Մենք ամեն վայրկյան պատերազմի մեջ ենք` մեր ներսի ու դրսի հետ: Պատերազմը երբեք չի ավարտվում, մենք պայքարում ենք, որ հաղթենք, որ սիրենք, որ խաղաղ ապրենք:
Ես հիմա քեզ ավելի շատ եմ սիրում: Հիմա հեռու ես: Պիտի ավելի շատ սիրեմ: Չվերջացող անիմաստ ձայներ: Սպասում: Մեզ պատերազմն այնքան բան է պարտք: Ես սպասում եմ, որ առավոտյան աչքերս կբացեմ ու կողքիս կլինես: Հետո սպասում եմ, որ ձայնդ լսեմ ու մի ամբողջ գիշեր սպասումով է լցվում առանց քեզ: Այնքան բան կա ասելու այս հիմար պատերազմի մասին, բայց բառերը կգան, երբ ամեն ինչ ավարտվի:
Մի քանի հարյուր կյանք կա ապրելու: Ճիշտ ապրելու: Այնքան սեր կա այս սպասման մեջ: Վերադարձի՛ր, մենք լիքը հույսեր ու սեր ենք տվել քամուն: Հա, մի օր ինչ-որ մեկը փչացրեց էս աշխարհը: Ու, գուցե, ավելի լավ կլիներ վերևից նայել ու վերջապես հասկանալ, թե ինչո՞ւ է էս աշխարհը էսքան ծուռ։
Մարին աղավնիների հետ էր խոսում: Երկար զրույց էր: Չգիտեմ՝ ինչ որոշեցին, բայց աղավնիներն էլ էին խաղաղություն ուզում:
Ես հոգնել եմ պատերազմներից, այնքան եմ հոգնել: Ամեն օր պատերազմ է ներսում, դրսում, սահմանին: Էլ սահմաններ չկան, հատվել են սահմաններն ու գծերը ջնջվել: Ես գիտեմ` կա մեկը, ով լսում ու հասկանում է: Չգիտեմ ինչու է լռում, բայց կա, հաստատ կա ու շուտով ամեն բան լավ կլինի: Սպիտակ վարդերն էլ չփրկեցին, գուցե սպիտակ դրոշ ուղարկես: Ծաղիկներն էլ չեն դիմանում, բայց ստիպում եմ նրանց սենյակում մնան, մինչև գաս: Կգաս չէ՞: Սենյակում այնքան տխուր է, վախենում եմ մտնել: Ես հիմա ուժեղ պիտի լինեմ, շատ ուժեղ: Մարին նայում է աչքերիս ու գիտի, որ տխուր եմ: Ժպտում եմ, իսկ ինքը չի ժպտում: Ամեն ինչ հասկանում է: Բան չի ասում, միայն նայում է իր սիրուն, կանաչ աչուկներով ու լռում: Մի քանի ամսական աղջիկը հասկացել է, որ պատերազմն աշխարհի ամենավատ բառն է, իսկ ոմանք չեն ուզում հասկանալ: Սենյակի լռությունը գիշերվա մեջ մի քանի անգամ արթնացնում է: Հետո փակում եմ աչքերս ու էլի լռություն է: Գիտե՞ս ամենադժվարը որն է։ Որ կյանքը պիտի շարունակվի, մարդիկ պիտի ժպտան, լաց լինեն, սիրեն: Երանի մի պատերազմ լիներ, որ վերջ տար բոլոր պատերազմներին: Բայց պատերազմը սկսվում է ու չի ավարտվում, երբե՛ք: Չի ավարտվում նրանց համար, ովքեր էլ չեն տեսնելու նրան, ում ամենաշատն էին սիրում: Չեն գրկելու, չեն լսելու ձայնը: Պատերազմի հակառակ կողմում սեր է: Տխուր աշուն ստացվեց, գիտե՞ս: Ու հիմա մի ցանկություն ունեմ։ Ուզում եմ միայն իմ ու Մարիի հերոսը լինես, որ սերը չպակասի էս հիմար աշխարհից, որ մեր սերն ավելի ուժեղ լինի պատերազմից: Պատերազմը պատ է: Քանդի՛ր ու արի՛: