝ ինչու է կենսագրական եզրեր փնտրում սպանվողի և իր միջև. նա կարեկցում է մահացած կնոջը: Օգնել գտնելու ճշմարիտ ուղին, քայլ առ քայլ կամ միանգամից բացահայտել հանցանքը՝ նման թունելի մեջ հրավառության փորձի:
Ականատեսն առաջարկում էր դադարեցնել ճշմարտության ափի զննությունը, քանի դեռ փորելուց չէր քրտնել վերջնականապես, հակառակ պարագայում ոստիկանը ձերբակալվելու էր, տղամարդու ազատությունը ականատեսին էր պատկանում: Վերջիվերջո սեղանին դրեց ոստիկանի ձեռնաշղթաները ու իբրև ավարտ՝ փչեց մոմը՝ թույլատրելով մահվան ուրվականին թևածել սենյակում:
Տղամարդը չարախնդում էր, թերթ կարդացող ականատեսին նայելիս ափերը զարկում էր միմյանց, ու ծափի ձայներից կիսադատարկ սենյակն արձագանքում էր: Գտել էր խճճված կծիկի եզրաթելը: Սեղմ ժամկետում սպանությունը կբացահայտվի, և գուցե տղամարդու պաշտոնը բարձրացնեն բարեխիղճ աշխատանքի համար, ինչպես մի անգամ ակնարկել էր վերադասը: Նոր փաստարկների բացահայտման հետաձգումը ենթադրում է սպանության կրկնություն: Քանի դեռ հանցանքը բացահայտված չէ, տղամարդը մեղավոր է, պարտքի զգացումը ծանրացել է հոգում: Նա նայում է փակ դռան ուղղությամբ և զարմանք ապրում՝ անտարբեր օրվա ընթացքում ոչ ոք չէր խախտում լռությունը: Տղամարդու հետաքրքրությունից վառվող աչքերում մթագնել էր հանցանքի հիշողությունը:
Ոչ՝ մտքում առարկեց տղամարդը: Ծեր ականատեսը չի գտել ելքը: Նա միայն ցանկանում է վերադառնալ տուն, իրեն սպասող կնոջ մոտ, ով, հավանաբար, անհանգստանում է երկար ժամանակ ամուսնուց տեղեկություն չունենալու պատճառով: Ես սպասում եմ վերադասի հրահանգին, թե ինչպես վարվել այսուհետ: Նա կպահանջի չորեքթաթ քայլել սենյակում՝ նման խաղալիք շնիկի, ում տերը հրամայել է ծածկել արարքների հետքերը: Նա թույլատրում է տեղավորվել ճամպրուկի մեջ, դուրս գալ կերակրվելու ժամին և տաք կեր ուտելուց հետո մորթին թափ տալ թանկարժեք գորգի վրա՝ ջրի շիթեր ցայտելով գորգի փափուկ խավին, սակայն զանգը ուշանում է, ինչպես միշտ…
Ուշ երեկոյան մենք քայլում էինք լճափով, այլևս տեղ չունեինք գնալու, վերադարձի բոլոր ճանապարհները փակվել էին: Լճափը միակ վայրն էր, որտեղ կարելի էր ազատություն տալ միմյանց պատճառած դառնություններին: Կինս ասաց, որ այս կերպ հնարավոր չէ շարունակել, հավաքելու է իրերը և անվերադարձ հեռանա: Ես բացատրություններ էի պահանջում: Ինչո՞ւ ամուսին-ոստիկանին փոխել վերադասի հետ: Ինչո՞ւ հենց նա: Վեճի թեժ պահին ես ձեռքս ընկած բահով հարվածեցի կնոջս: Հետո ցանկանալով ազատվել նրանից՝ մարմինը նետեցի լիճը: Արագ նայեցի շուրջս՝ ստուգելու՝ արդյոք ականատես կա՞, և հեռացա: Հիմա ամեն գիշեր նույն զգացողությունն ունեմ, եզակի ցատկով աշտարակից գահավիժել եմ ցած: Կարծում էի՝ հսկում եմ կնոջս յուրաքանչյուր քայլը, հաշվարկում վտանգի հնարավոր ուղղությունները: Կանգնած եմ աշտարակի վերևում ու նայում եմ հեռուն: Ձեռնաշղթաներն իմն են, հավանաբար մոռացել եմ դեպքի վայրում, սակայն հնարավոր չէ խլել ազատությունը՝ այն, ինչ ինձ չի պատկանում:
Բջջայինը զանգում է: Վերադասի հեռախոսահամարն է: Լսվում է հանդարտ խոր շնչառություն: Հանցագործը բացահայտված է, գնա տուն: Քեզ հայտնի ճանապարհով մտիր ննջասենյակ: Ատրճանակ կգտնես, գիտես՝ ինչ անել, մտքում ասում է վերադասը և անջատում հեռախոսը:
Լռությունից ահաբեկված ոստիկանը շշնջում է՝ ջո՜ւր, և թուլացած ընկնում հատակին: Ականատեսը բարձրացնում է ոստիկանին, շշով ջուրը մոտեցնում շուրթերին:
Ոստիկանը վաղուց տանը չէր գիշերել: Նա բացում է դուռը ու մտնում ննջասենյակ: Անկողնուն նստած է իր կինը, նայում է ամուսնուն, ու շուրթերին երևում է խոնավ ժպիտը: Կողքին դրված է ատրճանակը: Ոստիկանը անշարժանում է, որպեսզի արթնանա, ցնցում է գլուխը և չի էլ նկատում՝ ինչպես են քրտինքի կաթիլներն ընկնում փափուկ գորգին:
Մահվան զգացումի կրկնությամբ ոստիկանի գիտակցությունը կասկածամիտ ազդակ է հաղորդում՝ երախտապարտ լինել վերադասին կնոջը տղամարդուն վերադարձնելու համար:
Հուլիս 2021 թ.