Սա արդեն եղե՞լ է, թե՞ դեժավյու է: Երևի եղել է՝ չնայած, մեծ հաշվով, ոչինչ էլ չի փոխվում լինել-չլինելով (լինում է` չի լինում վատ հեքիաթի պես մի բան է կյանքը), ու, համոզված եմ, չի էլ փոխվի առաջիկա հարյուրամյակում:
Իրադարձությունների զարգացումները, մշտնջենական պատերազմները, տեխնոլոգիական նորարարությունները, կրոնը, արժեքները, գիտական բացահայտումները չեն փոխի երբեք մարդուն:
Հավիտենական է միայն շարժման խթանիչ ուժը` Քաոսը:
Եթե մի օր պաշարենք երկինքը, գուցե բացահայտենք մի պարզ իրողություն:
Ամեն բան կառուցված է շղթայական միֆի ու տեսական պատրանքի վրա:
Մենք ստեղծել ենք Աստծուն, որ մխիթարվենք, ստեղծել ենք փիլիսոփայությունը մեր գոյերը արդարացնելու համար:
Քիմիական տարրերը, Մենդելեևի աղյուսակը ձանձրալի էին, մենք քիմիայի կատարյալ ռեակցիա ստացանք կնոջ ու տղամարդու ֆիզիոլոգիական և զգայական կապից ու կոչեցինք դա Սեր:
Թարթում եմ կարմրած աչքերս, փորձում եմ գտնել իրականությունը երևակայությունից զատող աննշմարելի հանգույցը:
Հեռուստացույցը պատմում է ԱՄՆ-ում պատահած ահաբեկչության մասին: Հերթական մոլագարը զենքով մտել է բար և սպանել տասը մարդու: Ու ամեն անգամ այս կեղտոտ ճառագայթող տուփը ծանոթ տափակ դիկցիայով կրկնում է նույն բաները:
— Սպանություն Չիկագոյում,
— Ահաբեկչություն Հալեպում,
— Տեռոր Փարիզում:
Իրադարձությունների անվերջանալի կրկնություն…
— Այսօր երկրում ծնվել է 120 աղջիկ, 140 տղա:
Նախկին նախագահը օֆշորներ ունի, այդ մասին պնդում է CNN-ը։
— Բրազիլիայում երիտասարդ կինը աճուրդի է հանել իր մարմինը և վաճառել 20,000 դոլլարով:
— Եվրամիությունը կասեցնում է մի շարք երկրների ֆինանսավորումը:
— Գազը կրկին կթանկանա:
— Սևամորթ մերկապարուհու պարը համացանցում հավաքել է ռեկորդային` 10 միլիոն դիտում:
Վերջին հինգ տարում նույն նախատիպերով սպանության հազարավոր դեպքեր են եղել աշխարհում: Երևի մահը սիրում է նոստալգիան, շարունակ կրկնում է սպանդի տարաբնույթ, արյունոտ ծեսերը նույն վայրերում:
Այս պահին, երբ դու կարդում ես այս էսսեն, հաջորդաբար ծնվում ու մեռնում են հազարավոր մարդիկ, և ամեն ինչ շարունակվում է նույն անհետաքրքիր սյուժեով: Ի՞նչ է սա: Դեպոպուլյացիա, ոչինչ ավելին: Իրադարձությունների ընթացքն այնքան կռահելի է, այնքան ձանձրալի, որ գերադասում եմ քնել։
Տեսածս երազները ավելի հետաքրքիր են ու տպավորիչ, քան գարշահոտ իրականությունը:
Արթնանում, չեմ բացում պատուհանս, փակ եմ պահում տանս դուռը։
Անջատում եմ զգայական բոլոր ֆունկցիաներս, նվիրում եմ ինձ գրքերին: Նույնիսկ ֆիզիոլոգիական պահանջմունքներս եմ մոռացել. ինձ համար շատ ավելի գերադասելի է երաժշտական էքստազը:
Ինչ-որ մեկն ասել է.
— Կրկնությունը գիտության մայրն է…
Կատարյալ հիմարություն:
Չարիքն է կրկնության մայրը։
Չարիքը՝ ծպտված կեղծ արժեհամակարգերի, պարտված ճշմարտությունների, այլևայլ տեսախաբությունների տակ:
ՏԳԻՏՈՒԹՅԱՆ քաղցկեղ՝ թերևս էսպես կարելի է բնորոշել մերօրյա իրականությունը:
Հարցերի տրցակները, թեզերը, գիտական ուղեղները փտում են ժամանակ կոչվող փոշու մեջ, հավերժությունը ջնջում է ամեն ինչ։
Տիեզերական անսահմանության մեջ պահելով միայն շարժումը և կրկնության մետաստազը:
Արևը շարունակում է ռեֆլեքսորեն ջերմացնել, տիեզերական ոլորապտույտում սկսվում է շղթայական նոր շարժումը: Բնությունը անխախտելիորեն բաշխում է մուսսոններ, սպանում է ու կյանք է շնորհում: Մենք դատապարտված ենք հավիտենական կրկնության:
Մենք կրկնության հետնորդներն ենք:
Ժամանակն է հաշտվելու այս անփոփոխ իրողության հետ:
Այսուհետ գերադասում եմ չիմանալ ոչինչ ՈՉՆՉԻ մասին, ես հավատում եմ միայն ինձ և բառին, ես գրող եմ, իմ ներուժն ու զորությունը բառերի մեջ է։
Աստված բառով ստեղծեց ամեն բան, իսկ ես բառերով կխաբեմ, կսիրեմ, կկառուցեմ, կսպանեմ, չունեմ այլ արժեքներ, իմ միակ արժեքը բառն է:
Աստծո առաքելությունը ավարտվել է վաղուց, բառերն են այժմ արարիչներ, կերտում են իրականությունը, դրանց վրա է կառուցվում կենսական, զգայական ողջ պլատֆորմը:
Մարդիկ փնտրում են հավերժական ինչուների պատասխաններ, քաղաքակիրթ աշխարհը մշտապես պայքարի մեջ է:
Բոլորս պայքարում ու ոչնչացնում ենք սեփական դիմագիծը` մեր կրկնության էգոն, հարազատ արատները՝ այլոց մեջ:
Դավաճան կրկնությունը վերադառնում է էլի ու էլի: Հուդան կախվեց, այժմ բոլորը ձրիաբար են դավաճանում, առանց խղճմտանքի:
Երկար գլուխ կոտրեցի վերջաբան գրելու համար, հազար ու մի տարբերակ անցավ մտքովս, ձեզ խաբելու ու զարմացնելու բազում տարբերակներ` մեկը մեկից հետաքրքիր, բայց ազնվորեն նախընտրեցի հանձնվել բառերի ազատ ու անկաշկանդ հոսքին։
Լռեմ։ Միայն լռությունն է ազատ կրկնության գերությունից, մնացյալը վերջինիս դավաճան վարիացիաներն են` նրա ուշացած արձագանքը…