Վերելակն օդի մեջ հաստ պարաններից ճոճվեց, ընդհատ-ընդհատ թափահարվեց, լույսն անջատվեց: Երեք հղի կանայք փորերը երկու ափով գրկեցին, ճչացին: Վերելակ մտնելիս նրանք միմյանց ժպիտով ճանապարհ էին տվել: Խոր ներքևից ճտճտոց լսվեց, հրդեհի լույսը անկյունաձև շողերով դռան անցքերից պատերին շարվեց: Վերելակը կանգնեց:
Երբ մանկական սնունդ և հիգիենայի պարագաներ գովազդող ցուցափեղկին մեջքով կանգնած կինն ընկավ ու ցավից գոռաց, նրա դիմացինը փեղկի ապակու մեջ իր փորի պես կլորացած, շշի գույն ունեցող աչքերը տեսավ, տեսավ նաև, որ ինքն ու ընկնողը նման են իրար: Վերելակի հատակը թրջվեց: Ընկածը ծննդաբերում էր: Անկյունի փոքրամարմին կինը վտանգված ու տագնապած` շուրջը փնտրեց, լացեց, հատակի թացի մեջ չռչռոց լսվեց, նրա վարդագույն շալվարը թրջվեց: «Դու էլ ե՞ս ծննդաբերում»,- գոռաց ապակում աչքերը տեսած կինը, վախեցավ իր ձայնի զիլ արձագանքից ու ափերով խփեց վերելակի դռանը: «Չէ, նրան օգնիր»,- խեղդված ձայնով գոռում էր վարդագույն շալվարովը: Միզում էր:
Ապակում իր մազերից լսվող ծիծաղը կինը վերագրեց բջջայինի կապ չունենալուն, ոչ թե ընկածին օգնելու իր ցանկությանը: Շոգը ծակծկում էր նրանց դեմքերը: Ծանր հետույքով դժվարությամբ նստեց թաց ու տաք հատակին: Պտղաջրերի և մեզի շիթերը փոքր առուներ դարձած դռան արանքից թափվեցին թվացյալ անսահմանության մեջ, իրականում բարձրացող ծխի մեջ կորչում էին կաթիլ-ձայները: «Մոր և մանկան խորհրդատվական կենտրոնի» կազմակերպած սեմինարում ամենից շատ հարցեր տվողն էր: Մի պահ շփոթվեց սև փաթիլներով ծխից, ներքևում ճարճատող կրակից, լացից, տնքոցներից, բայց արագ կողմնորոշվեց ու ընկածի փեշերը ճղճղեց: Ընկածի լացը դագաղի մոտ կանգնած մոր կամ աբորտի մահճակալից իջնող, ներսից դատարկության ու մահվան քրքջոց լսող կնոջ լացի էր նման. դա ջղայնացրեց ապակու կնոջը:
«Ախր գիտեի, նա ինձ չի ներել, ախր երկրորդ աբորտից հետո ո՞վ է երեխա բերում»: Ասաց ընկածն ու վերև նայեց: Երբ մեղքի զգացողությունը խեղդում է, այդ պահին վերելակի քառակուսի առաստաղին էլ են նայում, վերելակի դատարկությունն էլ կարող է արձագանքել:
Ապակու կինն ուշադիր նայեց նրա աչքերին, տեսավ նրա տառապանքը, որն օդում կախված վերելակի խորությունն ուներ ու շոյեց գլուխը: Սրահում բոլոր հղիներն էլ նման էին իրար, բոլորն էլ աստվածային գեղեցիկ, բայց այստեղ տեսավ, որ հղիությունը չի ընկածի գեղեցկության պատճառը, այլ այդ խորությունը, քրտինքից թրջված ճակատի մազափունջը և թաց ազդրին մուգ դեղին լույսի ճառագայթը: Երբեք չէր պատկերացրել, որ իր ձեռքերով ճերմակ ու թաց ազդերերից այն կողմի կյանքն է հմայելով կանչելու, հետո պատրաստ սպասելու… Բացված ոտքերը թռչելու պատրաստ թիթեռի պես էին: «Լավ բաների մասին մտածիր ու խորը շնչիր. քթով կշնչես, որ չծարավես»,- ասաց ու հևալով` հանեց ընկածի ռետուզ-վարտիքը: Նա ուզում էր փնտրեն իրենց:
Ընկածն աչքերը փակեց, հաղթահարեց որովայնը ճնշող, ներքև սեղմող ցավը, մեղմ ժպտաց. «Դաշտում լորի բույն էի գտել, մեջը երեք ձու կար, փորի վրա պառկեցի, ձվերին վերցրի ափիս մեջ, ուզեցի փակեմ ափս, ճզմեմ դրանց սպիտակ պուտերով կեղևը… Լորն եկավ ու ուղիղ կանգնեց դիմացս. ուշադիր նայեցինք իրար. սև հուլունքից աչքերն առանց փախցնելու, տուտուզը շորորացնելով եկավ ու նստեց ափիս մեջ` իր ձագերի վրա»: «Իր ձագերի վրա» բառերն ասելիս ձայնն ու ժպտացող շուրթերը դողացին:
Անկյունի փոքրամարմին կինը վախից կծկված կանգնած էր: Մարմինը, փորն ու ցցված պորտը շատ աններդաշնակ էին: Դեմքի` հավանաբար մանկական ջրծաղիկից մնացած սպիերը լույսի թրթռոցից փոսի պես էին դառնում: Մտքում իրեն համոզում էր, որ անցքերից անընդհատ ոտքերին փչող տաք քամին վերելակի դռներից այն կողմի լռության հետ կապ չունի: Ախր մայրաքաղաք գալու ճանապարհին` մեծ մայրուղու ձախ ու աջ կողմերում, սատանի եղունգի համատարած սևությունը միանգամից, բոլոր բջիջներով զգացել էր, հետո մեքենայի շուրջը կանաչ էր, արևն էլ ապակուց այս կողմ նորից դեմքի սպիերը փոսերի պես դարձրեց, այնուամենայնիվ նրան չէր լքում «սատանի եղունգի» զգացողությունը: Ամուսինը ձեռքը բռնած` չէր նկատել, թեև տանը ինքն էլ էր տեսել, թե իր մայրը ոնց է կենդանի ագռավի որովայնը բացում, սև թևերը բացած մի քանի անգամ մտցնում եռացող ջրի մեջ, հանում ու դնում գլխին. միգրեն էր բուժում… Թոշակի փողերով բակի երեխեքից ագռավ էր առնում: Ամուսինը նկատել էր մոր հետզհետե կուրանալը, բայց միայն կինն էր տեսել, թե ոնց է սկեսուրը ագռավներն ու թոռնիկի տիկնիկները մեկումեջ փռում լվացքի պարանին, մոտեցնում-հեռացնում, փորձում էր իմանալ` իրեն որքան հեռավորություն է մնացել կյանքը տեսնելու… Մի օր էլ խարխափելով եկել-մտել է սենյակ, քնած հարսի փորին բացված թևերով սև թռչունին պառկացրել, սև կտուցն ուղիղ կրծքերի արանքում թողել գնացել է: Հիվանդանոցի շենք մտնելիս կինը շուրջը փնտրում էր` հո սև, մեջքը արևից կանաչող թռչուններից մոտերքում չկա՞ն…
Անհեթեթություն էր համարում կնոջն օգնելը. «Ինչ տարբերություն ինչպես կմահանանք, ծնված երեխան հետներս, թե առանց նրա, վերելակը շենքում վերուվար անելով` մահն անընդհատ մեզ հետ խաղում է»: «Խաղում է» բառը բարձր ասաց, կանայք կարծեցին խոսքը որովայնում երեխայի խաղի մասին է:
Ինքն առաջինը զգաց վերելակի դռների կիսաբացվելը, երկու կանանց շփոթ-հևոցների ու ոտքերի վրայով ցատկեց, չնկատեց, կոխրճեց-կանգնեց ծննդաբերողի ձեռքին ու տեսավ երկու հարկերի հենց մեջտեղում էին` ներքևն ու վերևը հավասար, հավասար վտանգավոր: Շոգն ու սև ծուխը փախան դռներով, ազատվեցին վերելակում ճնշող ցավերից, ձայներից: Վերևի հարկում սպիտակ խալաթավորներ էին միջանցքում զրուցում հիվանդների հետ: Երկու անգամ թռչկոտեց` երկու անգամն էլ կոխրճելով ընկածի ձախ ձեռքը: Ափերով խփեց դռներին: Ծղրտաց. «Օգնեցեք»: Թիկունքը ծակեց ապակում իր աչքերը տեսած կնոջ հայացքը, նրանից զզվեց, որ հարցրել էր. «Դու՞ էլ ես ծննդաբերում»: Նայեցին իրար. երկուսի մտքով էլ անցավ` բարձրանալիս է՞լ են միասին եղել…
Գեր բժիշկը տնքտնքալով վազեց դեպի վերելակը, կռացած չկարողացավ օգնել կնոջը, փորի վրա պառկեց, ձեռքերը մեկնեց, հազիվ էր բռնել կնոջ ձեռքերը, վերելակը աչք թարթելու պես իջավ, տղամարդը հասցրեց միայն գլուխը հետ քաշել, մարմինը մնաց վերևում` նրա ոտքերից բռնած օգնողների ձեռքին` առանց թևերի: Անկյունի կնոջ ափերն ամուր բռնած` կտրված թևերը կախ ընկան, թափահարվեցին, խալաթի թևեր-կտորներն ընկան արյան, մեզի ու պտղաջրերի մեջ. թևերի թափահարվելը կամ կնոջ վախից էր, կամ ձեռքերի` մարմնից անջատվելու անակնակալից…
Ծննդաբերողն ավելի բարձր գոռաց. փորձեց հաղթահարել և ցավը, և հոտը, և կտրված թևերը… Վերելակի թափահարվելով իջնելը և ընկածի ցավից սուր ճիչը միմյանց լրացնելով օգնեցին երեխայի ծնվելուն… Երեխան փոքրացրած ծերուկի էր նման: Երևի դեմքի մանր կնճիռները տաք վերելակում պատահաբար ծնվելու վախից էր… «Ես չգիտեմ նրա սեռը,-գոռաց կինը,- սարքն անընդհատ ցույց էր տալիս, որ երկու թաթիկները ոտքերի արանքում են ու նա ժպտում է»: «Տղա է»… Օգնող կնոջ մեղմ ժպիտն ու երեխայի լացը նման էին իրար…