***
Թաց մազերիցդ
Երևանի առավոտն է
կաթում,
ու փողոցները
մարդաշատ չեն,
կիրակիները
Երևանում  երբեք չեն
շտապում,
այլ իրենց դանդաղ
պտույտն են անում,
ու իմ վերջին
մայրաքաղաքը
իր հավերժության
աղոթքն է
անում
լռության մեջ,
ամեն կիրակի,
ամեն կիրակի…
***
Մեր առաջին հանդիպմանը
եկա մրի մեջ կորած ու
ցնցոտիավոր,
ինչպես ծխնելույզ
մաքրող,
երկրորդին՝ բավականաչափ
ալրոտ էի՝ հացթուխ
լինելու համար,
բայց դարձյալ
չգուշակեցիր
ինքնությունս,
երրորդ այցիս հարկն էր,
որ արքայադստեր
տեսքով հայտնվեի,
բայց արքայադստեր
հանդերձները իմ
հագով չեղան,
կամ չափազանց գեր էի,
կամ չափից դուրս նիհար,
ու ես նորից
նախընտրեցի
ծխնելույզները,
որտեղ բավականաչափ
տաք էր ու
հարմարավետ,
ու չկար ոչ մի
օտար աչք,
կար միայն
մանկությամբ բուրող
հիշողություն…
***
Տեր,
դուրս քաշիր
ինձ այս
գիշերային
մղձավանջներից,
Ֆյուզելյան
կտավներն
իմ սրտով չեն,
դադարեցրու
մարմնիս
քայքայումը,
քանզի ես
էլ  չեմ
զգում՝
արթուն եմ, թե
քնած,
գիշեր է, թե ցերեկ,
քանի դեռ
չգիտեմ,
կրակոցը
սրտիս է, թե
գլխիս,
սանձիր գազանին
իմ ներսում,
և ինձանից՝
դուրս,
քանզի լույսը
գնալով պակասում է,
լույսի համար տեղ
չի մնում իմ ներսում,
Ների՛ր մեղքերն իմ՝
մեղսավորիս,
ու փրկիր Հողն այս
հոշոտվող…
հոշոտվող…
Իմ
Հողը…
***
Յոգայից հետո
կամ անձրևից առաջ
թիթեռի տեսքով
տերևին նստած
Մենուհինը
հնչեղ էր,
ինչպես չասված
բառը
համր ֆիլմում…
***
Քեզ կլքեմ
ամռանը՝
կեսօրին,
ու կեսօրը՝
որպես
մխիթարանք,
կտանեմ
ինձ հետ,
ու ամեն
կեսօրին
արևից
վառվող
տանիքներին
կփնտրեմ քեզ
բոլոր
հեթանոս արքաների
շարքում,
ու կգտնեմ
հեթանոս աստվածների
կողքին
թեյ խմելիս…
***
Նորի՛ց, կրկի՛ն
ու ամեն անգամ
ինչ-որ ծանր
ձեռք
երկրագնդի առանցքն է
քաշում՝
իբրև պահանակի օղակ,
իսկ փրկօղակները
ծանր են,
ինչպես թևերը
անկյալ հրեշտակների,
որոնք ուժ չունեն
թռչելու
ու իրենց թևերով
մայթերի փոշին են սրբում,
որ փոշով ծածկեն
իրենց մերկ մարմինները
ու փոշոտ մերկությունը
հանեն ընդդեմ
աշխարհի բոլոր
զենքերի…
Մարմինս մոռացել եմ
անլապտեր կիրճում,
որտեղ շնագայլերի
ոհմակն է վխտում,
ու ջուրը,
կաթոցը ջրի
ու քամին
ու գլխապտույտը
նույն նյութից են…
Մահը կգա
ու նորից
չի գտնի ինձ,
որովհետև
ես մարմին
չունեմ,
հասցե
չունեմ,
ու լապտերը
չկա…
***
Դու սիրուն էիր
անցյալ աշնանը
գլխավերևում
պտտվող թռչունի պես,
որ բաց նյարդերս էր
կտցահարում ու
նյարդից փորո՛ւմ
խրամատ  ու
կեռ ճանկեր՝
խրված
ձեռքերիս մեջ…
Դու սիրում էիր
անցյալ աշնանը
այս այգին ու
խնձորենին մերկ…
դրախտի խնձորն այս,
որ արդեն
հասուն էր,
հասնում էր,
հասու չէր
մեզ…
***
Ես քեզ կսպասեմ
անտուն
շների կողքին,
անհամբերությունը
կգլորեմ մայթերին,
որոնք իմը չեղան,
շաղ կտամ
ծառերին,
որոնցից չհասցրեցի
կախվել,
քանզի իմ
փոխարեն
բոլոր ծառերից
ձանձրույթն էր
կախվել
հաստ պարանով
անդեմ
ժամանակի…
***
Սենյակը լեցուն էր
առավոտվա
լույսով,
մեղուների պարսով,
մեղվի բզզոցով,
սրտխառնոցով
ու
սպասումով,
որ ավելի շատ
բնազդային էր,
քան իրական,
ու այլևս իրական
ոչինչ չկար,
ու սենյակի պատերն էլ
չկային,
ու անորոշ
տարածքը
ձուլվել էր
ինքն իր մեջ
ու վերջում
լույսից
բացի
ոչինչ
չկար…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն