Հոգեկան
Գլխիս մեջ գլխացավ էր,
Ոտքերիս մեջ՝ անուժություն,
Հոգիս մի տեղ անկլավ էր,
երազս՝ անհոգություն,
մատներիս մեջ ոսկոր չկար,
միայն ուժեղ ոսկրացավ,
աչքերս լույս չէին որսում,
ու գնալով սաստկացավ,
ոտքերիս մեջ՝ անուժություն,
անճանապարհ, անհոգնություն,
հոգիս մի տեղ անկլավ էր,
ու հեռու էր, ու անկար էր,
մատերիս մեջ ոսկոր չկար,
մաշկս՝ ծանր, ընկած, երկար,
մաշկս ստիպված ոսկրացավ,
ու գլխիս մեջ գլխացավ էր:
քեզ ո՞վ կանչեց, որ հյուր եկար:

***
մարմինս իմ տունն է.
ու ինչքան ես քերում եմ հին ներկը պատերից,
ես ինձ հետ տանում եմ հին ներկի հոտի մասին հիշողություն,
ու իմ տան տանիքը իր մեջ պահում է տարիների ձնհալ,
ու տարիների խորքից իմ մարմնում մի երեխա մրսում է,
ու ես վերցնում եմ իմ երեխային,
տանում եմ, ասում են, չորս հազար կիլոմետր հեռու,
քայլելով, ասում են, մենք գնում ենք մոտ յոթ հարյուր ժամ,
բայց մենք գնում ենք հինգ ժամ ամպերում.
Լիոն:
ու հետո քայլում ենք,
քայլում ենք երկար,
վազում ենք լուսաբացին,
վազում ենք գիշերով,
ու հաշվում ենք ծառերը ճամփի,
հաշվում ենք մեր քայլերը վաղվա,
գնում ենք դեպի կտուրը ծանոթ,
կամ մինչև այն նույն շունը կերևա,
ու արդեն պառկած մատրասի վրա,
որ չէր կարող չլինել անտաշ,
և կրելով ոսկորներումս ամեն քարը, որը շրջանցել են ոտքերս ճանապարհին,
և կռելով ոսկորներս վաղվա ճանապարհների համար,
երկրպագելով քնին, ինչպես երբեք առաջ,
ես արթնանում եմ իմ խորը քնից,
ուր ինձ էի նայում, այն նույն անդունդից,
որ բերել էի հետս ես իմ հոր տնից,
իմ աչքերում՝ նույն պատկերը
ու նույն վախը՝ իմ փորի մեջ,
կարծես երբեք էլ չէր անցել,
ոչ չորս հազար կիլոմետր,
և ոչ այդքան ամպ ու գինի,
ու չէի քայլել 15 տարի,
կամ չէի ծեծել դուռը Աստծո,
ու նայելով իմ միագույն առաստաղին՝
և գրկելով երեխային՝ իմ տան,
մենք որոշեցինք իրար պահպանել,
ու բացել լուսամուտները տան
ու գոռալ լուսամուտից ներս,
ու ներկել պատերը նորից,
ներկել պատերը նոր տողից,
հարցնել գուցե հին ներկարարից.
ո՞նց են հին ներկը քերում մարմնից:

***
համբերություն, կարծես թե, չունեմ,
ես իմ հետևից ինձ հասնել չունեմ,
տեղս չեմ գտնում, էսօր տեղ չունեմ,
ու մի ողջ մարմին անտեղություն եմ,
ու մի կատարյալ անտերություն եմ
կամ ոտքից գլուխ մի թերություն եմ,
և կամ կիսամարդ՝ թեր էություն եմ,
չնայած որ կամ, գոյություն ունեմ,
հոգևոր, սրված խոր կուրություն եմ,
երկու ոտք, մի սիրտ ու մի իղձ ունեմ.
քնեմ, ինձ պատմես՝
ինչ եմ ես, ումն եմ:

***
ես փլվեցի
ու դարձա փլված տան քար
և դարձա բոլոր քարերը փլված տան
և փլված տան բոլոր քարերը քերեցին ինձ
ու ես քերծեցի քարերը փլված տան
ես տարածվեցի փողոցով մեկ
որպես քար ու փոշի, տանիք ու ջուր
ես դարձա փոշի ու տարրալուծվեցի
ես դարձա անտուն ու անհույս հյուծվեցի
ես տնից ավերակ դարձա
ու աղյուսից շինանյութ
ես դռնից փայտ դարձա, փայտից՝ թուղթ
թղթե աղբ դարձա, նետված, անփույթ
ինչ էի, ինչ դարձա
ոչ գիտեի, ոչ հասկացա:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն