***
երբ մշուշներն են խտանում
աստղերի փոխարեն նաև
փողոցներով կարելի է
կողմնորոշվել

իմ և քո քայլերի միջև
դատարկություն է
կամ էլ լռություն
մայթերի սլաքների դեմ մաքառող

սրտիդ ձկները բաց թող
ջրափոսերում
զի օրերը
ծով են
փողոցներում ծփացող
21.04.2018

***
ոգևորություն
որ ինքդ ես քո երաշխիքը
թեկուզ խառնածին

արդարության թասն այս անգամ
թափվում է առատությունից
անընթեռնելի լռության վրա

դեպի բացակայությունը վազող
երդմնազանցության վերելքների
փոքրիկ բաժիններով
ճշմարտության վերքերին
մակարդված

արժանապատվությունը
գործողություն է
փողոցների համաստեղության
ողնաշարից

չքվեարկվող
անպատմելի
21-23.04.2018

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն