ԱԽՈՐԺԵԼԻ ԽՈՐՏԻԿ
Ես այսօրվա պես հիշում եմ նրա մարմինը` ափսեի մեջ դրված: Քածերը կտոր-կտոր էին արել հորս, տապակել արևածաղկի ձեթի մեջ, այնտեղ, ուր առաջ նրա սիրտն էր / այն միակ սիրտը աշխարհում, որը սիրում էր ինձ/ կիտրոն էին խցկել. հորս երիտասարդ մարմինը զարդարել էին ամեն տեսակ բանջարեղենով. հայրս սեղանի ամենաախորժելի խորտիկն էր:
Ես լողում եմ ինձ բաժին ընկած մի մետրանոց օվկիանոսում. խոհարարը վերջին ուղղումներն է անում հորս դիակի վրա. ես մռութս քսում եմ ինձ ու մարդկանց աշխարհները բաժանող ապակե պատերին. STOP. սեղանի կենտրոնում նստած կինը կուլ տվեց թուքը. (սեռահասուն դառնամ՝ դրան կշինեմ). կողքի պարոնը անձեռոցիկը խցկեց օձիքի արանքը. բարի ախորժակ. նրանց լցոնված ատամների տակ անհետանում է պապաս. աչքերիս առջևով անցնում են իմ ու պապայի ապրած բոլոր երջանիկ ժամերը, մեկիկ-մեկիկ հիշում եմ պապայի բոլոր պատգամները, թե ինչպես պետք է ինձ պահեմ՝ երբ կեռաձև զանգվածի վրա որդ կամ հացի կտոր տեսնեմ, թե այդ դեպքում ինչպիսի բառեր շշնջամ, որ դիմանամ գայթակղությանը և այլն և այլն: STOP. կինը դանակ-պատառաքաղի օգնությամբ կտրեց հորիցս մի պատառ ու կամաց-կամաց սկսեց ծամել. քաղաքակրթության ողջ նվաճումները կիրառելով` նա բարեհամբույր ժպիտը դեմքին խժռում էր հորս:
Օվկիանոսը դավաճանի մեկն է, պապաս` նույնպես, խոստացել էր չգայթակղվել. STOP. կինը գխտաց:
Երևի քաղաքակրթությունը պահանջում է, որ սրտի փոխարեն կիտրոն խցկեն. STOP. հայրս չէր կարող ինձ կիտրոնով սիրել:
Նա ուխտել էր շատ բաների չհավատալ` օրինակ, որ սերը սոցիալական զգացմունք է, որ ես ու նա մեր երկրագնդի բնական ռեսուրսների թվին ենք պատկանում, որ բարձրահարկ շենքերը գերմտքի նշան չեն, այլ տնտեսող մտքի, որ Իսրայելի տուրիզմի զարգացման մեջ քիչ չէ նաև Քրիստոսի գերեզմանի դերը, պապան նաև չեր ուզում հավատալ, որ մի օր նրանից խլելու են իսկական օվկիանոսը, ու որ նա իր կյանքի մեծ մասն անցկացնելու է մի մետրանոց ապակե պատերով օվկիանոսի մեջ:
Ես հորիցս ժառանգել եմ իր կարմիր աչքերն ու ջրային ճակատագիրը. ես լաց եմ լինում իմ պուճուր օվկիանոսի մեջ (ավելի ծիծաղելի պատկեր, քան ջրի մեջ լացող ձուկը ես դեռ չեմ տեսել). անտեսանելի, անշոշափելի գործողություն. STOP. ավելի լավ է գլուխս ապակե պատերին խփեմ:
Հորս տապակած զգացմունքները ջարդուփշուր են լինում կնոջ սպիտակ ատամների տակ: Կինը գոհ է. կինը աններելի գեղեցիկ է. կինը նորից ժպտում է. կինը իմ թշնամին է:
Աղջիկն ու պատերազմը
Թող պատերազմ սկսվի, ու ես սիրուն շորեր հագնեմ,
Նստեմ ու նայեմ տղաներին:
Թող տղաները իրար վրա կրակեն ու ես պեդիկյուռս թարմացնեմ,
Թող լիքը-լիքը ռումբեր պայթեն, ու էդ պայթյունից
Մազերս շարժվեն՝ ոնց-որ լորեալի ռեկլամի մեջ,
Թող վառոդի հոտ գա ու ես դուխի փչեմ,
Թող պատերազմ լինի ու ես սիրուն լինեմ:
Լիրիքս
Դու հոգնել ես երևի տատիկիս անեծքներից,
Թուշիկներդ կարմրում են պապայիս քֆուրներից,
Բայց ես հուզվում եմ նորից
Քո ամոթխած ժպիտներից,
Դիր գլուխդ ծնկներիս,
Մխիթարվիր գոնե մի քիչ
Օ, պրեզիդենտ դու իմ փոքրիկ:
Ցողունվել ես ինձ համար
Դարձել կինոյի տղա,
Դիր թաթիկդ ափիս մեջ
Կսիրեմ հիմա ես քեզ: