«Կոճակներն արձակվելուն պես մաշկն է սկսվում,
իսկ մաշկն ավարտվելիս՝
կոորդինատները»:«Մաշկը» (Deri, Yasakmeyve, 2017) հայկական արմատներով ժամանակակից թուրք բանաստեղծ Նիհաթ Օզդալի (Հալֆեթի/ Ուրֆա, 1984թ.) հայտնի եռապատումի («Կոճակներ», «Մաշկ» և «Կոորդինատներ») երկրորդ գիրքն է, որի համար 2017 թ. հեղինակն արժանացել է «Ոսկե դափնի» գրական մրցանակի:
«Կոճակներ» (DՖğmeler, Yasakmeyve, 2015) ժողովածուն բաղկացած է 50 «կոճակ» բանաստեղծությունից, որոնք «արձակելիս» մերկանում է մարմնի որոշակի հատված: Վերջին բանաստեղծությունը յուրատեսակ նախերգանք է «Մաշկ» ժողովածու համար՝
վերջին կոճակ
կոճակները վերջանան՝ դու կսկսվես…
«Մաշկի» 62 բանաստեղծություններն ամփոփված են երեք բաժնում՝ վերնամաշկ, մաշկ և ենթամաշկ: Ստեղծագործությունների առաջին տարբերակները գրի են առնվել մաշկի վրա աշխարհի տարբեր ծայրերում: Գրքի վերջին բանաստեղծությունը կրում է երրորդ գրքի անվանումը՝ «Կոորդինատներ»:
Ներկայացվող բանաստեղծությունները ընտրված են Ն. Օզդալի «Մաշկը» գրքից. հայերեն են թարգմանվում առաջին անգամ:
Զարկերակ
Կասկածը շատ քիչ տեղ է թողնում աննահանջ համանկումի արտահայտման համար: Մարդը երբեմն պետք է աչքերը ձիգ կապի: Վախն ու հույսը ճակատագիրդ մաշկիդ վրա գծագրելուս չափումներում շարունակվում են: Իմացյալ և հանկարծակի ձեռք բերվող համաձայնություններ կան:
Ոտքի հանած ջանքերս մե՛ր իսկ կանգնած տեղն անիմաստ են դարձնում:
Արդյո՞ք զարկերակն անցում է:
Գոյություն
Լաբորատորիաները միշտ մի շրջան ծանրաբեռնված են լինում, մինչդեռ
մաշկիդ վրա սկզբնավորվող կյանքը մշտապես գոյության պատճառ է:
Ճզմված մասերումդ մի նուրբ կոր էր գծագրված:
Հողն ու Նանան
Եթե ճամփա ընկնելու լինենք, ուղևորվելու վճռականությունը պետք է արժանի լինի հանդիպումների բույրին, որոնք ստիպված ենք իրագործել:
Արդյո՞ք նանան բույր է:
Նրա՝ կորսվելն անկարևոր համարող կկոցված աչքերը, որ կիսադեմից ավելի խավար լուսանկարներին կկարողանան նայել առանց ժպտալու,
ճիշտ այն ժամանակ, երբ ես մոտենամ կղզուն, ուր կլողամ երջանկությունս արարելու համար:
Մենությունն ու գժտությունը
կարո՞ղ են, արդյոք, երկունքին, որ առաջին անգամ է հողին ողջունում,
իրենց խոսքը հասցնել:
Մատներս կտրեցի և
չքայլեցի անգամ այնտեղ, ուր հասնելու էի,
թեպետ թռչելն ինքնին ճանապարհ էր այդ պահին:
Գոյ
Համայնն իր մեջ ամփոփողը գոյն է:
Կոպերը
Կյանքը սկսվում է թռչնի ձվերում
կեղևի ուսումնասիրությունից: Այս նպատակով ամենահեռուն թռչողն է, որ
այլոց համար գոյություն ունեցող ամեն բան կխամրեցնի:
Ամենաքիչ սպասածդ տեղերում անգամ՝
կոպերիդ,
ժպիտ եմ նկարելու:
Քուն
Երբ արթնանաս, քունս կավարտվի՞:
Նորեն
Լռեցիր:
Աշխարհում ենք նորեն:
Մելանին
Ես մի ստվեր եմ սոսկ, քեզնից ինչպե՞ս բաժանվեմ:
Արանք
Աշխարհի ու իմ արանքում մաշկդ դրի:
Սպասել
Մաշկ ունենալդ առաջին անգամ ե՞րբ զգացիր:
Գույների ընկալումդ, ճանաչողությունը, ջանքը, քրտինքը, պակասելը, սպասելը…
Դաժան է և հանկարծակի:
Եթե կա ինչ-որ բան, ինքդ քեզ դաստիարակելուց ձեռք քաշելուցդ հետո միայն կքաղցրանա:
Ինտելեկտուալ ինստալյացիա, բաղադրիչը՝ սեր:
Հանդիպման ծառը
Ժամանակի՝ ինքն իր հետ հյուսած կապը քանդեցինք:
Դու ծառի՛ն նայիր,
Ագռավից առավել սև մի ծիտ որպես՝
Ես ճյուղերդ կդառնամ:
Կոորդինատներ
Նրա ճամփին հայտնվես էլ, նրա ճամփից չքանաս էլ,
միևնույն է,
ճամփան կտրած կլինես:
Համաձայն եմ, եթե ծովն է երկնում տեսել,
մի փետուրն անգամ բավական կլինի քաղաքներն իրար փարելու համար:
Թռչնից ձգածս նախշերն անտեսանելի դարձան:
Մոլորությունն իմ ու մեղքս ինքս էլ գիտեմ:
Երբ մաշկը մեռնի, ցամաքի սանդղահարթակներում կմնան միայն
Կոորդինատները:
Նրանց կարող ենք ապավինել:
Թարգմանությունը՝
Կարոլինա ՍԱՀԱԿՅԱՆԻ