* * *
ոգեկոչներին,
կախարդներին, ձեռքդ
կամ սիրտդ տեսնողներին
հավատալը մեղք է, աղջիկս,
ասում է Կտակարանը.
անձնավորված իրերի աշխարհում
ես մարդ եմ`
մեղավոր ավելի քան ծառից
օրորվող Հուդան.
գիշերը մոտենում է, աղջիկս.
Աստված ստեղծեց խավարը,
ագռավներին,
լուսնոտներին.

ես տեղավորվել եմ
իմ երկիր անապատում
ու թեպետ մայրս գիտի` անմեղ եմ,
այնուամենայնիվ ես մեդիում եմ`
ինքնակոչ և դժբախտ…

իմ երկիր անապատում
մի օր մանկությունը մեռավ
կարոտից.
ես մնացի մենակ,
ինչպես թռչուն աներկինք…

Փոքրիկ Իշխանի հոգին
հասանելի է,
մոտ ավելի, քան կենթադրեի,
կհասցնեի լիցքավորել
բջջայինս սպասումով,
կանչել երկար,
շատ երկար…
ռադիոծածկույթից,
իմ անապատից,
երկրից,
հեղձուկ քաղաքից դուրս
Փոքրիկ Իշխանը միամիտ էր,
ինչպես միշտ.

— բարև, տղաս,-
ասաց մայրս,
երբ Փոքրիկ Իշխանը
բացեց դուռը,
ժպտաց ժպիտով,
որից քթիդ է զարնում
հոտն ուրիշ աշխարհի.
մայրս երևի քեզ նայեց
այնպես, ինչպես նայում է
անտեր շներին.

ես քեզ սիրեցի.
մայրս հաց տվեց…

քո գնալուց հետո
մենք դուռը փակեցինք
ամուր,
որովհետև վախենում ենք
երազներից.
իմ երկիր անապատում
ես մնացի մենակ…

Հ.Գ.
մանկությունը դարձավ
Հուդայի կախաղանը.
սարերից այն կողմ
ժպտաց Փոքրիկ Իշխանը.
ես ու Հուդան խեղդվեցինք
քաղաքում`
հեղձուկ ավելի, քան անապատը…

ՆՐԱՆՔ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՕՇՈ

ուզում եմ կանանց մասին գրել,
որ միայնակ են ու կարդում են Օշո.

25-ամյա Էռնայի դեմքին
խաղում է նիմֆետուհու
վուլգար, մանկական ժպիտը.
Էռնան մայր է.
ամեն առավոտ արթնանում է
հաստատ համոզմամբ,
որ առավոտները տղամարդկանց հետ
լուսացնող կանայք
պարզունակ են իրենց էությամբ,
դատարկ` ներաշխարհով.

փոքրիկ Էրոն
տղամարդու վաղահաս
լրջությամբ
նայում է մորը,
իրեն ամեն դեպքում համոզում,
որ դայակի ու մոր աչքերը
տարբեր են.

Էռնան ժպտում է,
համառորեն փորձում համոզվել,
որ երջանիկ է,
որ միայնակ, հուսահատ
կին լինելը շատ է սերիալային.

Էռնան գոհ է միայնությունից.
կարդում է Օշո-
տղամարդկանց, սեքսի, սիրո մասին…
աշխատավայրում ժամերը
զսպանակի պես ձգվում են երկար.
Էռնան ինտերնետում է,
նամակ է գրում,
հաց ուտում,
ժպտում,
քայլում…
Էռնան ապրում է
իր կյանքը,
և կարևոր չէ,
որ հղիությունից հետո
ճարպակալած մի էգի
մտքով անցնում է
Էռնային որակել… անորակ,
անքնությունից ուռած աչքերով
նայել օրորոցում
ի վերջո քնած մանկիկին,
որ ոչ այլ ինչ է,
եթե ոչ տղամարդու նկատմամբ
իր ցանկությունը
օրենքով հաստատված լինելու
ադյունք, հետևանք…
նայած, թե ով է արուն.

Էռնային համակարգչի
էկրանից ժպտում է Էրոն,
Էռնան վերցնում է լսափողը.
— Ո՞նց ես, մուկիկս,-
տղան շնչում է
մոր հոտը,
լսափողը փոխանցում դայակին.

հետո մայրը
երկար է պայքարում
իր բացակայության,
դայակի ներկայության հետ

աշխատանքից հետո
Էրոյին խաղալիք է գնում.
տղան քնած է.

դատարկ,
հեղձուկ սենյակում,
ձկան պես համր կինը,
քնած երեխայի ներկայությամբ
ամուսնու հետ սիրով է զբաղվում
և նրա մտքով չի էլ անցնում,
որ էռնայի նմաններն էլ
կարող են սիրել.
նրանք ուրիշ են.
Էռնան ուրիշ է…
նրանք կարդում են Օշո-
տղամարդկանց, սեքսի, սիրո մասին…

Տպագրվել է «Գրեթերթ», 2010, թիվ 1

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն