Հարյուր հիսուն դրամանոց Քրիստոսը տառապում է տաքսիստ Վարոյի «Օպելում»: 90-ականներին ծնված, 2000-ականներին գաղթական դարձած «Օպելը» քաղցկեղ ունի: Ապրում է ժանգին հանձնված ու ընթանալիս կաղում է: Իրարահան մասերով մարմինը նախապատմական ձայներ է հանում: Վարոն ու Քրիստոսը ճոճքին սովորել են, բայց ուղևորն անհարմարություն է զգում: «Օպելը» բուրում է մարմնավաճառի բույրերի պես հակասական: Վարոյի նիկոտինե շնչառությունը խառնվում է ուղևորների մաստակահամ շնչառությանն ու մեքենայի օդը աչքերը կսկծացնելու չափ փոխում: Ու թե Քրիստոսի ձեռքերը ձկան բարալիկ թելով կապված չլինեն հազար ճաք ունեցող, հազար արևներից գունաթափ դիմապակուն ամրացված հայելուն, դաստակներով կսրբի աչքերը՝ բերքը ցրտահարությունից կորցրած մշակի պես հուսահատ:
Քրիստոսն անգիր է արել սովետի գովքն անող ու հետսովետական թալանի մանրամասներին քաջատեղյակ, պատեհ-անպատեհ խոպանի կյանքին հղումներ անող Վարոյի պատմությունները: Նորաթուխ տաքսիստը երեք նախագահի հարստանալը վկայում է ականատեսի վստահությամբ: Նոր թալանի, նոր առուծախի, նոր հարստացումների մասին չնորոգվող պատմություններ էլ գիտի, որ ամեն ուղևորի պատմում է նորոգ ոգևորությամբ: Վարոն բոլոր դժբախտությունների մեղավոր համարում է ռուսին: Չի կողմնորոշվում պրոռուս, թե հակառուս լինել, չնայած գիտի, որ հակառուսը նորաձև է:
Վարոյի նման մկանուտ է նրա Քրիստոսը ու փոսերի հանդեպ զգայուն: Ամեն փոսից հետո օղակներից կառչած մարմնամարզիկի ճարպկությամբ ճեղքում է օդն ու վայրկյանը մեկ մեջքով բախվում դիմապակուն, բայց օդում պտույտներ տալ չի կարողանում: Պլաստիկի և ապակու բախումների թկթկոցը խցկվում է Վարոյի ու նրա մտքերի արանքը, մի պահ շեղում նրան և աղճատում Վարո-հերթապահ պատմություններ-խամականջ ուղևոր եռամիասնությունը: Ամեն փոսից հետո Վարոն Քրիստոսին փրկում է ձանձրացնող փորձությունից: Առնում է նրան իր՝ մաքրությամբ աչքի չընկնող, անտիֆրիզե ափի մեջ, այնքան զգույշ, որ թելը չկտրի: Մատնակաշվի ակոսների սևը դաջվում է Աստծո որդու պլպլան մարմնին ու խամրած հետք թողնում: Վարոյի փրկումներից Քրիստոսի կյանքում ոչինչ չի փոխվում՝ բացի մինչև հաջորդ փոսն ընկած կայունությունը:
Վարոն ինքնուս մեխանիկ է: Վաստակածը տուն տանելու համար աշխատում է արհեստավորներին փող չտալ: Իսկ «Օպելը» հոգնել է ապրելուց, բայց Վարոն ամեն օր նրան կյանք է բերում: Անձուն ձմեռվա մի վաղ առավոտ էլ բերեց, համբուրեց ձայներից արթնացած փոքրին, կնոջը հրահանգեց քնով չընկնել, գործի գցեց շարժիչը, բեռ ու բարձով լի «Օպելը» սկսեց կոտրատվել: Կինը հազար ճաք ունեցող, հազար արևներից գունաթափ դիմապակու մյուս կողմից իրեն նայող Վարոյի դեմքին ելքը գտած մարդու հպարտություն տեսավ:

***
Բազմացման շրջանում էգից մի գլուխ կոլոտ որձ շան անզորությամբ՝ Վարոն ծխում էր օդանավակայանի մեկնման սրահի մուտքերից մեկի մոտ՝ աչքը չկտրելով Վնուկովո թռչելու համար ռեգիստրացիա անցնողների դանդաղ նոսրացող հերթից: Վարոն լավ ապրելու ցանկասիրությունը խոպանում բավարարելու վճռականությամբ պարտք էր արել, Մոսկվայի տոմս գնել, գնացել գյուղ, ստուգել դուռ ու պատուհան, դարպասի կողպեքը տոպրակով փաթաթել, որ չժանգոտի, այցելել ծնողների շիրիմներին, հետները մենախոսել, ձեռքի հետ քաղհանել փշերը, վերադարձել Երևան, լարվածությունից չստացված գիշեր անցկացրել կնոջ հետ, առավոտյան գրկել դպրոցական դուստրերին՝ զսպելով արցունքները, որ ուժեղ երևա, և հասել էր «Զվարթնոց»: Մեխանիկորեն երկրորդ գլանակն էր վառել:
— Տղա ջան, երևում ա ճամփի վրա ես, մի բան առ, հաջողություն բերող թալիսմաններ են,- գայթակղել էր մի չարչի թոշակառու ու Վարոյին պարզել Քրիստոսներով լի սմքած ձեռքը:
— Ինչքա՞ն են:
— Մեծերը՝ 300, փոքրերը՝ 150:
— Փոքրից մի հատ տուր:
— Ո՞ր գույնը:
— Նիկելը,- ասել էր Վարոն ու նրան պարզել 200 դրամանոց կոպեկը՝ բարեգործի տոնայնությամբ հավելելով, որ մանրը պետք չի:
Իր կյանքում միշտ հենարաններ փնտրած Վարոն այսպես էր Քրիստոսի տեր դարձել: Քրիստոսը հետը թռչել էր Մոսկվա՝ ծակ գրպանում, որից արևածաղկի սերմի հոտ էր գալիս:

***
Վարոն գյուղի ամենափնթի ու թափթփված երեխան էր՝ միշտ կեղտոտ դեմքով, հարահոս փսլինքը քթից կախ: Հատկապես ձմռանը հագնում էր Երևանում բնակվող ազգականների ուղարկած շոր ու կոշիկը, որոնք, որպես կանոն, մաշված էին ու հագով մեծ: Դրանցով Վարոն ավելի թափթփված էր երևում: Պաշտում էր անուսում ամառն ու ատում բոլոր ուսուցիչներին, հատկապես նրանց, որոնք հանդգնում էին հորը կամ մորը տեսնելիս ձեռքի հետ բողոքել իրենից: Այդ ուսուցիչներին Վարոն համարում էր թշնամիներ, որոնք իրեն հալածելու, հանգիստ ապրել չթողնելու համար՝ Աստծուց ի վերջո ստանալու էին իրենց պատիժը: Վարոյի համար ամենատաղտկալին (ուշադրություն չգրավելու համար քիչ էր շարժվում), բայց և անցնցումը դասալսումների ժամերն էին: Ոչ մի ուսուցիչ իր մանկավարժական տաղանդն այդպես էլ կասկածի տակ չդրեց՝ Վարոյին դաս հարցնելով: Հերթականի ժամանակ, երբ Վարոն՝ մեջքով դասալսումը, աջ ձեռքով սեղանին հենված՝ ափով պահել էր երկշերտ պատուհանից այն կողմ առաջին ձյան առատությունից րոպե-րոպե սպիտակող գյուղին ուղղված երազկոտ հայացքը, ու միտքն էլի փողոցից դասարան չէր կարողանում բերել, ժողկրթբաժնից դասալսման եկած կինը բերել էր՝ Վարոյի համար անսպասելի կտրուկ:
— Վարազդա՛տ,- խիստ կանչել էր դասալսողը՝ վերջում միայնակ նստած տղայի անունը աշխարհագրության ուսուցչուհուց հարցնելուց հետո,- ի՞նչ կանեիր, եթե կախարդական փայտիկ ունենայիր:
— Աշխարհի բոլոր դպրոցները կվերացնեի,- պատասխանել էր Վարոն՝ անվարան ու հետևանքների հանդեպ անտարբեր:
Տարիներն անցան: Դպրոցն ավարտեց: Միտքը նախամարդու մտքի պես կուսական մնաց՝ անգիտելիք: Այսպես մեծացավ Վարոն՝ երազկոտ հայացքներով, երազող, պարապությունից երբեք չհոգնող ու ծնողների՝ Վարո մեծացնելու հոգսին անտեղյակ: Մի օր էլ ընկեր ու հարևան, բարեկամ ու հարազատ հավաքվեցին Վարոյենց տանը՝ խոզի խորովածի կանչող հոտի հետքով, որ բռնել էր երկրաշարժից ու պատերազմից հետո դատարկված գյուղը, բացել ախորժակ ու հոգի: Հոր՝ հատուկ այդ օրվա համար պահած խոզի միսն ու այգու խնձորներից քաշած օղին հյուրերի ստամոքսներում խառնվելուն պես տաք կենացների հերթեր գոյացրին, որ հնչում էին ասողների կանանց՝ քիչ խմելու հրաման տվող ու սաստող հայացքների ներքո: Հաջորդ օրը Վարոն հայոց նորածին բանակի զինվոր դարձավ:

***
Ռուսերեն մի քանի բառ մտքում մի կերպ իրար անող ու խոսելիս ագուցածը քանդող Վարոն հաջողակ խոպանչի չդարձավ: Շինարարությամբ վաստակած ռուբլին, որ նրա բախտից «ընկել» էր, հազիվ հերիքում էր օրվա հոգսին, երբեմն էլ մի ռուս աղջկա հետ հակասական հոտերով ու գույներով լի, անկասելի սիրո ժայթքումների տեղ-տեղ չորացած հետքերով անկողինով, մարմինների շփումից մարմնավաճառի հանգով ձևական տնքացող մահճակալով, վարագույրին ու սփռոցին ծխախոտի գլանակի տրամաչափի անցքերով էժան հյուրանոցում գիշերելուն: Մինչ նոր գիշերվա հնարավորությունը՝ հույսը ձեռքն ու միտքն էր: Վարոն տնտեսում էր նույնիսկ պահպանակի վրա, որ մի անգամ «պայթել» էր մարմնավաճառի ներսում ու Վարոյի գլխում սեռավարակվելու վախի ակոս բացել: Խոպանում խնայում էր, որ հիփոթեկով տուն գնելու կանխավճար հավաքի ու ինքնագոհ վերադառնա: Ամուսնանալուց, ծնողների մահից ու գյուղից փախչելուց հետո Վարոյի կյանքն ավելի էր դժվարացել, չնայած հարմարվել էր ծանրությանը սովոր բեռնաձիու պես ապրող տնվորի կյանքին: Ամիսներն անցնում էին, և դույլը, որի մեջ խնայած ռուբլիներն էր պահում, իսկ կափարիչին հենում Քրիստոսին, չէր լցվում: Ռուբլու պակասը լրացրեց կնոջ ու դուստրերի կարոտը, նաև կնոջ նկատմամբ կասկածը և դույլը բերնեբերան լցվեց: Աննայի հետ անցկացրած վերջին գիշերը, որ լարվածությունից չէր ստացվել, Վարոյի գլխում նոր ակոս էր բացել՝ սեռավարակվելու վախի ակոսից խոր: Նյարդային դարձավ, կասկածամիտ, ցրված, հեռահար կռվարար, թերի: Տարեվերջը մոտ էր, երբ խոպանչիների երամը բռնեց հարազատ երկնքի ուղին՝ մեկը՝ ծակ, մյուսը՝ լիքը գրպանով: Վարոյի փողը հազիվ հերիքեց 90-ականներին ծնված, 2000-ականներին գաղթական դարձած ու արդեն ժանգին հանձնված, իրարահան մասերով, նախապատմական ձայներ հանող «Օպելին», որ բուրում էր մարմնավաճառի բույրերի պես հակասական:

***
Ու դժգոհ, դժկամ Վարոն իր դժնի կյանքը փոխելու համար դուրս եկավ փողոց: Երկիրը փոխվեց, բայց նրա կյանքում ոչինչ չփոխվեց: Ամենագետ գլուխներում ժամանակի հետ մրցունակ նոր պատմություններ ծնվեցին նոր թալանի, նոր առուծախի, նոր հարստացումների մասին, որոնք գլխից գլուխ անցան, խմբագրվեցին ու համալրեցին խամականջ ուղևորներին «զբաղեցնող» հերթապահ պատմությունների շարքերը: Հետո պատերազմներ եղան. նոր պատերազմներ՝ նոր պատմություններ: Մի օր էլ, երբ Վարոն 3-րդ մասից տնտեսագիտական համալսարան էր տանում քնատ մի ուսանողի և Բերձորի միջանցքը բնապահպաններից ազատելու, նաև Սյունիքը փրկելու իր «հանճարեղ» տարբերակները, հեռախոսը զնգաց.
— Բարև Վարո: Մտադիր եմ տունն ավելի թանկ գնով տրամադրել ռուսների, հատկապես հիմա, երբ ուշացումներով ես վճարում,- տանտերն էր, որ ջանում էր տնվորի հետ միշտ պաշտոնական խոսել՝ «հեռավորություն» պահելու համար:
— Մինչև հին Նոր տարի չե՞ս ձգի: Հունվարի կեսերին դուրս կգամ,- հանձնվեց Վարոն:
— Պայմանավորվեցինք,- բանակցության արդյունքից գոհ լինելը մատնող ձայնով ասաց տանտերն ու անջատեց հեռախոսը: Բերձորն ու Սյունիքը մոռացած՝ Վարոն վարելը շարունակեց:
***
Բեռ ու բարձով լի «Օպելը» կոտրատվում է Վարոյին հարազատ մի ճանապարհի վրա: Մանկության փողոցում, որի փոշին ցուրտը քարացրել է, մեքենան կանգնեցրեց՝ առաջնամասով դեպի դուռը խուփ, հին ու լքված տունը: Անտեր խնձորները ծառերին չորացել են, սմքել ու հասած «կորոլյոկի» գույն ստացել: Մի քանիսն էլ ընկել էին անմարգ, ճանապարհի նման հարթ հողին ու քարացել մեծ փոշեհատիկների պես: Վարոն ուժով փակեց «Օպելի» դուռն ու քայլեց դեպի տխուր տեսարանը: Ձեռքը ծակ գրպանը տարավ՝ մետաղե ատամներով անցքի եզրերից կառչած բանալիները հանելու: Վարոյի դեմքին ելքը գտած մարդու հպարտություն կար:

***
Ու թե Քրիստոսի ձեռքերը ձկան բարալիկ թելով կապված չլինեին հազար ճաք ունեցող, հազար արևներից գունաթափ դիմապակուն ամրացված հայելուն, դաստակներով կսրբեր աչքերը՝ բերքը ցրտահարությունից փրկած մշակի պես հուսառատ:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն