***
Ահա հողը`
բոլոր անդունդների տարողությամբ,
փոքրիկ թրթուրների մազանոթներով վազող
նախկին մի մահվան վրա, որի
առաձգականությունն է ննջում մոտեցող
բահերին:
Ահա թրթուրները`
վերջապես ծառերից իջած…
Անկումը հրավերք է
ավելի խորը չիջնելու,
եւ սպասումն անկման
միայն երկնքի հերթական գույնն է`
կուտակվող որպես առաջին դարձ:
Ահա բահերը`
վերջապես ծառը անվանած,
բնազդով անապատների ու անհայելի
ջրերի շեղբով,
լուռ կուտակվում են
մահարձան փառքի հաջորդ օրվա շուրջ`
սրբագործելով տարածությունը:
Ահա ծառը`
թրթուրների մասին աղոտ հիշողությամբ…
Վերեւում երկինքը` Տիեզերքից եկող…
Հողը անդունդ դառնալու հոգնած առավելությամբ
սեղմվում է
բահերի մեջ…
Ի դեպ` ահա Տիեզերքը`
Աստծո միակ կիսադեմով…
***
Սիրտը դրկից մայրամուտին,
աշնան խնամք տեսած բառեր,
երկու աշխարհ այս կողմ մտիր,
տես, Կայենը գույն է բռնել:
«Կյանքն ապրելու բան չէ»,-ասաց
ասացողը ապրեցնողին,
ու մի սեւ քուն ժանտահալած
երազի մեջ տեսավ մոխիր:
Կիսատ անուն կիսատ եղբոր
կիսատ մահվան կիսատ վճիռ
տեսավ, տեսավ ելքը ծեփող
հույժ ընդառաջ եկող ողջի:
Լուսաբացի հաջորդ պահին
տեսավ ձյունը ճեփ-գառնարյուն,
կիսատ եղբոր միակ մահը
տեսանվանած մյուս աշխարհում:
Որտեղ սիրտը վճիռ չունի`
թաթախվելու բառերի մեջ,
որտեղ ելքը մի հնչյունի
առասպելն է արարչամերձ:
Որտեղ մի կյանք պակաս եղած
երկու երազ դարձան հասցե,
որտեղ խաղն է վխտում մեղաց`
չտեսնված անմիզանսցեն:
Դավաճանի եւ հերոսի թեման
Առաջին անգամ նա ժպտաց մարտի 1-ին,
ըստ պատմաբանների, զորամասում սեղմել էին նրա ձեռքը,
հետո խփել ուսին` հիմա կամ երբեք,
նախկին դասղեկը պատմում է` աչքերում
խավար կար, նստում էր աղջիկներից հեռու,
ծանոթ բանաստեղծը չի ստի`
շարքերում անեկդոտ էին պատմում,
քահանան կլրացնի ոստիկանության ամփոփագրերում`
ձեռքը ձգանի վրա էր, սիրտն Աստծուն էր լսում,
ամբոխից մեկը տխուր կավելացնի`
հրաշալի հրձիգ էր, երկու հոգու
փռեց գետնին փակ աչքերով…
Մնացածն, ինչպես հեքիաթում`
նախորդ օրը գրկել էր մորը, քրոջը,
երազում տեսել էր ծառից ծիկրակող մառախուղ,
որն աչքերի մեջ գծում է մինուճար Հայրենիքի
անզորությունը,
եւ փակ աչքերով, անկասկած փակ աչքերով
վայելել էր զորամասի հրամանատարի
քաջալերանքը` զինվոր, քու մերը…
Տղաների համար նա օրինակ էր…
Եվ միայն մայրը գերեզմանոցում կվերծանի որդուն`
նա ժպտացել էր փակ աչքերով
եւ դադարել ժպտալ…
Մինչեւ թիկունքից կհասներ
բաց աչքերով միակ փամփուշտը…