…ու հատկապես տարօրինակորեն հաճելի է առավոտյան բացել աչքերը` աթոռին նստած: Ինձ թվում է, թե տանն եմ` հարազատներով շրջապատված, որ պատրաստ են գոգնոց կապել պարանոցիս ու կերակրել թեյի գդալով:
Ձեռքերս կապված են մեջքի հետևում: Բանտում եմ` հարցաքննության կամ արդեն էլեկտրական աթոռին գամված: Մահապատժիս օրվանից անցել է ուղիղ մեկ տարի, և տնօրինությունը սեղան է գցել իմ հիշատակին:
Անսփռոց սեղանին դրված են հացն ու պանիրը բոլորի համար, շուրջը վեց աթոռ` յոթ հոգու հաշվարկով: Ափսեները դեռ դատարկ են: Հիշողությամբ վերականգնվում է սպասքը` գդալ-պատառաքաղները, բաժակները, ճենապակե գրաֆինը, որ լցվում է կարմիր հեղուկով: Տարբեր կենդանիների մսի կտորները մեկը մյուսի հետևից հայտնվում են ափսեներում` ըստ նախասիրության կամ նախախնամությամբ: Համեղ պատառներ են, որ բուրում են հավասարապես անախորժ ու ախորժաբեր:
Համազգեստավոր տղամարդը մոտենում է ինձ ու այլևայլ գործիքների միջից հանում մկրատը: Մտածում եմ` ահա փրկիչս, որ արձակելու է կապանքներս: Մազերս քաշելուց հետո կտրում է այնքան կարճ, որ բռնելն այլևս անհնար է դառնում: Հայրաբար ասում է. «Դեռ սովորելու շատ բան ունես: Քայլել գիտե՞ս»: Հավաքելով ամբողջ ուժս` նետվում եմ դեպի կիսաբաց դուռը, բայց ես հետ եմ վարժվել քայլելուց` երկար կապված մնալով յոթերորդ աթոռին:
Սեղանին տարբեր չափերի սուր, ծակող, կտրող ու նույնիսկ վիրահատական գործիքների, տարատեսակ սառը և տաք զենքերի կողքին դրված է բանալին` ապացուցելով ինձ ստիպողաբար չպահելու նրա բարոյական ձգտումը:
Սա դրախտ տանող ամենակարճ ճանապարհն է, երբ անտեսում ես քեզ հանդիպած մսեղենն ու մնում մենակ սեփական կենսագրության հետ: Միևնույն է` ցեխի վաննայում, թե փչովի լողավազանում. այստեղ հիշողություններն են թարմ բանջարեղենի, խմելու ջրի և այն ամենի մասին, ինչի համարակալումն ավարտվում է յոթով, որովհետև ես կենսագրություն չունեմ: Ելք չկա, և կիսաբաց դռան բանալին դրված է դիմացի սեղանին: Իմ ու աթոռի ոտքերը սերտաճել են: Մենք անքակտելի կապերով կապված ենք` ես, էլեկտրական աթոռը, յոթ հոգու համար գցված ուղղանկյուն սեղանը, տնօրինությունը և ոստիկանությունը: Մինչև վերջ պնդում եմ, որ անմեղ եմ ու ոչ մեկի չեմ թունավորել:
Հատկապես համազգեստավոր տղամարդու խիստ հայացքից ու ռետինե մահակից հասկանալի է դառնում, որ պետք է լրջորեն վերաբերվել էկրանին հայտնվող կենդանիներին, քանի որ նա պարբերաբար բացատրելու է կենդանական աշխարհի այդ հրաշք ներկայացուցիչների վարքը և պահանջելու է նմանակել: Նա, բացի բանտապահից, նաև կենդանաբանության ուսուցիչ է:
Լույսն ընկնում է էկրանին: Մկան պատկերի վերևում խոշոր տպատառերով գրված է.
Մ ՈՒ Կ – այս կենդանին փոքր է, սովորության համաձայն` ապրում է մառանում, պատի խորշում և ընկնում է թակարդը:
Նախ` հնարավորինս մանր-մանր, անձայն քայլերով մի քանի պտույտ եմ գործում սենյակում ու շատ թույլ ծվծվում: Ուսուցիչը սպասողական հայացքով ակնկալում է վարքի կրկնօրինակման ավելի հետաքրքիր դրսևորումներ: Տեղավորվում եմ հեռուստացույցի արկղի մեջ, այնուհետև` կաշվե ճամպրուկի, իսկ որպես վարպետության ու ճկունության գագաթնակետ` փորձում եմ մտնել տնօրենի դրամապանակը: Վերջինիս պարունակությունից համեստորեն հրաժարվում եմ, քանի որ դեռևս պատրաստ չեմ նման փորձության, և միայն երկարատև պարապմունքների շնորհիվ է հնարավոր դա իրականացնել:
— Ուրեմն ընկիր թակարդը, – ժպտում է ուսուցիչը:
Մի քանի քայլից բռնվում եմ: Ամեն ինչ ավելի լուրջ է, քան կարծում էի: Երկար հուսահատ ծվծվոցներից հետո նա համաձայնում է ինձ ազատ արձակել:
Երկրորդ ափսեի մեջ բացառապես կարմրացրած թևիկներ են, իսկ էկրանին գրված է.
Հ Ա Վ – տնական թռչուն, բնակվում է հավաբնում, պահվում և բազմացվում է ձվի ու սպիտակ մսի համար:
Ես միանգամից շատ վարժ կչկչում եմ, անգամ թառում լվացքի պարանին, բայց դժվարանում եմ ձու ածել: Ուսուցչի սաստող հայացքը ստիպում է, որ դադարեմ կչկչալ ու կենտրոնանամ բացառապես ձու ածելու առաքելության վրա, բայց ոչինչ չի ստացվում: Ձվադրում չենք անում, քանի որ ուսուցիչը որոշել է անցնել առաջ. դասընթացն արագացված է ու գերլարված ժամանակացույցով ենք աշխատում: Պետք է մինչև տնօրենի հայտնությունը յուրացնենք սաղմոս 69-ը:
Ե Ղ Ն Ի Կ – կճղակավոր, կոտոշավոր վայրի այս կենդանին խոտակեր է: Ճյուղավոր եղջյուրներ ունեն միայն արուները, իսկ տարին մեկ եղջյուրներն ընկնում են և կրկին աճում:
Թեթևասահ սիգում եմ սենյակի մի անկյունից մյուսը, ապա, վիզս ոլորելով, հեշտությամբ թրջում աչքերս և անմեղ հայացքս բևեռում ուսուցչին: Բարդությունը սկսվում է այն պահին, երբ որսորդը երկարափող հրացանով նշան է բռնում ու կրակում: Ես ցատկում եմ սեղանի վրայով և փորձում պատսպարվել դրա տակ: Վերջին կրակոցից ջարդվում է ճենապակե գրաֆինը, և կարմիր հեղուկը սեղանից չռռում է հատակին:
Կ Ո Վ – այս խոշոր եղջերավոր ընտանի կենդանին բազմացվում է իր կաթի, մսի և կաշվի համար: Կաշին չի փոխում:
Ամենաարագ յուրացվող վարքուբարքն է: Առանձնապես ոչինչ պետք չի անել. անդադար որոճում եմ, մերթընդմերթ բառաչում ու թույլ տալիս, որ ինձ կթեն:
Ափսեում հաստ աղիք հիշեցնող մսե օղակ է:
Օ Ձ – այս կենդանին կարող է լինել թունավոր և շատ վտանգավոր:
Նախ` հնարավորինս գալարուն, անձայն սողում եմ, մի քանի պտույտ կատարում սենյակում ու շատ թույլ ֆշշացնում: Ուսուցիչը կրկին սպասողական հայացքով ակնկալում է վարքի կրկնօրինակման ավելի հետաքրքիր դրսևորումներ: Սողոսկում եմ հեռուստացույցի ծանոթ արկղը, այնուհետև` կաշվե ճամպրուկը, իսկ որպես վարպետության ու ճկունության գագաթնակետ` կուլ եմ տալիս տնօրենի դրամապանակը: Այս անգամ դրա պարունակությունից չեմ հրաժարվում, քանի որ զգում եմ` պատրաստ եմ նման փորձության, և հնարավոր է դա իրականացնել:
— Ուրեմն փոխիր կաշիդ, – ժպտում է ուսուցիչը:
Հաջողությունից գլուխս կորցրած` հերթով գալարվում եմ սեղանի ոտքերի շուրջը, հետո հասնում ու փաթաթվում ուսուցչի ոտքերին և երկսայր լեզուս ներսուդուրս անելով` հնարավորինս բարձր ֆշշացնում: Խանդավառությունից չգիտես ինչպես կուլ եմ տալիս պոչս ու անզգուշաբար կծում: Թույնը տարածվում է մարմնովս, մտնում արագ շրջանառվող արյանս մեջ և ուշաթափվելուց առաջ մի պահ միայն զգում եմ հակաթույն ներարկող ասեղի ծակոցը: Մտածում եմ` չեմ սխալվել, ահա փրկիչս:
Կ Ե Ն Գ ՈՒ Ր ՈՒ – հիմնականում տարածված է Ավստրալիայում և Նոր Գվինեայի կղզիներում: Տեղաշարժվում է հետին վերջույթների օգնությամբ: Պարկավոր են միայն էգերը:
Այսպիսին է էկրանին հայտնված ագեվազի լուսանկարի վերևի գրությունը:
Համազգեստավոր տղամարդն ինձ խուզարկում է, պարկիցս հանում հացն ու պանիրը, դնում սեղանին: Ես շարունակում եմ պնդել, որ ոչ մեկի չեմ թունավորել: Կենգուրուների դատարանն արագ ծանոթանում է ինքնախոստովանական ցուցմունքներիս հետ ու հեռանում դատավճիռ կայացնելու:
— Խմբակային սննդային թունավորում` մահացու ելքով, – ժպտում է ուսուցիչը:
Ես կարող եմ փախչել, ցատկել, կծել, կթվել, թառել, սողալ, ընկնել թակարդը, խուսափել փամփուշտներից ու փոխել կաշիս, բայց սատկել չգիտեմ: Սննդային թունավորում: Սա դժոխք տանող ամենաերկար ճանապարհն է, երբ ծամում ես քեզ հանդիպած մսեղենը, հետո սեփական կենսագրությունդ` ցեխի վաննայում կամ փչովի լողավազանում, հետևողականորեն, մինչև ամեն ինչ` անգամ թարմ բանջարեղենի ու ջրի համը, մոռացվում է:
Էլեկտրական աթոռին նստեցնելու մահապատժիս դատավճիռը պետք է կիրառվի անմիջապես նախաճաշից հետո: Որոշում եմ հացադուլ հայտարարել` ի նշան անհամաձայնության, հատկապես, որ ձեռքերս կապված են, և չկա մեկը, որ ինձ կերակրի թեյի գդալով:
Ինձ թվում է` ես բանտարկված եմ տանը կամ, որ նույնն է, տնավորվել եմ բանտում: Մեջքի հետևում կապված ձեռքերով գրում եմ կենսագրությունս, որ չունեմ` իբրև ինքնախոստովանական ցուցմունք: Դրախտ ու դժոխք տանող ամենակարճ և ամենաերկար ճանապարհների նույնականությունը ստիպում է նստել անժամկետ հացադուլի` սեղանի գլխին, ուր համեղ պատառները բուրում են հավասարապես` էթիկորեն և էսթետիկորեն ցանկալի: Մնացել եմ մենակ սեփական ցուցմունքներիս հետ, որոնց համարակալումն ավարտվում է յոթով:
Մահապատժից հետո անցել է ուղիղ մեկ տարի: Հետաքննությունը փակուղի է մտել, ելք չկա, ոստիկանները նշում են յոթ զոհերի հիշատակը, որպեսզի ցուցմունքներիս համաձայն` վերականգնեն հանցագործության ամբողջական պատկերը: Հացն ու պանիրը դրել են բոլորի համար, շարել իրեղեն ապացույցները: Հյուրասիրություն` առանց հյուրերի. երևի մենք անքակտելիորեն կապվածներով պիտի նախաճաշենք:
Ամեն դեպքում` տարօրինակորեն հաճելի է առավոտյան բացել աչքերը` էլեկտրական աթոռին նստած, որի հետ սերտաճել ես, և դիմացի սեղանին տեսնել կիսաբաց դռան բանալին…

Տպագրվել է Գրեթերթ,  2012 թ., թիվ 1

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն