***
Արևը ոսկի է մաղում,
Գետերը հոսում են արագ,
Քամին ծառի հետ է խաղում,
Պոկում է ճյուղերը բարակ:
Երկինքը խաղաղ է ու բիլ,
Աչքերդ` երկնային կապույտ,
Եվ դու երկնքից մի կաթիլ
Կամ բախտի խանդող մի համբույր:
Արևը ցոլքեր է շաղում,
Խաղում է քամին ծառի հետ,
Իմ սրտին դեռ դու ես տիրում.
Դժվար է ասել` արի ետ…
***
Աշնան անտառը ճաղատ,
Աշնան երկինքը թախծոտ,
Աշունը` վշտոտ մի անհատ,
Աշնան մտքերը` մաղձոտ:
Երկինքը արև է պարզել,
Երկինքը լալիս է վշտից,
Կլինի՞ աշունը մարսել,
Չմեռնե՛լ, չտանջվե՛լ ցրտից…
Մտքերս քսվում են քամուն,
Մտքերը փախչում են ինձնից,
Վշտերիս անդունդը անհուն,
Երազիս տեսիլը անբիծ…
***
Իրիկնային տաղտուկ մթության մեջ,
Պատերի մեջ բանտված այս սևահեղձ,
Անժամանակ մահվան մի ելևէջ
Եվ մահաբեր աշնան ուղերձ դժգույն:
Անէացող վերջին իմ հույս անկար,
Անփառունակ բախտից միակողմ սեր,
Անվերնագիր պատկեր իմ անկատար,
Օ՜, կյանք տկար, օ՜, փրկի՛ր, Տեր…
Անճշմարիտ, անստույգ այս աղմուկից ամեն,
Չլուսացող, անշունչ գիշերներից բոլոր
Ես` Մեղավորս, հոգնել եմ արդեն
Եվ օտարում եմ իմ երազները մոլոր…
***
Լեռների ծոցում խորհում եմ հաճախ` նստած Սև քարին,
Ձեռքերս մեկնում` Հավիտենության լույսին դիպչելու
Եվ հավատում եմ, որ այս մութ ու նենգ աշխարհից անդին
Դեռ Պայծառ աշխարհ մուտք եմ գործելու…
Հավատում եմ ես և երազներս շռայլ շաղ տալիս՝
Հույս գուրգուրելով, թե վաղվա Օրը լավ է լինելու,
Բայց ցից լեռների երկնակամարը ամպեր են գալիս,
Եվ դեռ մարդիկ են իմ պայծառ մտքում գույժ բորբոքելու…
Նստած լեռներում Սև քարի վրա,
Լեռները խոցող սուր լեռների մեջ,
Ես հավատում եմ` Արարիչը կա,
Եվ Տիեզերքը կլինի անվերջ:
***
Անթև ճախրանքներիդ վերջը կգա,
Անտես երազներից միտքդ կիջնի,
Արվարձանի գարշահոտը հարակա
Պինդ կկառչի քթանցքներիդ:
Քո ամրակուռ կամքը տեղի կտա
Արվարձանի թեժ փողոցի խառնակույտում,
Եվ կհիշես երազներդ հեռագնա,
Պինդ կգրկես արվարձանի մայրամուտում:
Արցունքներդ կգլորվեն կաթիլներով,
Եվ մեղքերիդ պտուղները կճաշակես,
Կհասկանաս` ոսկեջրված բացիկներով
Քո մեղքերի քավությանը չեն կանչի քեզ:
Ճակատագրի հավատարիմ քամիները
Քեզ կթաղեն արվարձանի ամբոխի մեջ,
Որտեղ խորթ են կամ անծանոթ այբն ու բենը.
Դու` մեղավոր այդ անգրագետ ամբոխի մեջ…
***
Կյանքի ուղին կիսվեց, հիմա` մնաս բարով,
Ուրիշ ճամփով պիտի կոշիկներս մաշեմ,
Հիմա քայլեմ պիտի անհայտ ճանապարհով
Եվ միայնակ պիտի կորստիս ցավը քաշեմ:
Հիմա գնամ պիտի բավիղներով անհայտ,
Գուցե մահը անհագ ինձ կսպասե այնտեղ,
Կուզեմ մնաս այդպես` փորձանքներից անգայթ,
Իսկ ես գնամ պիտի` դեռ պատանի անմեղ…
Դեռ երազկոտ սրտով պիտի երկինք նայեմ,
Այն մթագնած երկնի լույս աստղերին,
Եվ երազներս թող աստղերի պես փայլեն,
Կուլ չգնան երբեք բիրտ մարիչներին…
Թող քո ժամերն ամեն վառ արևով լինեն,
Եվ թող կրակ թափվի իմ կածանի վրա,
Թող քեզ լինեն բախտի լավ ընծաներն ամեն,
Կյանքի ուղին կիսվեց… Մնաս բարով հիմա:
***
Բարի գիշեր, քաղա՛ք, մնա այդպես շքեղ
Գիշերային մթում, փողոցներում քո թաց,
Փողոցներում հոգնած` արցունքների հեղեղ…
Բարի գիշեր, քաղա՛ք, սուր ժայռերով ահեղ,
Եվ իմ մտքում մնա ամենալավ տեսքով,
Ամենամեծ սիրով, հզորությամբ հնչեղ…
Մի տիրազուրկ քամի, վերջին հույսի նման,
Անհետացավ խրթին նրբանցքներում,
Անհյուրընկալ մթում` կորած որդու նման…
Եվ գրավեց մի պահ` զեփյուռներով բարակ,
Ինձ հուզական թվաց այդ անտերունչ քամին,
Եվ հակառակ կամքին՝ ասաց` բարև, քաղա՛ք,
Դիպվածաբար անցվոր՝ որպես ծանոթ մի հի՛ն…