Ագռավ են խաղում երեխաները
գունատ քաղաքի անցավ խորշերում,
ես ձախ ականջս պատիդ եմ թողնում
ու թե ետ դառնամ, անաչք կլինեմ.
դու արթնացիր անկողնուց, անմարմին պապիկ,
քո շապիկները մեծ են իմ հագին,
չհնձված արտերն անտեր կմնան,
լուսնային գիշերն` առանց գայլ ու սին.
ես անասպետ ձի և հաջորդը չեմ
ու բարև չեմ գոռա քեզ` որպես թոռնիկ.
Իմ մեջ թեյ չկա շաքար լցնելու,
այստեղ չկա բառ. ինձ երկինք է պետք…
դու դարձար քաղաք, անզանգ պատարագ,
սա կայացած մահ է` անժամկետ վերջով
մենք մեզ չտեսանք մեր քայլերի չափ,
մենք ձեզ սիրեցինք պատասխանից շատ.
Ես անմազ քայլում եմ
վերջին գնացքի հակառակ ճամփով,
մինչ միջատներն անգամ շտապեցին չուշանալ
նրանք գնում են, և դա
երևի այլ կերպ լինել չէր կարող,
նրանք գնում են,
նրանք չգիտեն, որ եթե սպանվում են,
մենք միշտ սպանում ենք ոչ մի այլ ձևով չկորցնելու համար,
որ թե նույնիսկ անձրև գա, երեխաներին
տուն կանչեն մայրերը,
դրանից մրսողների քանակը
չի պակասի հաստատ,
որովհետև չի պակասի,
միևնույն է,
որովհետև այդպես էր նաև առաջ…
բայց սա միակ քաղաքն է ու պատարագը
օրորոցիդ մեջ կանգնած
դու հաց կեր, հաց կեր, խնդրում եմ
ալելուիա, ալելուիա…