Ու լուրն ընկավ գյուղի բերանը, թե Ստեփանը  կնոջը դուրս է արել, սա էլ դուրս է եկել տանից ու գնացել անհայտ ուղղությամբ: Դե այնքան էլ անհայտ չէ` առավոտյան գյուղամիջում իբր թե հենց էնպես, իմիջիայլոց, Սահակը պատմեց, թե գիշերը դուրս է եկել մաքուր օդ շնչելու ու տեսել է, թե ինչպես է ծաղկավոր շորով մի խիզան մտնում իր հարևան Մուրադի տուն: Նախորդ առավոտյան Ստեփանը կնոջը մի քանի կարգադրություն է տալիս ու դուրս է գալիս: Երեկոյան գալիս է տեսնում, որ բոստանը ջրած չէ, հավերի թառը բաց է, կինն էլ հոր տնից օժիտ բերած կարի մեքենայի առաջ նստած ծաղկավոր չթից շոր է կարում: Կռիվն ընկնում է սրանց մեջ, թե գործերը թողաց ինչով է զբաղվում: Կնոջը կարգադրում է բոլոր գործերն անել էնպես, որ մեկ էլ ինքը գա ու տեսնի` էլ անելու բան չի մնացել: Արուսիկը շատ կուզեր էդպես անել, բայց շորն ավարտելուն մի քիչ էր մնացել, որոշեց վերջացնի, հագնի ու էդպես դիմավորի ամուսնուն:

Ամուսնության օրից 6 տարի էր անցել, բայց երեխա չունեին, կիսուրն աշխարհի բերանն էր գցել, թե  «էն հարսը չբեր է», բայց դուրս չեն անում, որովհետև Ստեփանի սիրտը կպած է, համ էլ 1000 տարվա հարևաններ են անբարիշտություն հո չեն գցելու: Էսպես հարսանիքի օրից հոր տանից բերած շորերի մեջ էր Արուսիկն ու մեծ քրոջ նվիրած հատուկ առիթներին օգտագործվող կոշիկներով: Մեկը չէր տեսնի, որ նա իր բաղ-բոստանից դուրս գար:

Մի օր էլ քաղաքից առևտրականներ էին եկել, ամեն ինչից էլ վաճառում էին, փոխում պանրի, ձվի , յուղի կամ մեղրի հետ, Արուսիկն էլ մի ծաղկավոր չիթ վերցրեց ` փոխարենը 2 ամիս թաքուն հավաքած 30 ձու տվեց:

Մտքին դրել էր, թե ինչ էլ լինի կարելու է էդ շորն ու հագած-կապած դուրս գա գյուղամեջ, որ բոլորը տեսնեն, թե ոնց է սազում իրեն թազա շորը, գույները սազում են աչքերի հետ, փեշի ձևն էլ ձգում է ոտքերն ու նույն կտորից կարած գոտին ըդգծում է մեջը:

Ստեփանի հետ սիրելով չամուսնացավ: Իր պսակվելու ժամանակն էր, պետք է ընտրություն աներ կամ Դսեղեցուն ուզեր ու գնար, կամ էլ իրենց կողքի տունը գնար. հին հարևանություն է, Ստեփանն աշխատող տղա է, իր հոր աչքի լուսը: Չէր էլ պատկերացնի, որ սկեսուրը առաջին իսկ օրից իրեն պաշտոնը բարձրացրած չինովնիկի պես կպահի: Առաջին օրը լույսը չբացված մտավ ջահելների սենյակն ու սկսեց իբր անկողինը հավաքել, երկրորդ օրը հարսի պարտականությունների մի բանավոր  ցուցակ ներկայացրեց, մեկ օր անց սկսեց դաստիարակել ու էդպես մինչ օրս: Օր չկար, որ երեսով չտար երեխա չունենալը:

Ստեփանն էլ առավոտյան դուրս էր գալիս, երեկոյան գալիս: Չխոսկան տղա էր: Վեց տարվա ընթացքում ամբողջ ասածից միայն մի բան էր տպավորվել Արուսիկի մեջ` իրեն տուն բերելու առաջին օրը ասաց ` մորս համար լավ հարս էղնես` ամեն ինչ լավ կեղնի: Բայց էլ միջոց, ձև ու տարբերակ չէր մնացել լավ հարս լինելու:

Ուզածը մի ծաղկավոր շոր էր, եղածը մեծ բան չէր: Ստեփանն եկավ տուն, տեսավ կնոջն ու չճանաչեց: Ձիք մարմնով, մազերը բարձր հավաքել էր, աչքերի եզրերը սև մատիտով գծել, շրթունքները կարմիր ներկել ու կանգնել էր սենյակի կենտրոնում: Մի քանի վայրկյան մարդն էդպես կանգնած մնաց ու չհասկացավ Արուսիկի շատ սիրուն լինելուց էր, թե անսպասելիությունից` ապտակեց կնոջն ու կատաղած նստեց սեղանի մոտ: Էլ չէր նայում դռան կողքին կուչ եկած կնոջը: Փնչացնում էր քթի տակ` էգին իր ձեռքից կորցրած ցլի նման: Անտեր շորն էլ էնքան է սազում տերն օրհնածին, որ աչք կտրել չի լինում: Լավ էր, երբ Արուսիկն անշուք, միշտ նույն` ձևն ու գույնը կորցրած զգեստով էր, մազերը շալի տակ պահած, աչքերը կախ: Հիմա էլ առաջվանը չի լինի: Էսպես դուրս կգա գյուղամեջ, կնայեն աջուձախից, դե Ստեփան դու էլ արի տեր էղի քո բարիքին, որ ուրիշի չտես աչքը չքաղցրանա վրան: Ստեփանը չէր էլ պատկերացնում, որ առանց զարդարանքների էլ արդեն կար մեկը, ում աչքը քաղցր էր իր կնոջ վրա: Մուրադի սիրտը վաղուց էր Արուսիկին կպած: Դեռ ջահել ժամանակ էլ մի անգամ բաղերում ժամադրվել են, խոսել, բայց անհեր, անմեր տղա էր Մուրադը, նրան աղջիկ չէին տա, մանավանդ, երբ Ստեփանի թեկնածությունն անցել էր միաձայն: Ամուսնանալուց  հետո էլ մի անգամ փորձել էր հետը խոսի, բայց Արուսիկը չէր թողել, ասել էր`

-Ամոթ է Մուրադ…մեղք է…  փորձանք կդառնա… էլ չգաս…

Ու Մուրադն էլ չէր եկել: Ջահել օրերի սերը խորը թաղել էին երկուսն էլ:

Սկեսուրն եկավ, նստեց տղայի կողքին ու գլուխն առավ ձեռքերի մեջ: Մարդը մահանա բռնեց, թե կնիկը հենց էնպես թազա շոր չէր ուզի, ուրեմն մի բան կա: Բերեց-հասցրեց կասկածը Մուրադի վրա, թե արդեն մի շաբաթ է ինքը տեսնում է, որ Մուրադը իրենց պատի կողքով շատ է դես ու դեն գնում:

-Ինչի՞ Մուրադը մեր պատի տակից չի հեռանում,-ասում էր բռունցքը խփում սեղանին, խփում էր ու աչքերը չռում ծաղկավոր շորը հագին դռան տակ կուչ եկած կնոջը,- Մուրադի համա՞ր ես հագել-կապել,- ասում էր ու ինքն իր ասածից կարմրում-վառվում: Նայում էր քանդված մազերի արանքից իրեն վախեցած նայող աչքերին, հայացքն իջեցնում էր մարմինն ընդգրկող զգեստին ու աչքերը կտրուկ թեքում: Սկեսուրը մի կողմից հարցնում էր, թե կտորը որտեղից, Ստեփանը մյուս կողմից հարցնում էր, թե Մուրադն ինչի է իրենց տան կողքով անցնում:

Էսպես դատ ու դատաստան արեցին Արուսիկի գլխին ու դատապարտեցին դաստիարակչական ծեծի Ստեփանի կողմից: Դատապարտյալը դուրս թռավ տանից ու վազեց անհայտ ուղղությամբ: Արդեն գիշեր էր, Ստեփանը վազեց ետևից, թե աղջի հետ արի, ոչինչ ինչ եղավ եղավ, մայրն ասաց` բան չկա, իրա ոտով կգա:Բայց էլ չեկավ Արուսիկը:

Առավոտյան լուրն ընկավ գյուղի բերանը, թե Ստեփանը  կնոջը դուրս է արել… Սահակը գյուղամեջում հավաքվածներին պատմեց  թե գիշերը դուրս է եկել մաքուր օդ շնչելու ու տեսել է, թե ինչպես է ծաղկավոր շորով մի խիզան մտնում իր հարևան Մուրադի տուն…

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն