***
Օրն ասես վերջից եկող ահազանգ լինի,
ուր անձրևը առջևից գնացող դիակառքի պես
տանում է մրուրը երեկոյի,
քամու ափերում ծղրտում են
դեղնած տերևները,
լուսնի արտացոլանքը հևում է լճում…
Ջազի մինչև վերջին կաթիլը քամում ես
դաշնամուրիցդ
և փողոց նետում պատուհանից,
բարձիդ սպիտակում նվագում են
ստվերներիս հնչյունները…
Խավարում թողածս լույսի մեջ
գտնելու համար,
կայարանում նստում եմ գնացքը
որով մեկնել ես…
***
Երբ ցոլքս սրտումդ
քարտեզագրի տարածությունս
շնչառությանդ հետ կշոշափես սահմաններս,
շուրթերիդ միջև լողացող անունս կմարսես
մինչ այդ քեզ անծանոթ հաճելի ցավով…
Հեշտ չէ հյուրընկալվել Աստծուն,
այն էլ երկուսով միաժամանակ…
ԼԱՎԱՇ
Թոնրատանը լողացող ծխում
մորս ու տատիս միջև
ծաղկում է հացի երաժշտությունը…
***
Քեզանից հեռու,
ափերիդ մոտ,
զարմանում եմ
անապատում գետի հանդիպած
արևի նման:
Քո քարայրներում
ծովի աղոթքն եմ լսում,
արթնանում են մամռոտ խարիսխներում
քնած հրեշտակները:
Վերապրում եմ անձրևներդ
սպիտակ թղթի առջև…
ԱՆԻ
Աստծուց խռոված լացող աղոթքը
ձոր է իջնում ջուր խմելու,
անգմբեթ տաճարներում դողում է
անկոչ հյուրի պես պատսպարված ձմեռը,
երկնքում դեռ համբերում է
լուսակնիք սպասումը Արարատի…
***
Վարդերի վրայից արևը հավաքում է
եղյամապատ ստվերդ,
պատուհանին անձրևը լվանում է ձեռքերդ,
ջրափոսերում հալվող վարդագույն ծիծաղդ
ծաղկում է առվի պռնկին…
Մատներիդ արանքում
դաշնամուրի ասեղնագործած հորովելը
օրորում է ափերիդ մեջ քնած մանկանը…
***
Թե ուզում ես ինձ հասկանալ
պառկի՛ր ջրերի վրա,
վերապրի՛ր երկինքը,
վերծանի՛ր քամին,
մարսի՛ր օրորը լուսնի,
թեքվի՛ր դեպի ջուրը
թող եղյամդ հալվի գետում…
Լսի՛ր ծովը,
փակի՛ր աչքերդ,
որ աստղերի լույսով հղի
փոթորկահույզ ալիքներդ
շառագունեն ափերիս մոտ…
***
Կանաչ քառուղիներումդ
խաչված հիշողությունը
անհավատ քահանայի պես
ինձ համոզում է երբեմն
թե կաս,
հանուն քեզ խաբում եմ ինձ,
հավատում եմ…
Աներևույթը տեսնելու
իմաստությունը ձեռք բերելու համար
կտրել է պետք անցյալի պորտալարը…
***
Երբ մարդիկ դադարում են աղմկել,
եղյամապատ ստվերը
վարդաջուր է քամում այգում,
հրեշտակաթև քամին օծում է պատուհանս,
շուրթերիս արանքում
ծրարված լռության մեջ
լսում եմ Աստծուն…
***
Հայելու հետ հանդիպմանս
ցասման երկայնքով վարարում ես
աշնան խոնավ բեկորներում,
գիշերվա անարձագանք արահետը
անցնելուց առաջ բարձրանում եմ
երազիս երկինքների ձուլարանում
վերծանելու էությունդ…
Հեշտ է խավարում
Աստծուն կերտել ոսկեքանդակ
և չհավատալ նրան…
***
Կրծքիս տակ փոթորկահույզ ալիքներում
կարոտի երկնաքերը քանդելու համար
արձակում եմ անցյալի կոճակները,
ճանապարհի բանուկ հատվածում
ուր շտապեցինք, չհասանք իրար:
Հիմա՝
նորաթուխ գարնան ընդերքում
անձրև է թմբկահարում երկինքը,
ոչ ոք չի շտապում
դուրս գալ մահվան տախտակամած,
բոլորը այնտեղ են նավարկում ի վերջո…
***
Երբ գիշերը հալվում է
պատուհանիս թեքված
լուսնի ափսեում,
անձրևում եմ բարձիդ երկայնքով,
քո տախտակամածում
ծովի դուռը թակելու համար…
***
Երգեհոնի ընդերքում մերկացող ձեռքերդ
հնչյուններ են օրորում երգչախմբի բերանում,
ծովն արթնանում է նոտաներիդ մեջ,
որ հրեշտակներ պառկեն ափերիդ…