Խոստում

Ի՞նչ կռահում է,
անվերջորե՞ն այսպես գեղեցիկ:

Այսօր կոկիկ օր է,
գեղեցիկ պահերը՝ բնական,

ես էի իմ
պատմությամբ ու մենությամբ
և նույնն ասացի հմտությամբ:

Այս ի՞նչ կռահում է,
անվերջորե՞ն այսպես գեղեցիկ…

***
Այս ի՜նչ ուշացող պատմություն է,
ե՞րբ կգա՝
առանց տեսնելու մեզ,
առանց ասելու մեր անունները:
Այս հոսանքներն, անշուշտ,
կհասնեն մեզ:
Կարճ կլինի այս պատմությունը,
շատ կարճ,
անհամաչափ:
Այս ամենը մի օր լինելու է:

***
Ո՞ր էջերի վրա բացվեցին
օրերը-
գեղեցիկ, հավանական տեղեր
արահետներով,
հղացքներով
թաղարներ,
պահեր,
որ մարդկանց, տեսարաններին
նման էին,
գոհություններ գրեթե պատրաստ,
փաստարկներ…

Սրանք մի ժամանակ
իմ պատմություններն էին.
այնտեղ էլ երբեք
ազատ չի լինի…

***
Այս զվարթությունն ահա բացվում է.

Ահա հարմար շարժումներ իմ ոտքերի համար:
Ահա կին՝ փոքր փրկություններով:
Ընդմիշտ վտարված աղմուկներ,
անցած սերեր, հսկված կարգեր:

Անզոր ընդհանրացող պատմություն ահա…

***
Արտոնեցի այսպես
այս պահը.
ներս եկող մի պատմություն
լուսադեմին:
Մտերմության ցույցեր
մուգ մորեգույն:
Եվ այն, որ հաճելի է
այսպես
հավատալով:

Ես էի հոգնած, և ի´մ
պատմությունը
կքեց…

***
Նահանջի ժամին
հետքերը կորցրի

վտարանդի
և համակ ներկա

մի պատմության:

Հիմա պատմում եմ այն,
որ չեմ հիշում,

պատմում եմ չհիշածս
պատմությունը:

Ես ուրախ եմ այսօր
և լուռ:

***
Վայելեցի տեսարաններն
ու լիացա,
և հրճվանքները
փոխակերպեցին:
Ես այնքան գեղեցիկ եմ,
և այնքան ընդարձակ է
պատմությունս,
և ես ամենուր
հեռանում եմ…

***
Հարմար է այս առավոտը,
գեղեցիկ է և հավաստի:

Ահա սերս՝ բաց և ինքնիրեն,
և պիտանի ձևեր առավոտից:

Այս կյանքն ինքնիրեն անցնում է:

Այս խոստումները
չազատեցին ինձ:

Խաղաղություն

Իրենք իրենց պատահում են հետևանքները:

Եռանդներն են, որ չեն երևա,
բայց չեն տխրում
այնտեղ, որտեղ կավարտվեն գրքերը
ինքնաբերի,
անհնար բառերով բոլոր պատմությունները…

Աչքերը անթեղներով փայլում են…

***
Թեքվեց արևը դեպի գործերի օրեր
առանց վարանման մի առավոտ:

Այս մարդկանց մտքից հանեցի
օտարությունս:

Դեպի աշուն թեքվեց պատմությունը
կախարդանքով:

Գնացի տեսա այն տունը
լսված աղոթքներով:

***
Ես այս մարդկանց կույտերը
սիրում եմ,
մտերմությունն այս մայրամուտների,
որ պիտի լինեն գետերի ափերին
հոգածու,
առավոտի, կապույտի բոլոր
բարձրությունները
կողմնակի,
անծանոթե՜րն այս, որ զարթնում ու
մնում են՝
հազար տարվա լռություններին
խառնված,
այս դժվար, դժվար անվերջությունը՝
պակաս անորսալի,
քան տևումը…

Հեքիաթ առանց վտանգների
Ըստ Մեսրոպի

Գայլերից պաշտպանված
շներ,
քամիներից պաշտպանված
ձկներ,
լայն տեղերի համար՝
պայծառ անապատներ…

Ահա լուռ տեղեր՝
մտածելու և երգելու,
մի մեծ, կապույտ ցնցուղով
կակաչներ ջրելու…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն