Կառլոս Ռուիս Սաֆոնի «Քամու ստվերը» իսկական գրական փոթորիկ է, որը հուժկու հարվածով տապալում է ընթերցողին, ապա, ասես տերևի պես, վերցնում ու տանում անկասելի ճամփորդության, որպեսզի պտտեցնելով խելագարության աստիճանի, նորից հետ բերի-գցի այնտեղ, որտեղից վերցրել էր:

Ֆուֆ: Երկար ստացվեց առաջին նախադասությունս, բայց այլապես հնարավոր չէր:

Մոռացված գերեզմանոցից հայտնաբերված գրքի հեղինակի գրեթե բոլոր գրքերը ոչնչացված են, քաղաքում կա անդեմ մեկը, որը որսում է դեռ պահպանված հատորիկներն ու այրում դրանք, մեծահարուստ ընտանիքներից մեկին պատկանող լքված դղյակում սիրահարների հանդիպումն ընդհատում է զարհուրելի ուրվականը, իսկ գեներալ Ֆրանկոյի բռնաճնշումները կախված են բոլորի գլխին:

Ուրեմն Բարսելոնա: Ուրեմն 1940-ական թվականներ: Ուրեմն մոռացված գրքերի գերեզմանոց, որտեղ գրավաճառը տանում է իր տղային, որպեսզի նա իր համար մի գիրք ընտրի այնտեղից:

Ու սկսվում է պատմությունը մի գրքի, մի գրողի ու մի գրավաճառի, որը այնպիսի լարվածություն է ստանում, որ ես՝ բավական փորձառու ընթերցողս, քիչ էր մնում կորեի-անէանայի դրա մեջ: Այդ պատճառով էլ որոշեցի զսպել ինձ, չգրել այս գրքի մասին անմիջապես այն կարդալուց հետո ու համբերել, որ փոթորիկն անցնի, կրքերը հանդարտվեն ու տեսնեմ, թե ինչ է մնում տակը:

Իսկ տակը մնաց այնքան բան, որ ահա երկու ամիս է, դեռ դասավորում ու դասավորում եմ:

Սաֆոնի հորինած պատմությունը իրոք շքեղ է: Գիրքն ինչ-որ իմաստով հիշեցնում է կրքոտ լատինական սերիալ, որտեղ սերը միշտ արգելված է, հարաբերությունները խճճված են, իսկ շրջադարձերը, բնականաբար, անսպասելի:

Սա անպայման կարդալու գիրք է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են գրքերը, սիրում են կարդալը ու սիրում են կարդալ գրքերի մասին:

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն