հոգին ոտաբոբիկ վազում է հենակների վրա
հոգին թակում է առեղծվածի երկաթե դռները
հոգին փնտրում է ավելին քան խոստացված աշխարհները
հոգին քայլում է սենյակում ետ քաշում վարագույրը
հոգին պատռում է իր դեմքը անտարբերության սուր անկյուններին
հոգին սուպերմարկետ է մտնում և պատկերներ գնում
հոգին նստել է հեռուստացույցի առաջ ու ժամի
հերթական նորություններն է նայում
հոգին հրաշք է ակնկալում բառերի տեսքով
հոգին լարվել է ժամացույցի սլաքների պես
հոգին ջարդված կամերտոն է գիպսակապ
հոգին վան գոգի անճոռնի կոշիկներն է կապերն այս ու այն կողմ ընկած
հոգին ամեն աստծո օր լսում է բախի կանտանտեներից
«wachet auf, ruft uns die stimme, bwv 140» քնելիս
հոգին կանգնել է հայելու առաջ ածելին ձեռքին մտածում է ինչ անի
հոգին աղբամանը շպրտած գարեջրի դատարկ շիշ է
հոգին դատարկ դրամապանակ է անպետք իրերով լծված ճռռացող սայլ
հոգին գիշերով դուրս է գալիս մի գավաթ սուրճ խմելու
հոգու վերնաշապիկը պատռված է
հոգին հունգարական բարում էժան գինի է խմում
հոգու սիրտը խեղդվում է հիասթափությունից
հոգին վարդեր է աճեցնում իր պարտեզում
հոգին նայում է մայր մտնող արևին
հոգին ամեն գիշեր երազում արածող փիղ է տեսնում
հոգին ընթրիքին գոլորշու վրա եփված բրոկկոլի ու գազար է պատրաստում
հոգին սողում է ինչպես կուղբը ասֆալտի վրա լպրծուն ու մածուցիկ
հոգին լքված շուն է ճեմող տիեզերքի ծառուղիներում
հոգին հյուրանոցի էժան սենյակում տառապում է
հոգին ատում է բոլոր նրանց ովքեր կյանքում
գոնե մի անգամ չեն պարտվել
հոգին ամեն օր վիտամինի հաբեր է կուլ տալիս
հոգին ամեն օր նոր աշխատանք է փնտրում
հոգին երազում է հասկանալի դառնալ
հոգին մեծ էսթետ է թանգարաններ է հաճախում ու օպերա լսում
հոգին թափառում է թատրոնների ու կրկեսի շուրջը
հոգին կռանում է գրամեքենայի առաջ ու ինչ-որ բանով զբաղվելու համար
տեսիլային պատկերներ է փսխում սրճարանների անձեռոցիկների վրա
հոգին թափառում է իրերի շուրջ անձրևի փշրվող ալիքների վրա
հոգին շեքսպիր է կարդում
հոգին ամսագրեր է թերթում
հոգին աստվածաշունչ է կարդում
հոգին ռադիո է լսում
հոգին ամաչում է քանի որ այնքան մաքուր է
հոգին թռուցիկներ է բաժանում ընտրությունների ու սեռավարակների մասին
հոգին քաղաքում մեռյալների հետ տաքսիով է շրջում
հոգուն ուղարկում են քաղաքի ամենահայտնի հոգեբուժարան
հոգին հրկիզվում է այրվող մեքենայի մեջ
հոգին հիվանդանոցում կոմայի մեջ է ընկնում
հոգին գլուխը մտցնում է կոկորդիլոսի բերանը
հոգուն կրակում են թունելից դուրս գալիս
հոգուն գնդակահարում են վագոնում
հոգին մեռնում է ինչ-որ անանուն հիվանդությունից
հոգին մահանում է մի բաժակ ջուր խմելիս
հոգին ինքնասպան է լինում գազախցիկում
հոգին տրամվայի տակ է ընկնում
հոգին անշարժ պառկած է խորունկ ցեխի մեջ
հոգին շրխկալով փակվում է ինչպես դագաղի կափարիչը
հոգին մեռած սառած սաղմ է մոր արգանդում
հոգին ցատկում է կամուրջներից մինչև մենություն
մինչև անմահություն մինչև մյուս կյանք
հոգին սպասում է վերածննդի նոր ոսկե շրջանի որ
նոր մարմնով լույս աշխարհ գա կրկին
հոգին խորհրդավոր կերպով սպասում է կրկին ևս մեկ անգամ
մատուցվող վերջին ընթրիքին
հոգուն զսպաշապիկ են հագցնում
հոգին կաղկանձում է
հոգին սիրում է հրեշտակներին
հոգին կարոտել է հիսուսին
ներս թողեք նրան