***
Իմ հեռու…
հեռու այնքան որ չեմ փնտրում
արդեն,
իսկ բոլոր մոտերը վառվում են
իմ սիրած փողոցի միակ
աղբամանում
Իմ հեռու…
ես քայլում եմ
անցնում մի քանի սիրած և չսիրած
խաչմերուկներ, փողոցներ,
մտովի ընկնում մեքենայի տակ.
զգուշանում
պարելով քայլում
երգելով քայլում
ու մենակ
Իմ հեռու, մենակ եմ
անտուն, անկրակ,
կարոտով
այն անկյունային խանութում
չեն վաճառում իմ սիրած շոկոլադը
այլևս…
ու իմ բոլոր շոկոլադե ցավերը
վերջանում են մի հեռու տեղ
նեղլիկ, մութ փողոցում
ուր մենակ խիզախներն են գնում
սրտաբացերը
որ փողոցի անսարք լապտերների
փոխարեն շողան
ու այդ հեռուն դադարի վախ ներշնչել.
փնտրեմ, գտնեմ քեզ
ես գիտեմ ինչպիսին են աչքերդ
ձեռքերդ, հասակդ, մազերդ
դու` անիրական
միտքդ` ոգևորող
ներսդ` կյանք
բայց հեռու
(դեռ) հեռու
երեկոյան հեռուն մոտիկ դարձնելու
համար էլ ոչինչ չկա
Չկա. չեմ սիրի ուրեմն
 
*** 
Ամպել ենք…
ես մեկ օրով,
իսկ երկինքը, ասում են,
մի ամբողջ շաբաթով
նորից ինչ-որ մեկը խառնում է
մեր թեթև զբոսանքը
ու հարվում ենք կարոտով
Հորինվել ենք…
զուգահեռ աշխարհներում
ինչ-որ մեկի սիրային պատմություններում
ու մոռացել, որ մենք ենք միայն
հարմարվում դրա
սխալ ընթացքին
(կամ էլ միամիտ մեկին խառնում իրար)
Աշխատել ենք…
աշխատել ենք գցել ուրիշին
մեր ճահիճը, խեղդել
ու ժպտալով բարևել
հաջորդ առավոտյան
Սիրել ենք…
պարտադիր սխալ մեկին
պարտադիր կասկածել
խոստացել չսիրել
այլևս…
սիրելու ենք արդյո՞ք
 
 *** 
Ես իմը չունենալու մասին եմ
հազարավոր թափառական շներ ունենալու
ու իմ միակը չունենալու մասին եմ
ես Գյումրիում օդ եմ կորցրել
ու գտնողին անկեղծություն,
տարիներ թեթև
ու անվերք հոգի եմ խոստանում
դու իմ օդը չես փնտրում
անտարբեր ես կամ թվում է ինձ
որ ուրիշների 
շնչած-արտաշնչածին չեմ հարմարվի
գուցե՞ …
ես հաստատ չպատասխանելու
հարցականներ թողնելու մասին եմ
ես`
շեշտե ձայնդ կարոտելու
մի քիչ հորինելու
ներսի դաստիարակներին մերժելու
ու թոքերով շնչելու…
մի օդ, մի միտք կիսելու
կես բառից լռելու
հոգնած բոլորից` հանգստանալու
մասին ենք.
մենք
(սիրուն է հնչում. մենք)
 
*** 
Կասկածիր ինձ
ասա, որ տուն չգամ
մինչև կդառնամ խելոք
սպասելիքներիդ հարմար
չափած-ձևած
ու կտրտած ներսից…
Ասա, որ չգամ տուն.
ես նոր տուն կգտնեմ
հազարավոր նոր տներ
թո՛ղ անհարմար, վանող,
թեյի պակասից ճաք տված տներ.
տներ, որտեղից կգնամ
նորից…
Իմ տունը թող մարդ լինի
առանց չորս պատերի,
առանց տաք ու սառը ջրի,
առանց սեփականության թղթի,
առանց բանալիների։
Իմ տունը թող մարդ լինի
որ սիրեմ` անսովոր լինի
կարոտեմ` կանչեմ
կառուցեմ իմ տան երկրորդ, երրորդ հարկերը, 
«տնավորվեմ»…
Ես կմոռանամ իմ բոլոր գիտեցած թվերը
ու տարբերություն հաշվելը կմոռանամ
որովհետև տուն եմ փնտրում
իսկ թվերը խանգարում են.
մեր թվերը տարբեր են
բայց իմ ուզած տունը ունի
լույս արտացոլող պատուհաններ,
չնկարվող դուռ,
ներսը քեզ կորցնող տաքություն,
անվերջ երեկոներ…
իմ ուզած տունը աչքեր, ժպիտ,
հոգի ու գիրկ ունի…
ընդամենը։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն