Կկանգնի պտույտը խավարի,
լռությունը ոչինչ չի խաթարի,
կբացի աչքերը Աստված՝
երեք հազար տարի տևած
տխմար երազից:
***
Երկնքի պռնկից կախվել են
չղջիկները,
սև արյունն են ծծում
էգ խավարի:
Լուսինը ալ կարմիր,
սողում է՝
խայթելով
լույս-թույնով արծաթի:
Չբացե՛ս,
թաց կոպերդ,
երկի՛ր,
սա երազ է,
երազ է,
քնի՛ր.
քնի մեջ մեռնում են
նզովքները,
մանկան նինջն է
փրկում ԽԱ-ՎԱ-ՐԻՑ…
***
Երկինք`
թաց
դեկոր
Հերայի,
բա՛ց ստինքներդ ճերմակ,
ու մանի՛ր
փշրվող երազը Եվայի։
Պտտվե՛ք,
պտտվե՛ք,
անանուն
գիսաստղեր
հրածին,
փոթորկի առանցքում
կպայթի
միջօրեն բաղձանքի՝
չորս քառորդ
մաժորում հեշտանքի:
***
Ես գրում եմ, որովհետև
խոսելն արգելել են
դեռ մանկուց.
— Սո՛ւս, ա՛յ լակոտ, սո՛ւս…
Եվ թոթովախոս լեզուս ածելի
արյան մեջ հերձեց
բոլոր սիրուն ու
անպարկեշտ բառերը:
Իմ ընկերները
թղթերն էին մաքուր,
պոռնիկները,
Վան Գոգը,
Լորկան, Չարենցը,
փողոցի սոված շները:
Ես գրում եմ, որ չմեռնեմ.
իմ մեջ տարրալուծվել են
բոլոր մեռելները,
ողբերգությունները չսգված,
վաշխառությունները՝
չիրագործված ոճիրների,
ես կրում եմ իմ մեջ
մեղքեր ադամական,
մեղքեր սիրուն, անիրագործելի:
Ներսումս բառակույտեր են գոյացել,
ամեն չասված բառ
չկրակված փամփուշտ է,
պայթյունս ուշանում է,
բառեր, հանգեր՝
կարմիր ու սև,
անհոմանիշ տառապանքի
պարտիտուրներ,
դրայվ, կրակ ու ռոք
լուսնահաչ բաղձանքի,
Ֆրեդին երգում է ուղեղիս
երեք օկտավաների վրա,
կրա՛կ, կրա՛կ, վառվում եմ,
անցավ պայթում`
Ես գրում եմ,
գրում եմ…
***
Ես հանում եմ աչքերս՝
մեղքի տեսախցիկները շարժական,
փսխում եմ սիրտս
հրեշների առաջ,
թող լափեն ու հագենան։
Ինձ ոչինչ պետք չէ`
ո՛չ սեր, ո՛չ կին,
ո՛չ փող, ո՛չ երազանք,
ո՛չ երկիր, ո՛չ արդարություն։
Ես գտել եմ փրկության ծիրը՝
խաղաղության մինորում։
Չեմ ճանաչում ձեզ,
ես հնչյուն եմ անհիշողություն,
մի՛ հարցրեք ոչինչ,
միայն գիտեմ,
որ կյանքը երաժշտություն է։
***
Ոչինչ չի մոռացել,
դեռ պատմում է հողին
հարյուրամյա իր ցավը,
շոյում է հողի ակոսները`
կնճիռներով իր արմատի.
ծառերը ծերանում են,
բայց արևն ամեն օր
ծաղկեցնում է
նրանց հիշողությունը:
***
ու քաղաքը թաղվեց
բետոնի մեջ հավերժի,
ցիտրուս-արևը չորացավ
օզոնի մեջ
հրաշեկ
կաթաց երեսիս,
մեռնող լույսը։
***
Շինվեց երկինք
ու երկիր,
շինվեց
և ծով Սևանիկ
ինչ ունեինք
ծախեցինք`
հասանք էն նույն
բլրին:
Մեր բութ հավատն
իբրև հենք
առաջնորդում է էլի,
Ազգ-հայու գեն ու դուխով
կզացնում ենք բոլորին:
Թավիշի մեջ գոմաղբի
հավը կորեկ է գտել`
նախիրի հետ անոթի
թազա
փրկիչ է ծնվել:
Էլի անպարտ կմնա
մեր ազգասեր  թշնամին,
անհաղթ է միշտ բեսը մեր՝
Փառք քեզ հզոր վայրենիք։
***
էլի
բոլորը
գնում են,
ցավերս խմբվում են
ու ամեն գիշեր
սուս-փուս չվում են,
փակվում է դուռը
ինձ ոչ ոք չի հիշում
որովհետև`
չհիշելը մոռացված՝
տասնմեկերորդ
պատվիրանն է,
որովհետև ես`
չափազանց հիմար եմ
կամ խելացի,
հավակնոտ կամ բողոքական,
ապաշնորհ- գռեհիկ…
որովհետև ես նա եմ`
ում մասին
չեն խոսում ժպիտով,
ու զարմանքով
կատարյալ ատելությամբ
կամ
քամահրանքով:
Ես նա եմ`
ում վախենում են սիրել։
Լակում եմ,
լվանում եմ անպիտան ուղեղս
գինով:
Կրծքիս տակ պայթում է
մսեղեն երկխոռոչ պոմպը:
Փսխում եմ լեղին օրերիս,
կարմիր ասեղներ եմ թքում:
Օրերը բառեր են դառնում,
մարդիկ բառեր են դառնում
մահը գրում է,
մահը գրում է
բանաստեղծություն։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն