Շենքը մեխված է փողոցին: Ամենավերևում Քադն է: Փողոցը երբեք ձայնը չի կտրում: Ամեն երեկո Քադը ցավացող ոտքերով դուրս է գալիս պատշգամբ: Խռովկան քաղաքն ամեն երեկո ապտակում է նրան ու ամոթանք տալիս իրեն չնկատելու համար: Քադը ամաչում է և բանտարկվում տանը: Սկզբում նա փորձում է քաղաքի հետ լեզու գտնել, բացատրել իր հոգնածության պատճառները, բայց քաղաքի համառությունը երկար է տևում, խոհանոցում եռացող ջրինը` կարճ: Ջուրը բրինձ է ուզում, հետո սոխ ու կարտոֆիլ, հետո աղ ու պղպեղ, հետո ձու և կանաչի: Խոհանոցը համբերել չգիտի, խոհանոցը բանականություն չունի: Իսկ քաղաքն անվերջ նեղանում է: Հաջորդ երեկո Քադը քաղաքին համոզում է, որ իր և խոհանոցի հարաբերությունները նեղ ստամոքսային են` ոչ մի լուրջ բան, ինքը մի քիչ լարված է` ուտել է ուզում, ընտանիքը աշխատանքից հետո հոգնած է` սնվել է ուզում: Բայց քաղաքը գիտի ստամոքսի լայնացման մասին, ուստի իրենց կապը համարում է վտանգված:
— Մենակ եմ ես, մենակ է իմ աջ ոտքն ու իմ ձախը, մենակ է գլուխն իմ ու երկար ժամանակ լռող իմ բերանը: Մենակ է քաղաքը անգամ…
Քադը որոշում է լքել բնակարանն ու մի քանի օր ման գալ քաղաքից դուրս: Զանգում է ընկերոջն ու երկուսով դուրս են գալիս: Նստում են գնացք: Հսկիչը պատռում է տոմսերը, խնդրում տեղավորվել կապ չունի` որտեղ:
Գնացքն անունով արագընթաց է, բայց երկու ժամ է` ճեմում է: Ներսի մարդիկ նստած են ցաքուցրիվ, միմյանց հանդեպ անտարբեր, բայց միասնական աղմուկով: Երկու կին են, որ պահում են ճանապարհին ծանոթանալու քաղցրությունն ու իրենց մտերմությունն ամրապնդում թոռնիկների նկարները ցույց տալով: Նրանք զրուցում են հարմարավետ կոշիկների ու Դե վիտամինի պակասի մասին. գոհ են իրարից: Քադի ընկերը կողքին ձանձրանում է, ասում է` Քադը 40-50 տարեկանի հագուստով է ու մեծ է երևում: Քադը չի վիրավորվում: Նա նայում է ճանապարհին ու հիշելու հետաքրքիր քիչ բան է գտնում: Դիմացի նստարանի ծնողը մի աթոռ է կիսում որդու հետ ու գիրք կարդում: Քադը ժպտում է տեսանելի սիրո համար, բռնում ընկերոջ ձեռքն ու հիշեցնում սիրելու մասին: Ընկերը սեղմելով արձագանքում է:
Քադի ընկերը վիրավորելու աստիճան քնում է: Քադը մնում է մենակ: Նրա կողքին ավելանում են երիտասարդը, որը խոսելու կարիք ունի և իր տատիկը: Վերջինս մեկումեջ դանթում է ապակուն հենած ձեռքի վրա: Քադը աշխարհից մի բան է ուզում: Զրուցել: Քադը աշխարհից շատ բան է ուզում: Անձրևը ծորում է ապակուն, ու ամայի է տեսարանը: Քադը լցվել է խոսելու ցանկությամբ, ու ոչ ոք նրան մարդատեղ չի դնում: Թվում է` սիրտը հիմա չդատարկված միզապարկի պես կպայթի: Ոտք ծակող խոտեր են գնացքի դրսում: Մի պողպատե արտաքինով ամերիկացի է գնացքի ներսում: Երիտասարդը Քադի հետ խոսում է ամերիկացուց: Քադը փնտրում է խոսակից: Տատիկը թոռանը, որ վաղուց անկախ երիտասարդ է, համոզում է ջուր խմել ու քնել: Տատիկը չի ուզում հետ մնալ խոսակցությունից և չի ուզում նաև` թոռը ջրազրկվի:
Մեկի ոտքերը քրտինք են բուրում: Քադը ուզում է` պողպատի դեմքով ամերիկացունը լինի: Հասնում է իրեն. քաղցր է առաջարկում` զնգում է, չիփս է առաջարկում` զնգում է, առաջարկում է խաղալ` զնգում է ու հիշեցնում իր պողպատ լինելու մասին: Պողպատները չեն ուտում` համազուրկ են, չեն խաղում` խաղազուրկ են: Պողպատե դեմքով ամերիկացին վեր է ընկել տեղում, իսկ նրա բացակայող դեմքը մեկ մտնում է զուգարան ու քաշում ջուրը, մեկ` բացում ծորակն ու լվացվում: Դեմքը թառում է Քադի ուսերին, անհանգստացնում նրան: Քադը ուզում է դեմքը վերադարձնել տիրոջը:
Մոծակները գիշերը տեղը տեղին օգտվել են տատիկ ունեցող երիտասարդից, ու նրա ձեռքը քոս ընկածի պես չի անջատվում մարմնից: Նրա լեզուն չի բանտվում բերանում, բայց և չի խոսում կարգին բաներից: Քադը փորձում է ազատվել նրանից ու նայում է գնացքում այլ նստածների: Քադը ապշում է: Հիտլերն է: Ո՞նց թե: Մի քիչ երկարած բեղով: Այնպես է քնել, որ չճանաչեն: Կուչ եկած ու կոմպլեքսավորված մարմնով: Նրա երբեմնի հաղթականությունը փափուկ բարձի պես հետույքի տակ է առնվել ու տրորվում է ճանապարհը լավ չգնացող գնացքին հավասար: Հիտլերը իրեն զգացնել չի տալիս: Բայց հո վերարկուն ակնհա՞յտ է: Ասում են` երբեք չի հանում: Հիմա նա, որ արթնանա, կլռի իր մասին, անունը հարցնեն, կասի մի բան, ազգությունը հարցնեն, կասի` հայ եմ, ամերիկացի եմ, թուրք չեմ: Մտածում է Քադը: Թվում է` նրանից բացի մեկ էլ մոծակներն են Հիտլերին տեղը բերել: Կծելիս իրեն մի քիչ խնայել են` ուշ-ուշ է քորվում:
Քադը սպասեց: Հիտլերն արթնացավ, պողպատե դեմքով ամերիկացին նրան չճանաչեց ու զնգաց նույն նշանակությամբ` դատարկ, միատոն, անասելիք, պողպատահունչ: Հիտլերը վարակվեց տատիկից ու դանթեց մի քիչ:
«Վախ փակ տարածությունից,- համոզվեց Քադը,- կլաուստրաֆոբիա: Աչքերը փակում է, որ զգացնել չտա: Գնացքի խցիկն իր համար չափազանց փոքր է ու մատնող: Ինչպե՞ս չէի գլխի ընկել»: Գնացքը տարիքն առած կնոջ պես քստքստում է, մեկ աջ տալիս, մեկ` ձախ: Գնացքի մարդիկ կարդում են, սնվում, քնում: Նրանցից ոչ ոք Հիտլերին չի նկատել: Քադը բարձրաձայն ժամն է հարցնում: Հիտլերը բացում է մի աչքը և նայում ժամին` մի ժամ տասը րոպեից կհասնենք: Տասը րոպեից: Գերմանամետ ճշգրտություն է: Տասը րոպեից: Քադին սառը քրտինք է պատում:
— Շնորհակալ եմ: Համ էլ ողջույն,- ասում է Քադը,- գնացքը Ձեզ չի՞ ձանձրացնում:
— Ողջո՛ւյն, ամենևին:
— Տեղացի՞ եք:
— Ո՛չ:
«Ի՞նչ ռիսկի տեր է: Ուղիղ ասում է` ոչ»:
— Կընկերակցե՞ք ինձ, ընկերս քնած է, երկար ժամանակ է` նստած եմ: Գնա՞նք ծխարան:
— Գնանք, ինչու` ոչ:
— Երկա՞ր ժամանակ է` ծխում եք:
— Վերջերս եմ սկսել: Ինչո՞ւ:
— Հավանաբար մինչ այդ մտածում էիք` ծխախոտը հնդկացիների վրեժն է սպիտակամորթներից: Ու չէիք ծխում, չէ՞:
— Չէ՜: Մտածում էի չվնասել առողջությունս: Հիմա էլ կորցնելու բան չունեմ:
— Ինչո՞ւ, որովհետև բոլորը կարծում են` մեռա՞ծ եք:
— Ի՞նչ տարօրինակ հարցեր եք տալիս:
— Օ՜հ, ներեցեք, ներեցեք: Ի՞նչ նախասիրություններ ունեք:
— Բոլոր առողջ տղամարդկանց նման սիրում եմ ֆուտբոլ, երաժշտություն, գրականություն և կին:
— Սպասե՛ք կռահեմ,- գուգլում է Քադը,- ֆուտբոլում` Շայկեն, գրողներից` Կարլ Մայնը, իսկ երաժշտության մեջ, կարծում եմ, Րիխարդ Վագներն անգերազանցելի է:
— Ի ՜նչ եք ասում: Նրանցից ոչ ոքի չեմ ճանաչում:
— Հըմ, ես առաջարկեցի, բայց ծխախոտս վերջացել է: Դուք չէի՞ք…
Տղան, որ փռշտում է Քադից աջ, ստիպում է նրան կտրվել գործից ու իրեն առողջություն մաղթել:
— Վերջին երկուսն է, մեկը` Ձեզ, մեկն էլ ինձ:
— Շնորհակալ եմ: Այս ի՞նչ ծխախոտ է, անծանոթ է: Հի ՜ն է երևում:
— Պարլամենտ է սովորական: Սիլվեր: Գրպանումս թրջվել էր անձրևից: Արևի եմ տվել` գույնը գցել է:
— Հա ՜… իսկ ի՞նչ գործով եք եկել:
— Ճամփորդում եմ, էլի:
— Իսկ ինչո՞ւ չեք վերադառնում Գերմանիա:
— Չլինի՞ մենք ծանոթ ենք,- զարմացավ Հիտլերը:
— Հնարավոր է,- ժպտաց Քադը:
— Ես խիստ մոռացկոտ եմ վերջերս դարձել:
— Ձեր տարիքը դա թույլ է տալիս: Ասում եք` ինչո՞ւ չեք վերադառնում:
— Անձնական պատճառներ ունեմ: Եկեք վերադառնանք խցիկ: Գիշերը լավ չեմ քնել, արժի մի փոքր էլ աչք կպցնել:
Քադի սիրտը պայթում էր վախից ու հաճույքից: «Ում ասեմ` չի հավատա»:
Ամերիկացին ականջակալով է ծնվել, ու ականջակալով էլ պատրաստվում է մեռնել: Երևի: Տատիկ ունեցող երիտասարդը դատարկ ջրից դատարկված շիշը խփում է պատին: Քնել չի կարողանում, բայց և չի ասում բարի լույս խոսակցությունը շարունակելու համար:
Քադը աչքը թեքում է թե չէ` ամերիկացին չքանում է:
«Գնացել է դեմքի հետևից»,- մտածում է Քադը:
Քադի ընկերն այդպես էլ չի արթնանում: Գնացքը հասնում է վերջնակետին: Հիտլերը դուրս է գալիս: Քադը հուսահատ վազում է ետևից.
— Մնաք բարով, Հի՛տլեր:
— Մնաս բարով, Քա՛դ: