***
Թվերի ու սլաքների միջև
մենք անընդհատ կորցնում ենք…
Կորցնում ենք առաջին բառը,
առաջին քայլը,
առաջին ծիծաղն ու
աչքերի անդրադարձ
արարչագոհ ժպիտը:
Կորցնում ենք ու
դառնում անմարմին,
իսկ մեր մարմինները լքում են մեզ
ամեն օր,
ամեն երեկո,
երբ լուսինը համրում է
թարթիչներիդ ջերմությունը`
քեզնից հեռու`
երկնքին մոտ:
Ամեն առավոտ,
երբ այգաշողը շոյում է
կապույտ երազներդ։
Ամեն անգամ,
երբ բարևում ես
կամ հրաժեշտ տալիս։
Մեր հայացքների լույս ու
ստվերի զուգորդումներ ենք։
Մենք չկանք արդեն։
Մենք անցած տարվա ցողերում
ու այս տարվա
ընկնող տերևի վրա ենք:
Մեր տերևները
բնատված ցավեր են:
***
Նարցիս,
հայացքով`
փշրված,
փրփրած,
հիացած…
Հայացքներ
օրերի ապակուն`
անխռով,
պղտորված,
փրփրած
փշրված։
Նարցիսներ…
Հայելիներ…
Պղպջակներ…
Նարցիսի հայացքներ`
օրերի ջրհորին…
***
Այսօր վերջին ձյունը
ճերմակ երգի նման
թափվում է վրաս…
Կարապի՜…
Սա վերջին ձյունն է.
վերջին բառից մի’ վախեցիր.
քո ստեղծած բառն է,
նորից կստեղծես… վերջում։
***
Երկի՛ր,
որտե՞ղ են որդիներդ,
որ ափերիդ մեջ քեզ
ծածկել էին
բերդի նման։
Որդիներիդ հետ քեզ
ծածկեցիր կարմիր երկնքով
և կարոտով մավի…
Ոսկորներիս մեջ
ծաղկում է ծիլը կորստիդ…
Երբ հետ գաս,
ու ես չլինեմ,
կպատմես որտե՞ղ էիք,
երկի՛ր։
***
Ո՞ւր է բառը,
որ լռություն դարձավ`
պռնկեպռունկ լցվելով իմ մեջ։
Անձայն բառերի հիշողությունը
ո՞ւր տարավ մարդուն,
որ բառ էր ի սկզբանե
և բառ էր ասելու
իր իսկ ստեղծած
լռությանը,
մենության բույրին,
ծարավ կարոտին
և սպասմանը,
հիշողությունից առաջ ընկնելուն
և բառից հետո`
վերհիշելուն,
ես հիշում եմ,
որտե՞ղ եմ տեսել…
***
Ճկվող բառի նման
վանկատվում եմ,
փոխվում,
անհոդակապ կախվում
արմատներին մտքի։
Հնչյունները բառիս
օդում փոփոխվում են,
ժամանակի կողքով սուրում են վեր։
Ածանցվել եմ վերջին`
հենց սկզբից։
Բառի նման ճկվել
վանկացրիվ տողին։
Ես հնչյուն եմ բառում,
բառն իմ սահեց ներքև…
Գարուն, բառերդ տուր պահեմ,
գուցե աշնան վերջին
քո գույներից վանկեմ
օրը բազմակետի…
***
Վերջալույսից քամված սերն արևի
նման չէ բառի,
որ ասեմ` երկինք,
ու նա երկնքում  ճայի վերածվի։
Որ ասեմ` գարուն,
ու նա թևածի։
Ասեմ` անձրև է,
ցողի վերածվի։
Եվ ասեմ` մարդ է`
ցավը վերաճի…
Իսկ ես մարդ եմ, ինչպես բոլորը,
որոնք մենակ են,
մենակ` հազարավոր
մարդկանց մեջ…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն