Քանզի այն, որը մեկուսացրել է մեզ,
ցանկանում է
ապահովել իրեն՝ միացնելու նորից:
Ռ.Մ. Ռիլկե
Ծաղիկներով շաղված գետնին ծնկներով հենված, երկու ձեռքերով բռնել էր իր ծնկած մարմնի դիմաց կանգնած Հիսայու ոտքերն ու ոտքերի արանքով նայում էր, և հայացքը հաստատ կար: Անորոշ: Ուղղությունների մեջ: Անհայրենիք: Երկար վարսերով Հիսային պաղ և անշարժ: Քամին, որն անցնում էր շորերի միջով և քսվում մարմնին՝ դողացնելով ճկունության անհնարինությունը միայն, այն նույն քամին էր: Երբ նե կանգնեց տանիքի եզրին անսթափ՝ կուլ տված հեղուկների բազմապիսությունից, և ներա հաստ շալը թափահարվում էր և երբ թվում էր, թե իրապես սրվել է ու վերջ, ուր որ է: Քամին շալի ծայրը խրեց տանիքի շրթունքին բուսնած երկաթե ձողի մեջ և շալը ձգելով ներա պարանոցը՝ կանխեց: Լռությունը, որը միշտ միայն սխալ բաներ էր ասել: Այդպես թվաց ներան: Ուրեմն ձիգ բռնել էր երկարահեր Հիսայու ոտքերից: Նե չէր վախենում, որ Հիսային պիտի կռահեր, թե ինքը սիրահարվել է, ներա համար միևնույն էր: Թե ուր կգնա հետո և ում աչքերին վերևից կնայի և դեմքով կքսվի դեմքին Հիսային: Ներան միևնույն է: Հույս չկար: Պարտվեց: Չիմացավ՝ ինչպես վարվել տրվածի, սեփական կրումների հետ՝ կրելով դրանք հաշտ: Սա էր առավոտյան արթնացման մեջ կանխել գալիքը միանշանակ և հարց չկար՝ ինչու: Հույս չկար, լուռ էր ներսում: Եվ այո,- ասաց, այո,- հիշողությունը հաղթում է անզարդ ներկային, պարզ է: Սպիտակ սենյակի վերևի պատերից մեկի երկարությամբ, եթե միջատ լինես և շարժվես, դու կհասնես ներա գլխին, որը սեղմած կլինի մահճակալի փայտին: Ճերմակ սավանի վրա՝ ոտքերի տակ անկողնում նստած կլինի տղան: Եթե լիներ համատեղումը ժամանակի և սերը նույնպես եկած լիներ: Նե պառկելու փոխարեն գազարից հյութ կքամեր ու թափանցիկ բաժակի մեջ կմատուցեր իր սիրելիին, կճանապարհեր նրան աշխատանքի, կնայեր պատուհանից, երկու ձեռքերով կհաներ սիրտը ու կտար: Բայց եթե այդպես չէ: Քանի որ այդպես չէ, և բաժանվելուց առաջ չեղան խոսքեր գալիքի մասին, ուրեմն չեղան, որպեսզի երբեք չտատանվեն ցանկության կամ երազանքի արանքում, այլ եթե կային, ապա մնացին ներսում՝ անձայն, ապահով, բայց լռությունը բողբոջներ տվեց, փթթեց ժամանակի անկարողության մեջ՝ զտելու և մոռացնելու: Անձայն խոսքը ստեց և հավատացրեց: Այն ամենը, ինչ կարող էր լինել, արդյո՞ք ավելի ուժեղ էր իր չեղած լինելու, բայց ցանկալիության եզրին դեպի երբեք: Այո,- ասաց,- մահերի մեջ կա տարբերություն: Ուրեմն տարբերությունն է մնում: Ծովի ալիքներ էին գալիս: Նայել էր նրան և չէր կարող մոտենալ և չէր մոտեցել վախենալով ճակատագրից: Ծովի ալիքներ էին գալիս և ծովի եզրին ծնկած նե՝ առանց հետ նայելու քարեր էր նետում հետև, բայց այդ քարերից ոչինչ չէր ծնվում, նույնիսկ պաղ դմփոց գետնին: Եվ նե չդիմանալով (և ի՞նչ իմաստ ուներ) ողբաց բոլոր ձևերի դատարկությունը և ողբն ինչպես միշտ միայն փաստեց այլ լեզվով ու ոչինչ: Շրջազգեստը, որ հավաքել էր ձեռքերում: Դրա մեջ սերմեր էր լցրել հազար տարի առաջ, մաշվել է հիմա: Սերմերը, որոնք թաղվեցին, որ ծիլ տան, ծիլ տվեցին: Տվեցին,- այո,- ասաց,- տվեցին: Եվ մեկ ուրիշ սերմ էլ եղավ, որը կար դրանց մեջ, բայց այն աննկատ մնաց՝ ոչ աչքից հեռու ծաղկելու պատճառով, այլ այն իր ապագա նյութի կանխավ գիտակցումից պարզապես հետ էր աճել հողի էլ ավելի տաք շերտերի մեջ, և նրա ինքնաբավությունը այլ ծլերի կողքին ներկա չէր հիմա, այլ իր հոր մոտ էր՝ խորը, խորը, խորքում: Ուրեմն հիմա, եթե հիմա, ուրեմն: Ուր փնտրել աղոթքի արձագանքը: Հիմա, թե շարունակությունում: Ձևերի ծայրահեղ վարքագիծը չէր մեկնվում: Եվ միայն կռահումը, որ ամենայնի մեջ կա խորհուրդ, կռահումն էր, որ կար: Ավազի հատիկները Հիսայու մազերի մեջ տեսավ: Երևակայեց տղամարդուն՝ ճերմակներ հագած, այրող արևի տակ պառկած, և աչքերը լայն բացած դեպի՝ նայելուն անհնար ճառագայթները: Հիսային արևից էր եկել: Նրանց մեջ չկար տարբերություն: Եվ Հիսայու ոտքերը ամուր գրկած նե ողբաց ու չկարողացավ բառել, որ անվերջ նույն երազն է տեսնում: Եվ չի կարողանում, ոչ, չի կարող: Էլ ավելի ամուր սեղմվելով նրա ոտքերին, նե մթագնած մտքում կրկնեց, կրկնեց. «գուցե վերջապես վերցնես փայտդ և գնաս» «գուցե վերջապես վերցնես փայտդ և գնաս» «գուցե վերջապես վերցնես փայտդ և գնաս ու քեզ կտրվի» -Այո,- ասաց,- այո: Ու արթնացավ օր և Հիսային չկար: Մենակությունը վերածնել սկսեց ենթագիտակցության վրա հետքված բոլոր սաղմերից: Հիշողությունը՝ անաշխարհ, հիշողությունը աշխարհով լեցուն խեղդեց, խեղդեց առանց հարց: Եվ նե ձայնով ողբալով մտքում գոռաց, որ ուզում է գուլպաներ նվիրել, որ իմաստ չունի ձմեռը, եթե Հիսայուն շարֆով պիտի չտեսնի, որ կընկնի նրա ծնկները, կբռնի, չէ՞ որ զգում է, որ պետք է ինքը: Իր համար նրան, որ նրա համար՝ իրեն: Եվ եթե անէությունը շրջեր իր երեսը ու խոսեր՝ ներան բացելով Հիսայու սիրտը, որն անարձագանք էր իր սիրո դիմաց: Ներան չէր կանխի ստորացման միտքը: Նե անկորուստ էր: Եվ դա հաստատ: -Ոչ,- մերժման մեջ չկա պարտության համ, բոլոր համերը տիեզերքի բերանում մեկն են,- ասաց: Այս արարողությանը հաղորդակից լինելու շնչառության պակաս: Մերժումը, որպես ոչինչ, որը վերցնում է մայրը զավակից հաշտ: Որ այլևս երբեք չհանդիպեց նրան, նե շարունակեց ծնկի գալ հիշատակի առաջ, որ կրումից հաշտության հոտ է գալիս,- դե լավ, ասաց, այո,- ասաց, նրա անունը Հիսայի չէ: Որտեղ է իմ պարտությունը.-կասկածեց,- եթե իմ ձայնը ինձ չի լքում,- ասաց: Այո,- ասաց ես կին եմ,- ասաց: Սիրուհի և մայր եմ: Դուստր եմ: Կին եմ,- այո, կին եմ,- ասաց: Մարդ եմ,- ասաց: Եվ դու: Նա մարդ է,- ասաց: Դա այսօր էր: Ջուրը հարցրեց, թե ինչով պիտի լվանան իրեն, որ մաքրվի, և յոթ օր լուռ անձրև տեղաց քաղաքի վրա: Պատասխան չառավ անձրևից ջուրը, գումարվեց ջրին, դարձավ նորից ինքը: Օվկիանոսի բարձր ալիքները ցածրանում են մի պահ: Ժայռը ժամանակի մեջ մաշվում է ջրի լեզվից և ջուրն տառապում է: Նա սեղմվում է երկրի կրծքին դեմքով և ասում նրան՝ մայրիկ: Վերևից երկինքը ցածրանում է, հասնում է երկրին. ջուրը դառնում է հոիզոն: Երբ արևը դուրս գա: Դա միշտ այդպես է: Նա կվերադարձնի իր զավակին հետ: Եվ ճառագայթներում գոլորշիացող ջուրը հարության մեջ կգտնվի, քանզի հարության մեջ կլինի հույսի վարձը: Այո,- ասաց: