***
ես թափառող ճանճ եմ,
թող մտնեմ մազերիդ մեջ ու տզզամ…
փողոցներով ճաղատ ավտոներ են անցնում,
քեզ կորցրի…
ես հուսահատ ճանճ եմ.
երեկ մի երեխա պատի վրա
մատիտով գծեր քաշեց`
ծեծեցին,
նստեցի գծերի վրա ու տզզոցս չեկավ,
երեխան գտավ ինձ, նայեց-նայեց ու
պոկեց թևերս,
ես մեռա:

***
ես անհետանում եմ իմ դատարկության մեջ.
թափանցիկ հայելիները
հոսում են`
լցվելով պատերի ճեղքերի մեջ,
քամիներից միլիարդ անգամ
ճռռացած դռան
կոտրված բռնակի,
աթոռի թուլացած ոտքերի
ստվերների մեջ,
ու չեն գտնում ինձ.
դատարկությունս կորցնում է ինձ,
սենյակս`մահանում:

Երազանք
Շրջանակներ եմ գծում
քառակուսու վրա,
կլոր գաթայի պես են`
անուշահոտ ու համեղ,
կուլ եմ տալիս,
իմ մեջ եմ:
Քառակուսի եմ գծում կլորի մեջ,
նետվում եմ ներս,
ծեծում եմ, չի բացվում,
պատ է:

***
մարմինը մարմին չունի,
մարմինն ազատ է
ինչպես այրված լուցկին,
ինչպես չկարդացված գիրքը,
ինչպես կտորի վրա մնացած փոշին…
դու հեռացող մատներով
լռություն ես շշնջում ուսիս,
քարկապված պարանոցս
չի սղոցվում,
աճում է,
աճում անշարժության մեջ,
հասնում քո ափին,
սիրտս լացում է
չվերջացող վերջինը,
գունատ աչքերով
փակվում եմ,
փակվում,
փակվում մինչև դուրս:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն