Ն-ին
Դժոխքի ճանապարհը պատված է չգնված շան խրտվիլակներով…
Հեմինգուեյ
Եվ միայն դու սայթաքեցիր,
մայթին հենց նոր ծիլ տված մոլախոտը տեսնելու համար,
ու ջարդված ոտքերով շարունակեցիր սողալ թունելի եզրով,
տեսար, թե ինչպես նրանք ծանրաքայլ մոտեցան ատրճանակին,
ու արգանդումդ երեխաներ գնդակահարեցին…

տան տարբեր անկյուններում կամուրջներ են պայթում,
դռան հետևում հայրդ խաչբառ է լուծում,
դու բոլոր երեխաների պես երազում ես օդաչու դառնալ,
հաստատ հետաքրքրվում ես հին եգիպտացիներով,
անընդհատ ինչ-որ գծանկարներ ես անում
ու արդեն վաղուց մոռացել ես մորդ,
որը քեզ երբեք չանհանգստացրեց իր ներկայությամբ,

այստեղից մի քանի փողոց այն կողմ սառած դժբախտություն կա,
ծխիր այն ինչքան կարող ես երկար-երկար,
որովհետև ինչ գիտես, թե հաջորդ կանգառում դիակներ չկան,
միևնույն է՝ մարդիկ նույն չդրսևորված բարբարոսներ են,

դու գլորվեցիր գրքերի մեջ ու արցունքոտեցիր բոլոր թերթերը`
ես քեզ գտա մորդ հին պայուսակի մեջ,
քամին դադարել էր հարվածել քեզ,
ես անթարթ նայում էի սևացած աչքերիդ,
ու մտածում, որ մենք կարող էինք կռվել նույն թշնամու դեմ,
կարող էինք հետազոտել մի շարք հիվանդների,
որոնք դադարել էին ապրել,
կամ էլ խրտվիլակների պես կկանգնեինք հրապարակներում
ու սարսափ կտարածեինք…

սովորական վայրէջք՝ առանց որևէ դժբախտ պատահարի,
առանց մահճակալի տակ պահվող տղամարդկանց…

***
դու չափազանց անուշադիր ես մոլորակի թունելներում քայլելու համար,
դու հաշտության պայմանագիր ես, որը կնքեցի առաջին աշխարհամարտից հետո,
երբ տասը միլիոն մեռածներից միայն դու դագաղ չփնտրեցիր,
ու ես, որ այլընտրանքն էի պատերազմից դուրս գալու,
վերցրեցի երիտասարդ մարմինդ, տարա իմ տուն, խնամեցի, օծեցի բալզամով,
ներկված սավաններ կախեցի սենյակի պատերից,
ու գույն հորինեցի այս չկողմնորոշված վայրկյանի համար,
որովհետև տեսել էի սիգարետի տուփին արած քո խզբզանքը,
տեսել էի` ինչպես ես մենակությանդ մեջ թաթախում կանաչը,

ասում ես՝ կամրջին հասնելու համար էս երկու տասնամյակը քիչ ա,
որ փոքր քաղաքում մարդիկ շնչահեղձ են լինում չսպիացող վերքերից,
որ բանաստեղծությունը էդ թռչկոտող ցավն ա,
որ ահավոր մեծ շառավիղով ոչնչացնում ա ամեն ինչը,
ու միայն մեզ է գալիս էդ պայթյունից առաջացող խառնաշփոթը,

միակ բանը, որին չեմ հավատում, դամբարաններում եղած լռությունն է,
որովհետև քո տանը երգող թռչուններ կային,
ու հյուսիսային քամու սառնությունը ապտակում էր ինձ,
ոչ մի դրվագ անդրշիրիմյան թագավորության կամ պատերազմի մասին,
և ես ողջ եմ երթուղայինում նստած կնոջ պես,
որը գրպանները լցրել է կոպեկներով՝ մոռանալով, որ ինքը սրտի անբավարարություն ունի,

ես չափազանց թափթված եմ փամփուշտներից խուսափելու համար,
ես այն պատուհանն եմ, որի հետևում խավարն է կամ Մունկի «Ճիչը»,
և վերջապես ես քո ձեռքերով վերակենդանացվածն եմ,
ուրեմն խնամիր ինձ մինչև հաջորդ մահ:

***
իմ թիկունքում մնացած դռներից և ոչ մեկում դու վիսկի չես խմում,
ես քեզ օգնում եմ, որ հագնես դեղին վերնաշապիկդ,
որը հստակ արտացոլում է կնճռոտված մարմնիդ գեղեցկությունը,
դու առանց դադարի խոսում ես վալսի պատմության մասին,
իսկ սենյակի անկյուններով վազում է 20-ամյա ինքնասպանը,
նա գժվելու չափ գեղեցիկ սահում է քո ներսում

ես ուսումնասիրում եմ առաստաղը, որը մի քանի անգամ զգացել է
մարմնիդ զանգվածը,
գրողը տանի, եթե դու մեռնեիր, իմ մենակությունը կանաչ փողկապ կկրեր,
ու բազմոցին նստած կինը ավելի երիտասարդ դիմագծեր կունենար,
ու ես չէի կարողանա շոշափել քո ծերացող մենակությունը,
որը մի տեսակ գրավիչ է դառնում մուգ կարմիր շրթներկով,

դու վախենում ես, որ ես կմեռնեմ հերթական նոպայի ժամանակ,
դու ատում ես դեղերը, որոնք ես ստիպված թաքցրել եմ մահճակալիս մեջ,
ես զգում եմ, թե ինչպես ես գիշերները արթնանում,
վառում սիգարետը
ու մի քանի րոպե հետևում շնչառությանս`
ա՜խր, դու ահավոր ջահել ես էսքանին դիմանալու համար…

Միջօրեին մենք կախվում ենք քո գրադարանից,
քո աչքերի բիբերը մի տեսակ արտահայտիչ են դառնում,
չնայած գետնին ներարկիչներ են թափված,
ես գլուխս դնում եմ քո ծկներին.
դու շարունակում ես Էլիզա Տրիոլե կարդալ,
պինդ սեղմելով ձեռքս`
ես նման եմ ողջերի մեջ ապրող ստվերի, ստվեր եմ, դեռ ուրվական չեմ դարձել:
ասա, որ մենք ուրվական չենք դառնա,
ասա, որ մենք հիմա ուրվական չենք

***
Եվ մեր ներսում ռմբակոծված փողոցներ կան,
մի քանի հնամաշ տող հեռացման կամ արևածագի մասին,
վիրակապված անհաջողության, բարձրահասակ անգլիացիների,
ու հիվանդության, որը նույնիսկ մակերեսային հետք չթողեց մեր մարմնի վրա…

ափերիս ծալքերում սուզվող ինքնաթիռները շփոթված ելք են փնտրում,
ես վախենում եմ մեռնել այսքան կանոնավոր ոտնաձայների մեջ,
ու չզգալ իմ կակտուսի շնչառությունը,
ծովի անհեթեթ քանդակը,
ու վերջապես քո գոյության պայթյունը,
որն անխղճորեն արցունք է բազմացնում…

ես վախենում եմ պատմել քեզ քո ծերացող ձեռքերի մասին,
որոնք վաղուց մոռացել են թռչելու ուղղությունը,
աչքերիդ կնճիռների տակ մեծացող հուսահատության
ու այն նավերի, որոնք մենք չենք թիավարի միասին…

ես փորփրում եմ պայուսակդ,
ու վերջապես գտնելով սիգարետի տուփը՝ խնդրում եմ, որ ծխես՝
քեզ հատուկ նյարդային ժեստերով.
այդպես դու ինձ սարսափելի գեղեցիկ ու թարմ ես թվում,
այսպես ես հանգիստ կարող եմ կծկվել թևերիդ տակ,
ու տրվել ամենակարճ ձայնին

ու ընդունիր իմ մահը ցրտից կապտած քո ձեռքերում,
որովհետև դու շարունակ ավելանում ես իմ մեջ,
ու եթե բացեմ անձրևանոցը, դու կլցվես իմ մեջ,
հետո ես սուրճ կխնդրեմ, դու անպայման դառը շոկոլադ էլ կբերես,
մի քանի հիմար հարց՝ դասերից, գործերից, վերջին կարդացած գրքից,
ես առաջին անգամ կնկատեմ, որ բարակ մատներ ունես…

սա այն նավարկությունն է, որի մասին ոչ մի գիրք չեմ կարդացել,
դու շարունակ ծերանում ես,
ես հարմարվում եմ երիտասարդ մեռնելուն

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն