Բանը, կեսօր է, շոգ է, արևը կիզում է, դես-դեն, արևը հալվում է երկրին, օդ չկա, բան։ Ես ծխում եմ, մինչ էս աղջիկը կբարեհաճի մոտենալ։ Փաբ է։ Ծիպը՝ փաբլիք հաուզ, էլի՛։ Հայերենով բառացի՝ հանրային կամ հասարակական տուն, որը չպետք է շփոթել հասարակաց տան հետ, որովհետև մի անգամ, երբ մի աղջիկ հորն ասել է, թե փաբում է աշխատում, սա էլ թե՝ փաբն ի՞նչ է, դուստր իմ, նա էլ թե՝ հասարակական տուն, էլի՛, պա՛պ, սա էլ գյուղից հասել է Երևան ու սնդխտել դստերը, մինչև նա կարողացել է բացատրել, որ դրանք տարբեր բաներ են։
Տգիտությունը, հա, շատ արատներ է ծնում, բայց հիմա դեռ պահը չէ։ Հիմա էս աղջիկը պետք է ֆայմի բերի մենյուն, շոգ է, իրոք շոգ է, հոգին մարմնից՝ կրիային պատյանից հանելու պես շոգ է։
Ըհը, վերջապես եկավ։ Բայց ինձ պետք չի մենյուն։ Ես ուզում եմ դեղձի սառը թեյ, ուրիշ ոչինչ։
Նայում եմ էնտեղ նստած մարդկանց: Բա ի՞նչ անեմ: Ես հեռախոսս հետս դուրս չեմ հանում, թե չէ հա, կմտնեի ֆբ, դես-դեն, սիրուն նկարված աղջիկներ, կինոյի տղերքի պես նկարված տղաներ, որ իրականում սկի մուլծիկի նապաստակ էլ չեն, ընդեղ սիրուն աֆորիզմներ, անձնական մտքեր, բան, կլայքեի, մոտիկներին` կսրտեի, ամենամոտիկներին էլ էն սիրտը գրկած զմայլը կդնեի, ծիպը՝ care, էլի՛, թե թեյս շատ ուշացնեին, կարող է մի ապուշ բան էլ ես փոստեի, որ ուշադրության պակասս լրացնեմ, դե ոբշմ, պարզ է, էլի, օրվա պլան է, որ պիտի կատարես: Բայց հա, հեռախոս չկա, ու դե ի՞նչ անեմ: Երբեմն աչքերս փակում եմ նման դեպքերում, երբեմն գնում եմ միզելու, հետո լվացվել, մազերը դզել, բան, բայց հիմա ոչ մազ ունեմ, ոչ էլ միզելու պատրաստ փամփուշտ, դրա համար էլ պտի դե նայեմ շուրջս: Ընդհանուր ոչինչ, հա, նման տեղերի մարդիկ հետաքրքիր են, մինչ էն պահը, երբ սկսում ես ձանձրանալ, իսկ հիմա հենց էդ պահն է, լուրջ եմ ասում, էլ չեն դզում, նենց հոգնած պահ ա, ծիպը` էքզիստենցիալ ճգնաժամ, էլի՛: Ահավոր դիսկոմֆորտ ա, լուրջ, մոտենալ մեկին, խոսել, ժպտալ, բան, փորձել կպցնել, կամ քեզ էշի տեղ դնել, իբր չես հասկանում, որ ինքն ա կպցնում քեզ, ոբշմ` խաղեր, որ թվում է` արդեն միլիոն անգամ խաղացել ես, ու էլ ուժ չկա ձևացնելու: Ըհը, էս աղջիկը վերջապես թեյս է բերում: Մի րոպե բայց, ո՞ւր է թեյս:
— Կներեք,- ասում է,- Դուք պատահաբար էն բանաստեղծը չե՞ք, որ էն բանի մեջ Ա է ստեղծում։
Դե հա էլի, ես եմ: Նստում է կողքիս: Բայց սա որ նստում է, թեյս ո՞վ պետք է բերի, չգիտեմ:
— Լսեք,- ասում է,- մի քանի հարց ունեմ,- էդ գրականության մեջ էդ բանը ո՞նց է լինում:
— Բանը,- ասում եմ,- ամեն տեղ էլ նույնն ձև է լինում, թե գրականության մեջ, թե…
— Բա լսեք,- ասում է,- դուք բանաստեղծություններ ունեք, որ հանճարեղ են: Բա էդպես ո՞նց եք ապրում:
— Նորմալ է,- ասում եմ,- մեր բոլոր գրողներն էլ հանճար են: Երդվում եմ, թե սուտ եմ ասում:
— Բա էդ ո՞նց էդպես,- զարմանում է:
— Դե էդպես-էդպես: Հեշտ է հանճար լինել մի երկրում, ուր ոչ սեքս կա, ոչ փող:
— Վայ դե, չէ՛, ես խոսում եմ իսկական հանճարի մասին:
— Վայ դե, ես էլ:
— Ասենք էն հանճարը, որ սարեր է ցնցում:
— Քիչ փիլիսոփայի, բլյած, ծիպը՝ ֆաք, էլի՛, ինձ դեղձի սառը թեյ բեր, ես ընդամենը սառը թեյ եմ ուզում, դեղձի, ուրիշ ոչ մի բան` ոչ քեզնից, ոչ կյանքից, ի՞նչ ես նստել շնչիս:
— Կոպի՛տ, ապո՛ւշ:
Գնում է, իսկ ես փակում եմ աչքերս: Էլ ո՞ւմ նայեմ: Նրանք բոլորը երևի լսեցին էս խոսակցությունն, ու հիմա իրենք են նայում ինձ: Թող նայեն, վայթե վրես ամեն ինչ նորմալ է, շորերես մաքուր են, կոշիկներս ցեխոտ են ոնց որ միշտ, բայց հեչ: Լավ դե հերիք է, ախպոր պես, իրոք, նենց եմ քաշվում, որ նայում են:
Կանցնի շուտով, հա: Պետք է ուղղակի փակել աչքերը: Փակում եմ, ամուր, ամուր: Աչքերիս առաջ հին պատկերներ են գալիս: Մտածում եմ, եթե Սոնան հիմա հետս լիներ, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Իբր խի՞ կորցրեցիր նրան: Դե լավ, հա, ո՞նց պահեիր, երբ քո գոյությունն ես հազիվ հանդուրժում: Բայց ա՜խ, Սոնա: Պատկերացնում եմ նրան իմ գրկում, ու ջերմ մի հիշողություն է արթնանում: Նրա հետ սառը թեյի կարիք չէր լինի: Նրա հետ կապրեի թե շոգը, թե ցուրտը։ Սոնա, հիմար ծիտ, որ հեռացար, հիմար` ինքս, ես, որ հեռացրի քեզ, հանուն մի կտոր` ընդամենը ճշմարտության:
Չէ, սա շուրջը նայելուց լավ չէ, ավելի լավ է բացեմ աչքերս: Երկու նոր մարդ են եկել, որ չեն լսել իմ խոսակցությունը մատուցողուհու հետ, կարելի է դրանց նայել: Մի տղա է ու մի աղջիկ: Սիրուն է աղջիկը, բայց նյարդայնությունից եղունգներն է քերում, որովհետև տղան նրան թողած հեռախոսով է խոսում: Իբր ի՞նչ կա դրա հետ, արի ինձ մոտ, ես հեռախոս չունեմ:
Վերջապես երևում է էն աղջիկը: Ոնց որ էս անգամ արդեն բերում է թեյս:
— Շնորհակալ եմ,- ասում եմ:
Իսկ նա չի գնում:
— Լավ հա, կներես, տաքացա մի քիչ:
— Օհ, փափկեցի՞ր, հասկացա՞ր, որ սխալ էիր,- ասում է:
Դե իհարկե հասկացա: Ես վաղուց եմ հասկացել, որ զույգ ստինքներն ավելին արժեն, քան մի կտոր ճշմարտությունը, ընդամենը:
Ես թեյս եմ խմում, մինչ նա խոսում է: Նա սիրուն է խոսում, եթե բառերը չլսես: Ընդհանրապես բառն էլ արժեք չունի ինձ համար: Մի հայացքն ավելին արժե, մի ժեստը, մի ժպիտը կամ լացը: Իսկ նա դեռ խոսում է: Դե լավ հա, թարգը տուր, ստինքներն ավելին արժեն, բյաց նյարդերս է՛լ ավելին:
— Իսկ ինչի՞ ես էստեղ եկել,- հարցնում է հանկարծ:
— Բա ո՞ւր գնամ, բլյած, ծիպը՝ գրողը տանի, էլի՛,- բորբոքվում եմ նորից,- սա է էսօրվա կինոն, մոդան ու սթայլը, սա է էն երգը, որ երգում ենք էսօր՝ գնացինք փաբ, խմեցինք, ծխեցինք, մի քիչ փիլիսոփայեցինք, կյանքը էս է, էն է, անցած-գնացածը հիշեցինք, վերջում էլ մի հին ծանոթ աղջիկ կամ նոր թռչնակ պատահեց, մերձեցանք, պրծանք: Էդ սաղ արել եմ, հիմա, մնում է վերջինը, հասկանո՞ւմ ես: Դրա համար արի գնանք զուգարան, որ բան անենք:
— Գժվե՞լ ես, հիմա՛ր,- ասում է ու թեյս լցնում վրես:
— Ախ, շո՛ւն, շան քա՛ծ, քո պատճառով պատմվածքս գրողի ծոցն է գնում: Ասում եմ քեզ` ձևն էդպես է, հիմա պիտի տրվեիր ինձ զուգարանում, ծիպը Հայաստանում պատահական սեքս կա, դրսից ենք փոխ առել, համ էլ դա իբր անցողիկ հաճույքներն է խորհրդանշում էս դարում, դեբի՛լ, որ սեքսից հետո էլ էքզիստենցիալ դատարկություն նկարագրեի, ծիպը մնայուն բան չկա, ու դրանով ավարտեի պատմությունը, անասո՛ւն, հիմա քո պատճառով էլ սա ոչ մի տեղ չեն տպի:
Էդ խոսքերիս վրա բարմեն տղեքն են գալիս ու քացու տակ առնում ինձ:
— Ոչխարնե՛ր,- ասում եմ,- գոնե մի կարգին խփեք, որ նորմալ վերջաբան դառնա, ասենք փողոցում շունչս փչեմ, ու ավարտվի պատմությունը, ծտի ուդառ է, ասենք ի՞նչ եմ ասում, սա Երևանն է, էն գյուղի կաթ-մածունը սրանք չեն կերել:
Դռնից հանում են դուրս, իսկ ես մի քար եմ վերցնում ու ջարդում պատուհանը, որովհետև էն վերջի անասունը ուժեղ խփեց փորիս: Հետո հիշում եմ, որ մոտս զենքի պես մի բան կար, որովհետև նոր էի եկել անտառից, բայց էլ հավես չկար հետ դառնալու: Անցնում եմ դիմացի փողոց, ու մի քսան մետր հեռվից հին դասընկերուհուս եմ նկատում: Չգիտեմ էդ պահին ինչ է կատարվում հետս, բայց ոնց որ կայծակ խփեր, ասենք` աչքերս լցվեց էդ պահին, քիչ էր մնում գնայի, գրկեի նրան ու լացս կապեի, բայց ճամփես փոխեցի, որ չպատահեմ հանկարծ: Հիմա կգնամ մի ծառի տակ հովին կփռվեմ ու կփակեմ աչքերս, ամո՜ւր, ամո՜ւր, ու էլ ոչ մի բան չեմ մտածի, երդվում եմ, էլ ոչ մի բան չեմ մտածի, երբե՛ք:


