էսպես է եղել. սկզբում բոլորը սիրել են բոլորին, և քանզի ոչ ոք դեռ չի իմացել ատել` միայն վերջում են հասկացել, որ սկզբինը սեր էր։
սկզբում բոլորը զավակ են եղել։
հետո` արյունի կեսը, հետո` ընկերը, հետո` սիրելին, հետո` տանտերը, հետո` ծնողը։
հետո` այն, ինչից դարձել են զավակ, արյան կես, ընկեր, սիրելի։
սկզբում բոլորը ճշմարիտն են եղել, ազնիվը։
սկզբում բոլորին քնեցրել են նույն երգով։
նույն մայրերը։
նույն սիրով. էսպես է եղել։
բայց հետո, երբ բացել են միլիոն տարեկան արկղերը` այնտեղ թարմ ծաղիկներ են եղել։
իրար փաթաթված մարմիններ են եղել այնտեղ,
որոնք սիրել են։
և սիրել են որոնց։
հետո մեղավորների հետ սպանել են անմեղներին, և ինքնագո Աստծո հոնքն աչքին է իջել.
«գուցե պետք չէ՞ր հանգստանալ յոթերորդ օրը»։
լսիր ինձ ու ձեռքդ քսիր այտիս, Հայր։
և սովորեցրու միայն մեղավորներին սպանել։
և ցույց տուր` ոնց լինել հող, լինել ծառ և ջուր լինել։
և ոնց մնալ հանգիստ, որ ջուրը քեզ երեսին հանի, ու դու դառնաս երեսը ջրի։
և ասա` ոնց լինել համաձայն սիրո մեջ։ և սիրո հետ համաձայն լինել։
իսկ բաները, որոնց հետ ձայնս մեկ չէ` սատանայի ուսին գցել ու բարդել ժամսլաքի վրա։
և նրանք, ովքեր սիրում են և սիրում են որոնց` հիշեցրու սկիզբն ու ճոճն օրորոցի, որի մեջ դու էլ երգեր ես լսել։
Հայր, թող էսպես լինի.
Թող որ բոլորը սիրեն բոլորին։ և մի՛շտ իմանան` որն է սերը։

***
այստեղ տուն է եղել։
և տանն այս ապրել են մարդիկ։
և ծառեր են աճել տան կողքին` ուսերից կախ տված ճոճանակներով, քաղցրութթվաշ բերքով, որ ամեն տարի պոկել ու կերել, բայց չեն կշտացել։
այստեղ տուն է եղել` ձմռանը` տաք, ամռանը` հով։
պատերին` ամեն սերնդի ճաշակով պաստառներ։
հագներին` մեծացած երեխեքի շորերը, որոնք խոստանում են անմաշ ու մաքուր մնալ։
այստեղ եղել է տուն`
մարդկանցով` ապրող,
մարդկանցով` մեռնող,
մարդկանցով` նման։
և այս տան հայրերն ու որդիները որդիևհայր են`
ոնց իրենց հայրերն են և ոնց իրենց որդիներն են լինելու։
այս որդիները կռվում են հայրերի դեմ,
հայրերը` հանուն որդիների։
և անտեղի այդ պատերազմում չի հաղթում ոչ ոք։
այս հայրերը տան կողքին տնկում են ծառեր,
և որդիները ճոճանակներ են կախում դրանցից։
այստեղ տուն է եղել` ներսից` դժվար, դրսից` հեշտ։
պատերին` բոլոր հայրերի նկարները։
հայրերի` ապրող,
հայրերի` մեռնող,
հայրերի` նման։

***
տակը բան չի մնում։
ամենն, ինչի մասին պետք էր խոսել` ասվել է։
և ոչ ցերեկվա տոթը, ոչ քամին, ոչ հովը էլ չեն բարձրացնում երկրի փոշին։
իսկ դա ինձ պետք է։
որովհետև սառույցը, որ մեջքիս է հիմա, որ լեզվիս տակ է ու փորիս մեջ, չի հովացնում սիրտս։
ու էն ամենն, ինչին հայհոյում եմ`
կամ վերևում է։
կամ` ներքևում։
կամ սուտ է։
տակը բան չի մնում։
ես քնում եմ մինչև ցերեկվա երեքը։ մտածում շների մասին։ միլիոներորդ անգամ դիտում կոկա-կոլայի գովազդը։
բայց գունդը, որ պտտվում է, ինձ ամեն օր բերում-կանգնեցնում է նույն կետին։
ու տակը բան չի մնում։
սրանք…. հիանալի ժամանակներ են։
չնայած` ամենը միշտ նույնն է եղել։
միշտ կերել են բերանով։ քնել են պառկած։
պոռնիկներ եղել են միշտ։
և նրանցից միշտ էլ վախեցել են առաքինի կանայք։
ամենը նույնն է։
նորաձևությունը կրկնվում է 30 տարին մեկ, բայց, մեկ է` նայում ես` շուրջդ ոչինչ չկա։
եղածը կամ վերևում է։
կամ` ներքևում։
կամ սուտ է։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն