Հարյուրմեկ տարեկան էր: Մենավոր գայլուհի: Միշտ սպասում էր… Նրա խնամակալուհին վերջերս էր նկատել, որ մահվան կողմից այս մերժվածը աղջամուղջին դուրս է գալիս տնից, շատ չանցած՝ վերադառնում: Ինչու՞ էր գնում, ինչու՞ էր հերարձակ, ինչու՞ էր մտասևեռ կանգնում որևէ տեղ, ոչ ոք չէր հասկանում: Քամին կարծես էլ կրքոտ չէր խաղում նրա երկար փեշերի հետ, որովհետև երբեմնի մեղսաբույր անուն վաստակած կինը զառամել էր, նույնիսկ մահն էր երես թեքել նրանից: Եթե ծերությունը մարդ լիներ, Պառավը կյանքում կկատարեր միակ մարդասպանությունը… Խնամակալուհու կոպիտ վերաբերմունքը, երբեմն էլ շշուկով տղամարդուն բնորոշ հայհոյանքներ տալը, կեղծ հոգածությունը չէին վրիպել Պառավի աչքից, բայց ոչինչ ցույց չէր տալիս, ժպտում էր հազվադեպ, հարցերին միշտ չէր պատասխանում, իսկ երբ խնամակալուհին սկսում էր բարձրաձայն շատախոսել կենցաղի, քաղաքականության, ազգականների մասին, Պառավը ձեռքով նշան էր անում. «Հերի՛ք է, աղջի՛կ»: Խնամակալուհին անմիջապես սսկվում էր ու նույնիսկ մի տեսակ վախենում: Մոտ ազգական չլիներ, կթողներ, կհեռանար. ինքը երիտասարդ՝ արդեն հիվանդ էր, իսկ Պառավը՝ առողջ:
— Օ՜ֆ, էլ չեմ դիմանում, ոնց որ շնչիս վրա նստած լինի, — մրթմրթում էր խնամակալուհին՝ կահ-կարասին մաքրելով, — ո՞րն է ապրելուդ իմաստը, ա՛յ պառաված քած:
Խնամակալուհին սկսել էր ենթադրել, որ իրեն կտակած Պառավի տունը չի էլ հասցնի լիարժեք վայելել. բա՞ որ Պառավը երկար ապրի… Խնամակալուհին ծածուկ անիծում էր նրան, հիվանդագին հակակրանքի պոռթկումներ ունենում, տրվում երևակայության ճախրանքներին, անվայել լեգենդներ պատմում նրա մասին: Բոլորին հավատացնում էր, որ Պառավն իրեն այնքա՜ն է չարչարել, որ թողած կտակը ոչինչ արժե իր տառապանքների դիմաց, իսկ Պառավին թունավորելու միտքը թունավորում էր հենց իրեն՝ խնամակալուհուն: Ասում էին, թե երկրի ղեկավարներից մեկը չի ամուսնացել հենց այս Պառավի պատճառով, ով մերժել է նրա սերը: Տարիներ առաջ կրքավառ պատանիներն անխտիր սիրահարվել էին նրան: Նրանք Պառավին նմանեցնում էին հայոց թագուհիներից մեկին՝ մեջքի ձիգ աղեղով, նրբին ու հանդիսավոր քայլքով, ժպտուն աչքերով, տիրական կեցվածքով: Քանի՜, քանի՜ պատանի ընկել, վնասվածք է ստացել՝ գաղտագողի մագլցելով նրա պատշգամբ՝ ներս նայելու համար. հավատացած էին, որ նրան մի օր մերկ կգտնեն, ինչպես մի թագակիր տարփուհի Վիրջինիա կամ պրովանսյան տրուբադուրների ձոների հերոսուհի: Երբեմն տարակուսում էին, որ զրնգուն ծիծաղով այդ կինը մենակ է քայլում: Պատճառը գիտեին միայն նրա ձեռքը խնդրող ասպետները և հատկապես նրանցից ամենաերջանիկը…
Մինչև ծերանալը Պառավը թռչելիս է եղել: Նա թռչում էր շա՜տ բարձր… Տղամարդիկ և ազատամիտ կանայք, նրան տեսնելով, հավատում էին լիարժեք երջանկությանը: Որոշ կանայք վրդովվում էին նրա գոյությունից, մեղադրանքների ու արդարացումների հորինմանը տրվում, իրենք իրենց ներսից կրծում, թաքուն երազում նրա պես թռչել կամ էլ ցուցադրաբար հակադրվում էին: Մի քանիսը համարձակվեցին թռչել, սակայն թերվստահությունից ճանապարհի կեսից ընկան կամ շնչահեղձ եղան և իրենց մտքից դժվարությամբ վանեցին ճախրանքի միտքը… Իսկ ովքեր չէին կարողանում սավառնել, հասարակության մի մեծ մաս թռիչքի պահին զարկում էր նրանց: Հաճախ էլ բարձր թռչելու անընդունակ մարդիկ, որպես հոգու սփոփանք, ժխտում էին ավելի բարձր թռիչքի խորհուրդը: Դեպքեր էին լինում, որ թռչողները ցածում գտնվողների համատարած անտարբերությունից էլ էին անկում ապրում…
Այժմ Պառավին փոքր-ինչ սփոփում էին թռիչքի հիշողությունները՝ բոլորից վեր թռչելը, իր հետևից արուների կրքոտ կանչերը, գերազանցության զգացումից պայթող ծիծաղը երկնակամարում, ձեռքերն օդում տարածելու հաճույքը, ցածում գտնվողների սպանիչ հայացքներն արհամարհելը…
Թռիչքի դադարից ի վեր Պառավն սկսել էր մենություն զգալ: Նա երբեմն ակամա հայտնվում էր, ինչպես ինքն էր ասում, վաղուց անցյալ դարձած կենցաղային կանանց մոտ և ավելի շատ լուռ ունկնդրում նրանց, քան խոսում: Նստում էր տիրական, ձեռքերը դրած ձեռնափայտի վրա, ծեր գայլուհու պես աչքերը հառած մի կետի: Ոչ ոք չէր համարձակվում շոշափել նրա անձնական կյանքի հետաքրքրաշարժ օրերը: Երբ նա նստած էր լինում, օդի մեջ ինչ-որ բան էր փոխվում, ծեր կանայք սկսում էին այլ կերպ խոսել, այլ կերպ վերաբերվել միմյանց, այլ կերպ նայել աշխարհին: Սակայն, այդուամենայնիվ, նա իր ներամփոփ լռության մեջ, հեգնական ատելություն ուներ կյանքը պարզունակ դարձնող այդ պառավիկների նկատմամբ: Երբեմն խղճում էր նրանց և մտածում, որ յուրաքանչյուր մարդու աստվածային մի «ուսուցիչ» է պետք, ինչ որ մեկը, որ ցույց տա կյանքի վեհ կողմերը և ոչ մեկին թույլ չտա՝ որբացնելու գեղեցկությունը… Պառավին տհաճ էր թվում անգամ գիշերային հոմանուհիների մասին ասեկոսեները. հաճախ նկատում էր, որ այդ բամբասող կանայք ոչ այնքան բարոյական գերազանցության ցուցադրմամբ են զբաղված, որքան մարմնական սերը լիարժեք չվայելելու նախանձի հաղթահարմամբ: Նա կգերադասեր ժամերով լսել դարբնի սալի զարկերի ոտանավորը, քան «ունկնդիր չունեցող արդարների» անդադրում բողոքը քաղաքական ճակատագրից, հանցագործներից, չբավականացնող դրամից, արտամուսնական կապերից, ընտանեկան գզվռտուքից: Զարմանում էր, որ մարդիկ դրամա էին համարում ոչ թե երիտասարդ աղջիկների թռչել չկարողանալը, այլ ինչքի հանդեպ նրանց մոլի ձգտումը: Կանայք խոսում էին, իսկ Պառավը մտքով ուրիշ տեղ էր սլանում, հետո սթափվում էր, դառնանում: Պառավը սպասում էր զուսպ ցասումով. իր տարեկիցները վաղուց հրաժեշտ էին տվել աշխարհին. միայն ինքն էր, որ նզովյալի պես պիտի անզորությունից մղկտար ու նախանձով նայեր արևին, թռչող զույգերին, գեղեցկուհիներին…
Քաղաքը չէր արթնացել, իսկ երկար միջանցքում, ուր լուսնալույսի գեթ մի շողիկ կար, լսվում էր Պառավի ձեռնափայտի համաչափ տկտկոցն ու խորհրդավոր քայլերի ձայնը: Դուռը ճռռաց: Ննջասենյակից լսվում էր Խնամակալուհու բարձր խռմփոցը: Հանկարծ քաղցր հիշողությունը մտրակեց Պառավին. միայն, միայն ինքն էր կարողանում թռչել մինչև աստղերը: Իր գերագույն երազանքը աստղերից էլ վեր բարձրանալն էր: Ու բարձրացավ…
Նա գետափին լուսնալույսի ներքո հանձնվեց այն առնացի արուին, ով կարողացավ իր հետ գրեթե մոտենալ աստղերին: Ածխագույն վարսերի կեսը ջրին տված՝ կլանում էր սիրո թռիչքի բերկրանքը:
Պառավն առաջ էր շարժվում: Ստացավ հիշողության մտրակի երկրորդ հարվածը. արուն հազիվ կարողացավ թռչել մինչև աստղերը, բայց անհասնելի լինելու տենչից մի խելագար միտք հղացավ թռիչքի պահին. որոշեց աստղերից էլ վեր թռչել: Հոգնած արուն չկարողացավ աստղերից վեր բարձրանալ, ուժերը հավաքեց, ճիգ արեց, ապա մղկիտով դիմեց իր տիրուհուն հետ դառնալ: Ապարդյուն: Տիրուհին շա՜տ էր բարձրացել և այնտեղից հմայուն չարությամբ ծիծաղում էր պարտվածի վրա.
— Ուզում եմ դեպի վե՜ր, վե՜ր… Հոգնեցի՞ր: Դուք՝ տղամարդիկդ, շուտ եք հոգնում: Դե փորձեք ինձ հասնել: Ուժերդ լքու՞մ են քեզ: Մի՛ վախեցիր, մեռնելիս միասին կլինենք, — ավելի զրնգուն ծիծաղեց նա: Տարիներ հետո Պառավը շատ պիտի խորհեր այդ բարձր թռիչքի շուրջ և ինքնամեղադրանքին գոռոզաբար հակադրվեր իր մեջ…
Նա անհավատի աչքերով նայում էր իր կնճռազարդ ձեռքերին ու խայթվածի պես հետ քաշում դրանք, շրթունքներն սկսում էին դողալ: Ինչպե՞ս վերադարձներ իր գեղեցկությունը:
-Վա՜յ, գրողը քեզ տանի, նորի՞՜ց, — Պառավի դուրս գալուց հետո բղավեց Խնամակալուհին, — էլի հայելին փշրել է: Փշրե՜լ է: Տանը հայելի չի թողել: Պահել էլ չի լինում: Ի՞նչ ես ուզում դրանցից, չեմ հասկանում: Մարդիկ ամառանոց են առնում, ես՝ հայելիներ:
Պառավը նստեց բակի նստարանին: Մի սև Ռոլս-Ռոյս կանգնեց քիչ հեռվում: Վարորդն իջավ մեքենայից՝ հանելով սև ակնոցները:
— Ախպե՜րս, դա ի՜նչ ա իմանալու, — լսվեց ընկերոջ ձայնը մեքենայի միջից:
— Տատի՛ ջան, էս թաղերում շեգ մազերով, սիրուն-սիրուն աղջիկ կա՝ սեքսուալնի, ամեն ինչը տեղը: Կարո՞ղ ա իմանաս՝ ո՞րն ա իրա տունը:
Մյուս երիտասարդը փռթկացրեց: Պառավը գլխով բացասական նշան արեց:
— Ա՜, բա չէի՞ ասում: Սա ուրդու՞ց կիմանա, — բորբոքվեց մյուսն ու ծխախոտ վառեց:
— Տատի՛ ջան, հաստատ էս կողմերում ա ապրում: Կարո՞ղ ա չես ուզում ասել… Տատի՞, էս ի՜նչ սիրուն աչքեր ունես…
— Կքնե՞ս հետը, — հարցրեց քիչ հեռվում կանգնած ընկերը, և երևացին երևի թե վեց շաբաթ չլվացված ծուռ ատամները: Վարորդը կարճ ծիծաղեց.
— Ախպե՜րս, նատուռի քյալ ես: Ինչի՞ լավ չիմացար տեղը: Արա, ձեռիցդ ո՞նց բաց թողիր: Իրա պապայի խանութների ցանցն էլ քեզ կմնար…
— Լա՛վ, թարգը տուր, գնացի՛նք, երևի մյուս քուչում ա, — պատասխանեց ընկերը:
— Է՜, տատի ջան, լավ աղջիկ էր կպել մեր ախպոր համար, բայց դե տեղը չես ասում: Էդ ձև աղջիկ ուրդու՞ց ճարենք…, — համառորեն պատասխանի սպասելով՝ ասաց վարորդը:
— Ցանկանում եմ, որ կյանքում գոնե մի անգամ թռչել կարողանաք, — կարծես ինքն իրեն ասաց Պառավը:
— Ի՞նչ: Թռչե՞լ:
Հռհռոց պայթեց: Ծխախոտով երիտասարդը չլսեց Պառավի խոսքերը.
— …Տուֆթե՞ց:
— Տատի՜, հա՛, հա՛, հա՜, էդ աղջիկը կակռազ թռած ա ման գալիս, իսկ մենք թռնող տղեք չենք, տատի՛ ջան, հա՛, հա՛, հա՜:
Վարորդի ծիծաղի բաս-բարիտոնը քիչ հետո փոխվեց սոպրանոյի ու, փորը բռնած, չոքեց:
— Արա՛, էս պառավը լավ էլ բիթի կնիկ ա: Հըլը աչքերին նայի: Արի՛, է՜, — ասաց մյուս երիտասարդը և բարձրացրեց ընկերոջը: Թևանցուկ հեռացան՝ բարձր հռհռալով: Պառավը հեգնաբար ժպտաց, ապա հանդիսավոր, համրաքայլ շարժվեց մայթով: …Երիտասարդ տարիքում այսպիսի կյանք չէր ակնկալում կամ անգամ մտքով չէր անցնում… Ինչպե՜ս կուզենար թռչե՜լ…
Մի անգամ էլ նկատեց թռչող մի տղայի: Սարսուռ անցավ մարմնով, ժպտաց ու բարեմաղթանք շշնջաց: Տեսավ, որ վարից արձակված նետն այդպես էլ չհասավ տղային, իսկ ցածում գտնվողների գերակշիռ մեծամասնությունը անորոշության ու անտարբերության մեջ էին:
Անձրևային եղանակ սկսվեց: Խնամակալուհին անհամարձակ նախատում էր Պառավին՝ թրջված տուն գալու համար: Ծածկերի տակ մտած մարդիկ տարօրինակ հայացքով էին նայում արձանի պես տեղում կանգնած Պառավին, ով վերհիշեց իր կյանքի ամենաողբերգական օրը՝ անկումը: Ծերության հասակին մոտ էր, երբ կատարեց վերջին թռիչքը: Այդ օրը սովորականի պես սլացավ ամպերից էլ վեր, բայց չհասավ աստղերին: Ուժերը չբավեցին, և հազիվ վայրէջք կատարեց. փռվեց վարդենիների պուրակում, քերծվածքներ ստացավ: Այդ օրվանից հետո չթռավ. ամաչում էր ցածր թռչելուց՝ վայել չէր: Ոմն դրկից թրջված Պառավին տուն ուղեկցեց: Խնամակալուհին յոթ րոպե քառասունմեկ վայրկյան անընդմեջ խոսեց, հեծեծաց, բարկացավ, անիծեց իր բախտը, ձեռքի հետ էլ հայհոյեց քաղաքական գործիչներին: Պառավը խիստ նայեց նրան, ապա մեղմ ասաց.
— Հանգստացի՛ր, աղջի՛կ:
Խնամակալուհին պապանձվեց: Պառավը դողդողացնում էր:
Մի քանի օր ոչինչ չկերավ: Արթնանում էր, թույլ չէր տալիս, որ Խնամակալուհին շոր հագցնի, լվացվում էր, սանրում ճերմակ վարսերը, գլխաշորը հագնում, հայելի փնտրում, հավաքում անկողինը, վերցնում ձեռնափայտը, անխոս դուրս գալիս, քայլում, թռչող մարդ փնտրում, այգի մտնում, կեսօրին տուն գալիս, փոքր-ինչ նստում, մոտենում սրբապատկերին, մրմնջում, ապա կրկին դուրս գալիս: Խնամակալուհին հոգու խորքում հույս էր փայփայում, որ մի օր կգան, կասեն՝ Պառավին մեքենա է խփել: Իսկ զառամ տիրուհին տուն էր գալիս կեսգիշերին, մի քանի ժամ աչք փակում, ապա արթնանում ու քայլում միջանցքում մինչև լուսաբաց:
Կտրող քամին այլևս չէր կարողանում լիզել ջրի ծփանքը. լիճը սառել էր: Պառավը դեռ սպասում էր… Մինչև ե՞րբ պիտի գնար: Երեք ամսից կլիներ հարյուրերկու տարեկան: Այդ մասին մտածելիս շնչառությունն արագանում էր:
Հաջորդ օրը: Նույն գործողությունները: Կը՛տ-կը՛տ-կը՛տ: Միջանցքում լսվում էր քայլերի ու ձեռնափայտի համաչափ կտկտոցը. սպասյալը չկար:
Ամեն օր նո՛ւյնը, նո՛ւյնը, նո՛ւյնը, նո՛ւյնը, նո՛ւյնը, նո՛ւյնը, նո՛ւյնը, նո՛ւյնը, նո՜ւյնը…
Հաջորդ օրը: Տեղում նստեց Պառավը, հառաչեց, ապա իջավ մահճակալից, հագնվեց, լվացվեց, գցեց գլխաշորը, անկողինը չհավաքեց, ձեռնափայտը վերցրեց, դուրս եկավ, քայլեց, թռչող մարդ չփնտրեց: Մտավ այգի, խրվեց ձյան մեջ… Կեսօրին տուն հասավ: Խնամակալուհին չտեսնելու տվեց նրա թրջված ոտքերը: Պառավը չմոտեցավ բուխարիին, չկանգնեց սրբապատկերի առաջ, ոչինչ չխոսեց: Կրկին դուրս եկավ: Հանկարծ միտք հղացավ… թռչել, սակայն ինքն իր հետ սկսեց կռվել, մինչև հաղթեց թռիչքի գաղափարը: Աչքերը տարօրինակ փայլ ստացան: Մի կողմ շպրտեց ձեռնափայտն ու …վեր բարձրացավ: Քամին խլեց գլխաշորը: Պառավին թվաց, թե ուժ է ստացել. գրեթե հասնում էր ամպերին: Սկսեց ծիծաղել մի տեսակ անլսելի, երկար: Երջանկությունից թուլացած ու նվաղուն՝ ճիչ դուրս թռավ նրա բերանից: Մի քանի պտույտ գործեց, հանկարծ որտեղից որտեղ նրան միացավ երիտասարդ, համր մի տղա: Պառավը ժպտաց:
— Բա՜րև, պոե՜տ, — բացականչեց Պառավն ու կեր-կեր ծիծաղեց: Տղան գլխով արեց: Պառավն ամոթ զգաց իր ճմրթված մաշկի համար: Այնուամենայնիվ, հիվանդագին սքանչացումով պտույտներ տվեց, բայց զգաց՝ ինչ-որ ծանրություն ներքև է քաշում: Նա երբեք չէր ցանկացել ինքնասպանություն գործել և այդպիսով շնորհակալ լինել Աստծուն: Զգաց, որ ինքն իրեն բնավ չի տիրապետում, և ահավոր վայրէջքն անխուսափելի է: Սկսեց ուժ հավաքել, սուրալ վեր, փորձել հավասարակշռություն պահպանել, մոռացավ հուսաբեկության տանջալից րոպեները և մոլեգին պայքար սկսեց ապրելու համար: Մահը թռիչքի պահի՞ն իրեն հիշեց… Սրընթաց իջնում էր, իսկ խոշոր ձյունն էլ իր հերթին էր խանգարում նրան՝ սպրդվելով աչքերի մեջ: Համր տղան չէր կարող օգնել. կանոնված էր, որ յուրաքանչյուր թռչող ինքը լինի իր թռիչքի տերը. Պառավն ընկավ: Տղան նրան նստեցրեց, մեջքը հենեց ցանկապատին: Պառավը դանդաղ բացեց աչքերը: Տղան մի պահ քարացավ, ապա սթափվեց ու վազեց ինչ-որ տեղ:
— Յա՜, լա՜, յա՛…, ա… ու՜, ո՜ն, …վի՜, նը՛… նը՜…, — ոտքով, ձեռքով, սկսեց բացատրել քնաթաթախ Խնամակալուհուն:
— Էս ժամին ի՞նչ ես ուզում, հը՞, ի՞նչ ես հիմար-հիմար բաներ անում, էլ բան ու գործ չունե՞ս, փող չունեմ, գնա՛:
— Յա՜, յա՜, յա՜ն, ա՜…, օ՜, — Տղան իրար խառնվեց ու ձայնն ավելի բարձրացրեց, ցույց տվեց հեռուն, թևերը թռչնի պես թափահարեց, մնջախաղով ձեռնափայտ ցույց տվեց:
— Գնա՛, գնա՛, զահլա չկա: Ամեն մեկն իր խելքից է տուժում, — պատասխանեց Խնամակալուհին, դուռը շրխկացրեց, ապա շարժվեց դեպի Պառավի սենյակը: Չկա՜ր: Ժպտաց, սկսեց կարգի բերել տունը և մտքով նշեց… ուրախ այգալացը:
Երիտասարդը շտապեց Պառավի մոտ, իսկ նրա հետևից վազեցին այն մարդիկ, ում կարողացել էր ինչ-որ բան գլխի գցել: Բոլորը շրջապատեցին կնճռազարդ տիկնոջը, ում դեմքին միայն Համր տղան ժպիտի պես բան նկատեց: Ձյան փաթիլները նստում էին Պառավի դեմքին և այլևս չէին հալվում…

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն