ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
Ես ֆլեգմատիկ անվերջություն եմ,
գիտեմ տաքությունը ջրերի,
լեզուն ծառերի,
խոստումը երկնքի,
կառուցել եմ հսկա պարիսպներ
իմ ու ոչնչի միջև,
դարձել սառնարյուն, դաժան,
բայց եւ հուսալի
անկեղծ շնչավորների համար։
Մի խոսքով`
վազվզող սնդիկ,
համառ մարդուկ եմ`
հավերժ-կայուն
ԼՌՈՒԹՅՈՒՆ:
***
Իմ տեքստերից զզվում են շատերը,
ջղաձգվում,
փիտում են մազերը,
որձկում`
ետ տալու բաղձանքով,
ճտտացնում մատները ձեռքերի
եւ հետո անշուշտ ոտքերի,
հաստատ մտածում
գլուխները պատերին ջարդելու մասին,
որովհետև հեքիաթներ լսելը
նրանց ամենասիրելի զբաղմունքն է
եւ ուրիշ ոչինչ,
իսկ ես,
որ խցկվել եմ իմ իմացածի եւ
չիմացածի արանքում`
վերջին անգամ թքում եմ գետնին
ու քայլում՝ որպես չստացված հրոսակ,
լիակատար ապուշ։
***
Ես չվազեցի դուրս խաղալու.
ես այնքան հիմար չեմ, որ գնդակ տշեմ,
հարեւան երեխաների անունները գոռամ,
փակեմ աչքերս ու հաշվեմ`
մեկ, երկու, երեք… տասը։
Ես ատեցի ըմբշամարտն ու
մնացյալ սպորտաձեւերը,
ատեցի ֆիզկուլտուրան.
վազելը, ընկնելը,
բադաքայլը ու այլ բաներ, որ ինձ կապիկի
պահվածք էին հիշեցնում,
ատեցի հռհռացող մարդկանց,
չմոռացա նրանց աչքերը,
դեմքի ուրվագծերը,
բռունցքները`
մեկին սատկացնելու պատրաստ…
— ՊԱ-ՌԱ-ՅԱ, —
բացե՛ք ձեր աչքերը,
ես ավելի խելագար եմ, քան կարծում եք,
ես ընտրել եմ կարդալը։
***
Այլեւս ձայներին-
բամբասանքներին ու մռթմռթոցներին`
չլսելու եմ տալիս,
հաճելի-տխմար ժպիտը դեմքիս,
ինքնագնահատականի բարձր զգացմամբ,
առանց նեղսրտման ու
սրտաճմլիկ տեսարանների,
անգութ-անբարեհաճ, լիովին սառը,
աչքերս ֆռցնելով ու կանգնեցնելով ձեր
անդուր դեմքերին,
մտքիս մեջ պահելով կատարվածը.
լինելով այլ աշխարհում,
ստեղծելով նորը.
ուր «չի կարելիները» տգիտության
բարձր մակարդակն են,
անհաջողությունը` լավի նշան,
անսպասելիությունը` սեփական շողքդ,
արդյունքը` քիչ խուսափելի,
որովհետև երազանքները կատարվելու
հատկություն ունեն,
որովհետև ես հավատում եմ դրանց:
***
Հաշվի չառնելով քաղաքական զեղումները,
facebook-ի անիմաստ ստատուսները,
շենքերը ճեղքող զիբիլի հոտը,
երթևեկության խցանումները,
թափառական շներին,
մարդկանց, որ ատամներով խրվել են մեջս
եւ այլեւայլ իրողությունների,
ամառվա շոգին` վառ կապույտ շորտով,
անտեսելով հոգևորակաների սատանիզմի
մասին տեսությունը`
փակվել եմ տանը ու ռոք եմ լսում։
Եվ մնում է միայն երազելը,
նրա մասին, ինչն անկարելի է, բայց հնարավոր
եւ ավելի սիրուն,
քան բանաստեղծությունը։
***
Փակվում եմ տանը,
միացնում Մոցարտի «Ռեքվիեմը».
մարմինս քրտնում է,
սիրտս կամաց ճստվստոցով տանում է
վերջին կաթիլ արյունը, կանգնում,
աչքերս սառում են
ու տեսնում եմ իրականը,
անքակտելին,
աստծո ստեղծած միակ բանը,
որի սիրունությունից, վստահ եմ`
գետինը չի մտնում —
վերջին ճիգերով շնչում եմ լույսը.
ամեն Lacrimosa բառից`
ծնվում։