Տաք թրջոց դիր այտիս,
հեքիաթ պատմիր քնեմ,
Աստղերի, քո մասին,
կամ էլ` երազների։
Խնձորներից, խնդրեմ,
ընտրիր այն երեքը, որ
հեքիաթի վերջում
նետենք տանիքներից, որ թե
խենթ մեկը
հավատա հեքիաթին,
Բռնի խնձորներն ու
տա իր սիրելիին։
Կուզես գովազդ դարձիր,
ամենաթեժ պահին,
Կուզես լեկցիա դարձիր,
առանց դասամիջոց…
Բայց գտիր մի միջոց,
Որ շնչես քաղաքում
Ձյունն այս դառնա ամառ։
Թե իմ այս հեքիաթում,
ես եղա շատ խառը, ու թե անցա չափս,
Պաղ թրջոց դիր
այտիս ու բեր ջերմաչափս։
Ինձ հետ փերի դարձիր,
Փոշի ցանիր վրաս,
Ինչ-որ երեխայի նվեր
դառնանք մի-մի։
Կուզես դարձիր քամի,
Կամ էլ եղիր ինչ կաս …
Այս ամենի վերջում
թռչող գորգով արի,
Եթե անգամ ցուրտ է,
եթե անգամ հենց նոր
կերար վերջին մանդարինը անհաս …
Ու թե երազելիս հանկարծ
անցա չափս,
պաղ թրջոց դիր
այտիս ու բեր ջերմաչափս։
***
Բանականությանս
Փակել եմ տանն ու
խելակորույս վազել՝
քեզ կրկին
պատահաբար տեսնելու,
բայց չեմ եկել
պարզապես հարցնելու,
թե ինչպես ես։
Եկել եմ իմանամ`
ինչ երգեր ես լսում
ինձանից դատարկ
քո օրերում։
Վերջին անգամ
եկել եմ քեզ մոտ՝
կոշիկներով ցեխոտ։
Հիմա ինձ չունենալուդ
Մի հիմար արդարացում ունես։
Լղոզված թարթչաներկս
Թողնում եմ սրտիդ լղոզես։
Վերջին անգամ
ինձ հիշես անշպար ու
մնաս ապշահար,
որ քո առջև
այդքան թափանցիկ էի ես։
Քուղերս էլ չեմ կապել,
որ հենց հարկ լինի,
կոշիկներս արագ հանեմ
ու փախչեմ հեռու`
Ցատկելով
Նախ` իմ սրտի, հետո` քո,
Հետո բոլոր այն մայթերի վրայով,
Որ զգացել են իմ սոսնձված
կոշիկների հպումը,
Իմ ու քո բոլոր վթարային
Հանդիպումներում։
Դեռ ոտքս կախ եմ գցել,
բայց սիրտս
սառել է վաղուց,
որքան էլ գրկես,
չի հալվի իմ մեջ
ոչ մի սառույց։
Եվ ես կրկին
շրջանցում եմ սիրտս։
Նա խելացի է,
նա կենթարկվի
իմ հրամանին։
Օդ կնետեմ թաշկինակս
Եվ կմոռանամ քեզ։
Դու չես բռնի այն ու
Չես մոռանա քո վերջին «զոհին»։
ՄԵՂՈՒՆԵՐ
Քեզնից մնացած
(սուրճի) մրուրը
մեղր էր իմ քիմքի համար։
Քեզ ունենալը
տանս պատերից
փեթակներ կախել
կդառնար։
Ինձ համար
համբույրներդ՝ մեղուներ։
Մեղմ համբույրդ ո՞ւմն էր,
Մարմնիս մեջ
Քո փո՛ւշը մնաց
և ճախրող հուշը՝
սև ու դեղին,
տեղը տեղին
փաթեթավորած,
ճռճռան ու բաց։
Բայց ես քեզ այնքան սիրեցի, որ
այտս պատին դեմ տվեցի,
չթողեցի մեռնես
մի համբույրի համար։
Քո փուշը քեզ կարկատեցի
ու բաց թողեցի՝
մինչ հաջորդ ամառ։
***
Ինձ բաց թող,
բայց
Մի թող ինձ Բաց,
Կամ բաց,
Մի մատ խորքից գրված
քո անունը մաքրիր ու փակիր։
Սահիր իմ վերջին էջերով,
բայց հարբած լինելով՝
չթողնես շշերդ
սրտիս ձեղնահարկում։
Քեզանից առաջ այնտեղ
հավաք էր՝ տեղը տեղին։
Դեղը դեղին հակացուցված է,
ինչպես ես՝ քեզ,
ինչպես դու՝ ինձ։
Ուրեմն՝ բաց թող ինձ։
Ինձ բաց թող,
բայց
Մի թող ինձ բաց։
Նախ ծածկիր
իմ քրքրված կաշին,
Կամ դարձիր
օգոստոսյան մաշկն իմ։
Գիտեմ՝ արև է լինելու, ու ամառ,
և ես անխնա
պոկելու եմ մաշկս՝
անափսոս։
Ինձ բաց թող, բայց
ոչ այնպես դանդաղ,
ինչպես օձն իր կաշին։
Ինձ հաց թող՝
վերջին խորհրդավոր
ընթրիքի համար…
Իսկ հացթուխ լինելու համար
ես հեչ հարմար չեմ։
Ես առնվազն կարող էի
լավաշ խոսքեր գրել,
բայց հիմա ես անդարձ փակ եմ։
Ինձ բաց թող,
բայց մարմնումս դող մի թող։
Ինձ անջատիր քո լարերից։
Մեր մեջ եղածը
թույլ միացում էր,
ուրիշ ոչինչ։
Մեզ բաց թող
և մի բուռ հող թող,
և թող լինի հանգիստ։
***
Քեզ ինչպե՞ս ճիշտ սիրեմ,
Իմ սերն ախր ծով էր,
Դու` ափին թպրտացող
ձուկ,
Աչքը՝ ջուր կտրած,
Միշտ աչքը ափին՝
Աչքը դուրս։
Ես քեզ ո՞նց ճիշտ սիրեմ,
Միգուցե քեզ իմ ծովից
մի բաժակ ջուրն էլ էր բավական,
Միգուցե քեզ հաճախ են
Տարել ծով ու ծարավ հետ բերել,
Եվ ես շա՜տ էի այնքան…
Իմ սերը քեզ համար
Բարձր ճնշում էր՝
Բարձր լարման տակ,
Իմ էս անհատակ ծովում
Ձուկ էիր ձևանում…
Տեսար, որ մի էջից երկար եմ,
Նույնիսկ չթերթեցիր, ախր
Իմ սերը գիրք էր` հանրագիտարան
Առողջ ապրելակերպի մասին,
Առողջ սիրո,
Դու կարդալ չսիրեցիր
ընդհանրապես,
Եվ ընդհանրապես`
Սիրտն իմ քեզ համար
Հիվանդանոց էր։
Ես քեզ ո՞նց ճիշտ սիրեմ,
Իմ գաղթած,
Մազապուրծ սերը,
ճամպրուկներով
Քո սրտում տեղավորեցի,
Ասացիր՝ ծանր է,
Դուրս եկա քարե այդ ամրոցից,
Փլվեցիր։
Ես հանում եմ սիրտն իմ
քո պահոցներից,
Ես քեզ ազատում եմ
Իմ խեղճ սիրուց,
Այլևս ոչ մի պահանջ չունեմ,
Ես նահանջում եմ նեղանալուց։
ՆՈՐԱ(Տ)ՁԵՎՈՒԹՅՈՒՆ
Քեզ սիրելն ընդամենը
նորաձևություն էր
Իմ հին սրտի համար,
Դու մոդայի նման
Անցար։
Ես քեզ կհիշեմ
Ամռան հետ,
Զգեստապահարանս
թարմացնելիս, ու
Կնվիրեմ քեզ
Հեռու ինչ-որ մեկին։
Անցիր,
թերթիր քո
Ճմրթված ժապավենը։
Կարիք չկա լինելու իմ ապավենն այս
Ցուրտ օրերի մեջ։
Մեկն իմ մուշտակը կդառնա շուտով,
Եվ հանուն նրա,
Ես կմրսեմ,
Տարին 13 ամիս։
Վերջ:
***
Իմ երգ երգոցն էիր ու
հոգոցն էիր,
երկար խոսելուցս հետո,
մենախոսման վերջին իմ շունչն էիր։
Իմ երգ երգոցն էիր ու պահոցն էիր
կարևոր բաների՝
Թղթերիս, մտքերիս
ու սրտիս՝ քեզ համար օտար։
Իմ երգ երգոցն էիր՝ «Առաջին ալիք»-ի,
Կամ էլ՝ իններորդն Այվազովսկու,
Սպիտակ գինի էիր,
Կամ՝ սպիտակը ոսկու։
Առաջին իմ ալիքն էիր, որ
իններորդից էլ լավ կխորտակեր,
Բայց նայիր՝ ես լավ եմ,
կանգնած եմ, չեմ խորտակվում,
Դու էդ ինչ ճահիճով ինձ քաշեցիր, որ
մաքուր ծովին էլ չեմ հավատում։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն