ՄԻ ՈՏՆԱՉԱՓ ՍՊԱՍՈՒՄ
sms ստացա +37477137030-ից.
«Իտալական կոշիկ ունես 39 համարի.
ի՞նձ ես շատ սպասում, թե՞ :) ե:
(Երբ ոտքը Երևանում է,
կոշիկը` Միլանում,
տարածությունը դառնում է մի ոտնաչափ:
Եվ ժամանակը սպասումն է,
ժամանակը դադարն ու համբերությունն է,
քայլից առաջ խորը շունչն է,
որովհետև հիմա-ի պահին ժամին չես նայում,
հիմա-ի պահին ապրում ես,
հիմա-ն հանցանքի վայրում չի բռնվում,
դու չես հիշի դեմքն ու շորերը,
որովհետև աչքերդ փակում ես… որ տեսնես…
Հիմա-ի մասին ուրվականները թափառում են առաջ ու հետո,
նրա մասին խոսում ես, գծում-ջնջում-նկարում-ճղում առաջ ու հետո,
հիմա-ն քամվում է մտքում մինչ գալն ու գնալուց հետո.
ուրվականը կա, ինքը չի լինում):
Ու մտքերիցս գոհ,
շնչակտուր,
ես ոտքերով ծափ եմ տալիս
նստած ճամպրուկի եզրին,
ու մատներիս արանքից խլվրտում է Իտալիան
ո-տա-բո-բիկ:
***
Երբեմն վարունգը պարզապես վարունգ է:
համարյա Ֆրեյդ
Դռան վրա գրված էր.
«Սենտիմենտ չկա,
ռոմանտիզմ չկա,
NON — զեղում,
խեղում,
շեղում»:
Ներսում սառը վարունգի հոտ էր,
ինստրումենտալ ջազ,
լաքապատ հատակ,
սպիտակ անկողին,
ինչպիսին լինում է գժանոցում,
հիվանդանոցում
ու դրախտում,
պարապ վախտի սերս էր,
ում հետ բարևը վերջանում էր աշխարհը տակնուվրա անելով,
ում գնալուց հետո վերցնում էի ավելն ու լավ աղջիկ դառնում,
քստքստոցով մաքրում կեղևներ ու բառեր,
բառեր ու կեղևներ,
ու լռությունը ֆալոսի… թու~… վարունգի ձև էր ստանում…
……………………………………………….
Լուսնի եզրագծից չգլորվեցի,
պատուհանի գոգից չընկա,
ոչինչ դոշակի տակ չխոթեցի,
չշեղվեցի,
շխեղվեցի,
երբ մաման թակեց դուռը`
վարունգի թեյը ձեռքին:
“Tea for one”
Դողացող քաղաք Էդինբուրգ,
առաջին պատահած թեյարան,
շոտլանդական թեյ ու Zeppelin “Tea for one”…
Դեղին կետերով կավե բաժակը տաք է երևի
դեկտեմբերյան կանգառում կանգնածի երազանքի պես…
Ես չգիտեմ ջերմափոխանակության սահմանումը,
բայց զգում եմ ոնց է գոլորշին անցնում մաշկիս տակ,
ես շնչում եմ թեյը ու բաժակի մեջ արտաշնչում ինձ,
թեյը շնչում է ինձ ու արտաշնչում թոքերումս…
…Խեղդվում է թեյը մարմնում,
մարմինը սուզվում է բաժակում,
թեյախմությունը սկսվում է,
երբ ամեն բան հեղուկ է դառնում…
Քրտինքը` թեյահամ ու տաք,
մարմինը` կանաչ ու խոնավ,
և իմաստները հոտերի հետ
թռչում են սենյակում,
խորն է շնչում տղամարդը կողքիս,
ու կուլ տալիս հայացքս մի ումպով:
Սառած Արևմուտքի հալոցք
արևելյան ոճով,
թաց կոշիկներից հոսող ցեխաջուր,
գոլորշիացող Էդինբուրգ,
թեյում լուծվող տղամարդ
ու Zeppelin “Tea for one”…
Օ՜, ԻՄ ՊՈԶԱՎՈՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Քերթող լինելդ կաշիս քերթելու իրավունք չի տալիս:
2010-ի նոյեմբերին ցուրտ էր ու մենակ,
և ես դողում էի սիրելու… չէ… գրելու ցանկությունից:
Մասնավոր բարոյականությամբ
մտքով տեղափոխվեցի կանանց գաղութ, երբ հասկացա,
որ սերերիս թիվն ուղիղ համեմատական է գրածներիս:
(Հետո՞ ինչ, որ աստված մոռացավ ասել.
-Մուսաներ մի’ շինիր քեզ համար:
-Եթե շինել ես, տիրությու’ն արա:
-Սիրում ես, սիրի’:
-Գրում ես, գրի’:
Դե լավ, աստված էլ է մարդ.
չի հասցրել,
չի նկատել,
չի ենթադրել…
Ու ես` ճշմարիտ քրիստոնյաս,
խոնարհաբար խմբագրում եմ պատվիրաններդ,
ու անգիր արած սցենարով
ամեն մեղքից հետո
իմ ոտքով գնում պատիժս կրելու):
Հ.Գ.
Պոեզիայի աստվածը մարդկային զոհեր է պահանջում.
երես մի’ տուր:
Պոեզիայի աստվածը շոյում է գլուխդ, երբ կուշտ է
ու քացով ուղարկում որսի` երբ սոված:
Տաթ, զգույշ եղիր.
հերթի վերջում դու ես կանգնած…