***
Լվացքի մեքենայից փախչում է
Փրփուրը զայրույթիս:
Գիտեմ` մոռացկոտ ես,
Փոշին էլ միամիտ շատ ես լցնում:
Շրթներկը քերծում է բառերս,
Մոռանում եմ ինչպես խոսել
Ու փաթաթում եմ
Մարմինդ
Գողացած մտքերով:
Երեկ հասկացա`
Մեծ եմ քեզանից.
Պետք է սովորեմ
Ձեռքդ մեծավարի բռնել:
Հայելի աստիճաններով
Բարձրանալը դժվար է.
(Ինքս դեռ չեմ կարող)
Ծնկի գա՞մ`
Անցնես:
***
Ժամկետանց զգացումներս եմ
Պահարանում թափթփել:
Դռներն
Էլ չեն փակվում:
Համոզում ես`
Մեկը հանեմ տամ քեզ.
Ժլատ եմ:
Հիշողությունդ
Սարդոստայն է գործել
Կարոտած ձայնալարերիս:
Մի քաղաք եմ հորինել,
Որտեղ անցորդներն
Անտեսում են ցրտոտ մտքերս,
Մայթերին էլ հատապտուղներ են աճում,
Ճմռթած
Նրբանցքով անցնելիս թե շուրթերդ կապտեն,
Շշնջա ականջիս`
Հաղարջենին պտուղ է տվել:
***
Ականջակալներդ խճճվել են
Իմ մեջ
Ու փաթաթում են սիրտս
Քո փխրուն ձայնով:
Արի նետս տար,
Լինի քեզ
Դաշնամուր…
Նվագի՛ր
Իմ դաղված հմայքը,
Ես այն, միևնույնն է,
Չեմ տեսնում:
Վերցրո՛ւ ձեռքերս,
Դարձրո՛ւ նոտաներ,
Հորինիր
Ցայգերգը իմ,
Ես ինձ, միևնույնն է,
Չեմ նվագում:
Տա՛ր իմ
Պայթող այտերը,
Կարի՛ր մի ժանյակե
Թաշկինակ,
Նրանք, միևնույն է,
Հոգնել են օրորել իմ
Գիշերային մտքերը:
Տա՛ր ինչ ուզում ես,
Միայն ականջակալները թող…
***
Գինի էիր սիրում
(Մեկ էլ Չելենտանոյի ֆիլմերը)
Վախս գցում էիր ոտքերիդ տակ,
Ճզմում ու պարում…
Ցավս սովորում էր դողալ`
Հյուծվելով փրփրած հաճույքիդ մեջ:
Ուսերիս էիր գցում խաղողի
Մի թուփ,
Որ չմրսեմ…
Հոգատարությունդ
Ճմռթում էր դեմքս,
Անէացնում քեզ չհասած
Գրկախառնությունս
Մոռացկոտ ոտքերիդ տակ:
Տունդ փախչում էր կոտրվող ափսեների ձայնից:
Շանթազարկ շշերի մեջ
Հույսս կանաչ էր վառվում:
***
Դռնից կախված շորերում
Էլ չկաս դու…
(Բանտարկված սկավառակը
Արդեն երրորդ անգամ
Նվագում է
Անհայտ կատարողի երգը`
Տեղ-տեղ բղավում,
Զարկում գլխացավիս,
Քսվում քնկոտ պատերին:
Տողերս խճճվում են
Կծիկե աչքերիդ մեջ
Ու անփույթ նոտաներից
Դուրս է պոռթկում
Լարված դաշնամուրի զայրույթը):
Սառեցրեց. ձյուն չեկավ
Հին ձյան հոտը մնաց տանը:
Դրսի դուռը հիվանդանում է
Տաք ու պաղից
Ու շարունակում
Շրխկալ…
Դռան հետ
Խոհանոցի պահարաններն են
Ծիծաղում, լալիս, շրխկում
Նորից ծիծաղում,
Լալիս,
Շրխկում:
Մտքիս պատերից կքերեմ
Բոլոր լեզուները,
Որ իրար էլ չհասկանանք:
Դուրս կգամ տանից`
Անվերարկու,
Նոր հագուստով, որ
Փնտրելիս գույն ու ձև չիմանաս:
Կմոռանամ,
Որ էլ չհիշեմ
Անլվա շորերիդ մեջ
Պտտվող գոյությունդ: