***
Մառախուղը նստել է
տների տափակ
տանիքներին,
շղարշվել են զգացմունքներս…
միայնակ լապտերն
աղոտ լուսավորում է ՝
կանգնած փողոցի
խուլ անկյունում,
հոգումս արձագանքում է լռությունը,
հարություն են առնում անցյալի
անմարմին հիշատակները,
անէանում ուրվական
փլատակներում,
ճանապարհները անհետք են մնացել,
ոչ մի ուղի չի հասցնում այնտեղ,
որտեղ դու ես…
սառած օդում կծկվել է
անպատասխան մի հարց.
— Որքա՞ն անչափելի կարող է լինել
Կարոտը…

* * *
Հեռացի՛ր…
Նվիրում եմ քեզ ինձանից լքված
մի ողջ անսահմանություն,
Այլևս չկամ այնտեղ,
որտեղ կաս դու…
Կա՛նգ առ…
Մայթերն այլևս չեն կրում
մեր ոտնահետքերի
այրող ջերմությունն
իրենց գրկում:
Ժամանակի ընթացքում
ամեն ինչ տարօրինակ կերպով
լքվում է:
Լռի՛ր…
Միևնույնն է,
օդում սառչում են
ասածդ խոսքերը,
Դրանք ի զորու չեն
Ջերմացնել սառած սրտերը:
Այլևս չեմ զգում այն զարկերը,
Որոնք ապրել են ստիպում:
Մի՛ խոսիր,
որ կարողանամ լսել լռությունը,
Հասկանամ հոգու զսպված ճիչը,
Իսկ այնտեղ անձրևում է:
Ետ մի՛ նայիր…
Հետևում դու թողել ես միայն
կիսատ մնացած երազանքներ,
հույսերից խենթացած թիթեռնիկներ,
որոնք իրենց նուրբ թևերով
աղմկում են օդում,
ցիրուցան լինում
Ապրումների ցնորական շղթայում:
Մի՛ անհանգստացիր…
Ինքդ էլ գիտես՝
որքան են ապրում
թիթեռնիկները:
Խոստացի՛ր…
Անվերադարձ հեռացումից առաջ
միայն խոստացիր,
որ մեր հիշողության
այս փոքրիկ պատառիկները
չեն մատնվի
փոշոտվող մոռացության
սառը համբույրին:
Մի՛ մոռացիր նաև
ինձանից հեռու,
ինձանից անկախ
ու ինձանից ավելի
լինել երջանիկ,
Հեռացի՛ր…

* * *
Բացիր դուռն ու հեռացի՛ր,
Գնա՛,
Դա է ելքը,
Գիտեմ՝ անդեպ է մնալդ,
Ներողություն մի՛ հայցիր,
Այդքան բարի չեմ լինի…
Մի՛ շշնջա զուր խոսքեր,
Մի՛ շռայլիր զուտ բառեր,
Լսի՜ր, լռությունն է մրմնջում,
Ես նրան եմ ունկնդրում,
Այն հուսախաբ չի անում,
Այն չի դավում,
Չի կեղծում:
Նույնիսկ հավատալ եմ դադարում
Պարզ մարդկային խոսքերին,
Ասա՝ ի՞նչ անեմ,
Ե՛տ տուր հավատըս,
Գեթ այդպես օգնիր,
Բայց այնտեղ ես դու հիմա՝
Իմ անապագա անցյալում,
Ուր էլ չկան կորուստներ
Ուր չի լինի ոչինչ փրկել:
Նայի՛ր, տե՛ս, աղքատացել եմ.
Դու թալանել ես ինձ,
Այո՛, միայն դու…
Եվ մի՛ զարմացիր,
Դատարկ են ձեռքերս.
Ես չունեմ էլ քեզ…
Ու ոչինչ էլ չեմ կամում,
Ոչինչ չեմ խնդրում,
Չեմ պահանջում,
Պարզապես մնա այնպիսին,
Ինչպիսին որ կաս,
Պարզապես եղի՛ր աշխարհում՝
Միևնույն երկնքի տակ…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն