*
Ծովի Աստղ
մայրամուտից
և մի Անուն
որ նայում է խավարի մեջ
ու խավարի միջից
հազար ու մի Լուսաբաց ունի

Օ թող Սերը
քեզ երբեք չսովորեցնի…

*
Հասունացող Կեսօր
ընդամենը մի քայլ
բայց սայթաքում է երազի վրա

անցնող մի կարոտ
թպրտացող կորուստ
սրտի գաղտնիքն է

լռության փշրանքներից…

*
Մթին կածաններից գլորվող
ինքնամոռաց հայեցումը կարոտի…

խոնարհ վառվռող
վերհուշի մայրամուտի մեջ ոսկյա
հանց մտքիդ գագաթին պայթող արև…

շիկացած է հաստատումը կյանքի…

*
Հայելին
դողում է աչքերիդ մեջ…

արտացոլանքդ քեզանից
ինչ-որ բան է փախցնում
ու վերադառնում
կատարելության
չնչին բաժիներով…

բայց ի՞նչ անել ստվերը`
ժամանակի շուրթերին հալվող…

ՄԱԿԸՆԹԱՑ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԻՑ
(շարքից)

**
Երբ երազները բարձի տակ են թաղում…

երբ ժամանակն է պապանձվում
մոտեցող շուրթերի հեռանկարում…

կոկորդիդ չորացած
քո անծանոթ ու հնարավոր ԳԱԼԻՔԻ համն են
Հավերժ Հրաժեշտի այլացումները…

այլևս անկարող են օրերը քեզ թերթել
մատնահետքերի մեջ կուտակվող ԼՌՈՒԹՅԱՆ
իմաստափոշով…

**
Սա այն գիշերն է,
որը չի կարող անցնել հմայքիդ միջով,
ակնթարթերից այն հազվադեպը,
երբ երազները շոշափում են այտերդ ու
սիրտդ հոսում…

կանաչ մի հայացք ընկնում է սրտիդ մեջ
հանց Սիզիփոսի քարը…

փակիր աչքերդ,
սա այն գիշերն է,
որը չի կարող անցնել հմայքիդ միջով…

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն