իմ ցաված սիրտ,
քեզ ո՞վ հետ կբերի
քեզ ո՞վ հետ կբերի
Աշոտ Խաչատրյան

***
պատկերացումները սիրո մասին
դատարկ տարածք են՝
լցված ներսի դատարկության մեջ.
ընկերուհիս ասում ա՝
երբ 13 տարեկան էի
ու մրոցի էինք խաղում մեր տանը,
ես երազում էի մի անգամ պարտվել,
որ ինքը իրա մրոտ ձեռքերը
մի անգամ սահեցներ դեմքիս վրայով

իսկ ես սիրո մասին չեմ խոսում

ամեն օր Սարյան փողոցում նստում
ու տաք ամերիկանո եմ խմում,
անպայման կաթով
կաթի էն թեթև համը դուրս գալիս է,
մանավանդ Սարյանի վրա
Սարյանի մեջ ինչ-որ հիմար ռոմանտիկա կա,
ու պահի տակ ինձ էս ամեն ինչի մի մասն եմ զգում
մարդիկ են անցնում
ու սկսում են ինձ էլ տանել իրենց հետ
ու կյանքը գնում է առաջ
ու ես եմ գնում առաջ
ու չեմ կանգնում մի տեղում
որովհետև էս երկրում,
ախր,
դա ամենաանիմաստ բանն է
մի օր մտածում եմ,
որ ամեն ինչ անիմաստ եմ անում
մի օր արածս ամենաապուշ քայլը
իմաստ է ստանում
ու ուզում եմ մեկի դեմքի վրա
մրոտ ձեռքերովս մատնահետքերս տպեմ
որ մեկի դեմքին լինեմ
մեկի մեջ լինեմ
մեկի ներսում լինեմ
ու մեկը լինի իմ ներսում
ու իրար հետ նստենք Սարյանի վրա
խմենք տաք ամերիկանո
ու գնանք մարդկանց հետ
գնանք ու գնանք
շատ գնանք
մինչև հասնենք մի տեղ
դե բոլորս ենք չէ՞ ամեն ինչ անում
ինչ-որ մի օր
ինչ-որ մի տեղ հասնելու համար

***
կարինեն ասում ա՝
պարտության օրերը սպիտակ են լինում
կյանքի երակը բռնած մարդու ձեռքի ափը
միշտ տաք է լինում
սրտի աշխատանքը արագ
ճակատը բաց
հոգին՝ ազատ
ազատագրումը երևի ամենասիրուն
ու ամենադժվար բանն ա
բայց մի անգամ
մի անգամ
կոտրելով բոլոր արհեստական սկզբունքները
պետք ա կանգնել նրա դիմաց ու ասել
ասել՝ գիտե՞ս, ես քեզ սիրում եմ
ու ուզում եմ թաթերովս սպիերիդ կպնեմ
շոշափեմ
ու բաց ճակատ
տաք ափերով
սրտխփոցով
բռնել կյանքի երակը
ու գնալ
գնալ
գնալ ապրելու…
***
դու երբեք իմը չես լինի
ես գիտեմ, իմ սեր
արթնանում եմ
հավաքում սենյակս
տարածքս
տունս
ինձ
ապրում եմ սովորական մարդու կյանքով
լվանում եմ ամաններս
զբաղվում գործերովս
գնում խանութ
աշխատում
սպասում
սպասում
սպասում
հետո,
երբ արևը նեղանում
ու ինձ մեջքով է անում
ես էլի քեզ եմ հիշում,
իմ սեր
ու փախչում եմ տնից
ընկնում փողոցները
ծխախոտի,
մթի ու ալկոհոլի մեջ
քեզ փնտրելու,
իմ սեր
ականջակալներս ականջներիս
երբեք չեմ լսում էն երգը,
որ ամեն անգամ ձեռքը թեթև ուսիս է դնում
ու հիշեցնում ինձ,
որ դու երբեք իմը չես լինի,
իմ սեր
ու սպասում եմ՝
իմանալով որ դու չես գալու
կամ էլ գալու ես,
կամ արդեն եկել ես
կամ միշտ ես եղել
բայց ոչ իմը
երբեք ոչ իմը, իմ սեր

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն