***
Բոլոր տարաձայնություններդ իրականության հետ
տեղադրեցիր անոթի մեջ, որն անվանեցիր «Երազ»:
Խիղճդ վ աճառեցիր Անձրևին, որն մինչ օրս սրբում է
դեպի վ իսկի տանող ոտնահետքերդ, մեղքերդ
թաքցրել ես դատարկ տարածություններում,
որտեղից ելքն անիրական է թվում:
Ու սկսում ես կուլ տալ այս քաղաքի տոթը,
որն ստիպում է արյունաքամ լինել, և ամեն օր՝
գիշեր ու ցերեկ, ծնունդ ես առնում և փորձում թռչել …
քեզ գրկում է քամին, շատերը նախանձում են իրեն,

քամին հեգնանք է …
դու կսովորես թռչել …

***
Երբ մոտակա խանութը մթերք էր ընդունում,
գետնանցումներում հրեանեը 3-րդ ռեյխի
լուսանկարներն էին վաճառում:

Երկրագնդի մակերեսը հարթ էր,
Ու ես քայլում էի նրա սյուրռեալիզմի երկայնքով
հաշվելով ձեռագիր ամպերը՝ 1 …9…39…

արևելքից փչում էր գիտակցական կոլապսը,
ու ես շնչում էի այդ անհոտ բութանը …

ես հետևում էի երթուղայինների խառնաշփոթին,
գովազդներից խեղդվող շրջակայքին,
ծրարներով լցվող աղբամանին…

հեռախոսս լուռ էր, ես նույնպես,
ու լռությամբ մենակության էի մատնում
ետևումս թարթող ազդանշաններին…

առջևումս ներսս չթափանցող պատուհանների
զուգահեռներ էին, ու ես նրանց ռենեսանսը չէի,
այլ այն էի, ինչը կթեքեր բառախաղերով
լցոնած հրանոթը նրանց ուղղությամբ,
ու կրակ կտար, գուցե…

***
Քաղաքը լողում է ջրափոսում, ուր
ջրախեղդ են եղել բոլոր չոր օգոստոսները:
Խոնավությունից կծկված կաղնու տերևների
շողքը պտտվում է պարանոցիդ շուրջը:
Ետնախորշում բնակվող նոստալգիան
գրկել է մթնոլորտը, և նրանով սնուցվող
չոր ու մերկ թփերը իրենց շուրջը
մոխրագույն են ածում…
Շողերը փորձում են ծակոտել թաց,
Ու ուժասպառ եղած մառախուղը,
որը պատուհաններից լրտեսում է
բնակարաններում անց ու դարձին:
Մեկ խոսքով, աշուն է՝ դրսում, և քո ներսում:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն