***
Նավը սիրում է մրրկահույզ օվկիանոսներ,
Նավը սիրում է խելագարություն,
Հե՜յ, աննորմալ քամիների խաղալիք,
Զգույշ, չմոլորվես քաոտիկ օվկիանում:
Նավը սիրում է փոթորիկներ խժռել,
Նավը սիրում է խորամանկ ինքնակառավարում,
Հե՜յ, մոլեգնած մրրիկների խաղալիք,
Ո՞վ ես դու ահռելի օվկիանում:
Մենք` համաչափ պտտվող այս գնդի վրա
Ստեղծող ու կործանող էություններս,
Հերքելով բոլոր կանոնները`
Ջրում թե ցամաքում,
Հողի տակ թե լուսնի վրա,
Շարունակ  փնտրում ենք…
Մենք` ռիթմիկ պտտվող այս գնդի վրա
Վաղուց մոռացված առասպելներս,
Մերժում ենք ու խորանում,
Խորանում ենք ու խորտակվում,
Խորտակվում ենք ու համբարձվում
Ինքներս մեր մեջ…
Մենք` խելառ ու չկառավարվող նավավարներս,
Սիրում ենք խժռել կատաղի փոթորիկներ,
Մենք` խելառ ու չկառավարվող նավավարներս,
Սիրում ենք մեզ պես խելառ ու
չկառավարվող աստվածների:
Հե՜յ, փոթորիկներ սանձող մարդ,
Ո՞վ ես դու,
Հե՜յ, խելագար մրրիկների ասպետ,
Սիրում ես, չէ՞, երբեմն մոլորվել
Անեզր Օվկիանում:
***
Լողա՛, նավակս,
մինչև աշխարհը խաղաղվի,
ես լսում եմ,
թե ոնց է հորիզոնում ծաղկում
մի անուշ ծաղիկ,
դա իմ սիրտն է,
որ սպասում է քեզ…
Լողա՛, նավակս,
ոչ մի քամի քեզ չի քշի հեռուներ,
ու ծովը չի խորտակի…
հորիզոնը խաղաղ է,
հորիզոնը գիտի մեզ:
Հայաստանին
Դու իմ լիարժեք տիեզերքն ես,
Որտեղ ես գտել եմ իմ աստվածներին
Ու կրակ նկարել
ոսկորներիդ վրա՝
նետելով քեզ դեպի
հույսի հորիզոններ,
տար, ինձ հասցրու
իմ ճիշտ սկզբին,
ես այնտեղ եմ
ու սպասում եմ ինձ:
***
ամեն ինչ բնական ա,
մարմնում լույս ա հոսում,
տիեզերքի ճանապարհները սեր են…
թող աշխարհում
բոլոր ծառերը կանաչ ապրեն,
ու մարդիկ գտնեն ճանապարհներ
գեղեցիկի արարման…
եթե խավարը անդադար տարածվում ա,
ուրեմն՝ ինչ-որ մեկի սրտում
ճրագ կա թաքնված
***
Էս կեղտոտ քաղաքում
ինձ մի քիչ մաքուր սեր ա մնացել,
որ հետս խցկում եմ
մետրո
ավտոբուս
տրոլեյբուս
շնչահեղձ լինում հետը
հետը մտնում խանութներ
հանում
բաժանում
առնում
տանում թափում զիբիլը
պտտվում այգում
մարդկանց
անտարբեր հետախույզ
հայացքների առաջ
մտնում փաբեր
խմում ծխում
ցինիկանում դուրս գալիս
ու ոչ ոք չգիտի
թե ինչքան ոչ մեկն եմ
առանց նրա
ու ոչ ոք չգիտի
թե ինչքան մենակ եմ
առանց նրա
ու ոչ ոք չգիտի
թե քանի անգամ եմ մահացել
առանց նրա
ու ոչ ոք չգիտի նրան…
***
ես հիշում եմ քեզ, սերս,
նեղ ու անհարմար փողոցներով քայլողս,
ժամանակի ռիթմից հրաժարվողս,
փականքները ջարդողս,
սոված ռոբոտներին հաց տվողս,
չհաստատված սրիկաներին սիրողս,
թռչունների հետ ապրողս,
աստղերի մեջ թռչողս,
քաոսի մեջ խորտակվողս,
մեռած տեղից հառնողս,
ժամանակը երբեք քեզ չի ջնջի ինձնից,
քանի կամ ես:
***
Լսո՞ւմ ես,
թե ժամանակը ոնց ա
գայլի պես պտտվում շուրջդ՝
պատրաստ քեզ հոշոտելու,
ես լսում եմ,
ու դա իմ իրականությունը չէ,
գոյություն ունի մեկ այլ ժամանակ,
Ռումին ասում ա՝
մի տրվիր ժամանակի օղակին,
տրվիր սիրո օղակին,
ես տեսնում եմ դա,
մնում ա ապրեմ…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն