հանում
վախեցա գրել այն մասին,
որ ձեռքիցս գդալն ընկավ,
ու գիլասի մի հատիկ
հատակին բազմեց.
սովորական առօրյաս էր,
ու հացը կարագի հետ
մնաց ձեռքերիս,
հայացքս՝ հատիկին:

բազմապատկում
նոր տարվա նախաշեմին
էլվինան կյանքի գարուն է երգում
ինչպես միշտ չեմ սիրում ձմեռը,
ու անհամբեր եմ.
ամեն ինչ լակոնիկ ավարտ ունի,
ձմեռն էլ, գարունն էլ,
ինձ հանգստացնում եմ
թմրում կանաչ թեյի պես

հավասարում
այսպիսի բաներ են կատարվել
հակադարձում եմ տատիկիս
իր պատկերացումը մարդկանց մասին
նմանեցնում եմ ծիլ տվող մոլախոտին
շարունակ աճող ու խեղդող
լռում է,
որովհետև հողը ես եմ

բաժանում
ցուրտը, որ միասին չենք ապրի
դու անծանոթ կլինես փաթիլին,
որ կիջնի ու կհալչի
իմ դեմքի վրա
ու ձեռքերիս,
որոնց չորությունը
երազանք է դառնալու
գիշերվա կեսին:

***
գլխավերևումս մի գիրք է՝
«որ չկորչես թաղամասում»
հիշեցի, որ կարող ես կորել
անգամ տանդ շրջակայքում
շան ձագի պես:

***
ի վերջո
զգացողությունը ավարտվում է
ու
դու մեռնում ես զգացողության մեջ:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն