Լենգսթոն Հյուզ/ Շնորհակալություն, տիկին

Լենգսթոն Հյուզ. ամերիկացի բանաստեղծ, արձակագիր, և դրամատուրգ:
Հյուզը համարվում է Հարլեմյան Վերածննդի դարաշրջանի մշակութային շարժման առաջատար և ազդեցիկ գրող, ինչպես նաև՝ «ջազային պոեզիան» հայտնագործողը:
Նա խոշորամարմին կին էրերկար ժապավեններով մեծ քսակը շեղակի գցած ուսերին, որի մեջ մուրճից ու մեխից բացի ամեն ինչ կար: Մենակ քայլում էր գիշերով մոտ ժամը տասնմեկին, երբ մի տղա վազեց հետևից և փորձեց խլել քսակը: Տղան, հետևից քաշելով, միանգամից պոկեց քսակի ժապավենը: Բայց փոխարենը գողացվածը ամբողջությամբ վերցնելու, ինչպես ինքն էր հուսով, ծանրությունից կորցրեց հավասարակշռությունը և մեջքի վրա ընկավ մայթին` ոտքերը բարձրացրած վերև. խոշորամարմին կինն ուղղակի շրջվեց և ոտքով հարվածեց կապույտ ջինսով հետույքին: Այնուհետև կռացավ, բռնեց տղայի շապիկից և թափահարեց այնքան, մինչև ատամները կափկափեցին:
Ապա ասաց.-Վերցրո՛ւ դրամապանակս և բե՛ր այստեղ:
Շարունակելով բռնած պահելտղային մոտեցրեց գետնին հնարավորություն տալով կռանալ և վերցնել քսակը: Հետո ասաց.
-Հիմա դու չե՞ս ամաչում քեզանից:
Տղան, որի շապիկից ամուր բռնած էր դեռ, ասաց` այո՛:
-Ինչի՞ համար էիր խլում:
-Ես չէի ուզում:
-Ստում ես,- ասաց կինը:
Այդ ժամանակ երկու-երեք մարդ կանգ առան՝ նայելու, ու անցան, իսկ ոմանք մնացին կանգնած:
-Եթե քեզ բաց թողնեմ, կփախչե՞ս,- հարցրեց կինը:
-Ը՜մմ, այո՛:
-Այդ դեպքում չեմ թողնի,- ասաց կինը և շարունակեց բռնած պահել:
-Ներեցե՛ք, տիկի՛ն, ես շատ եմ զղջում, ներեցե՛ք,- շշնջաց տղան:
-Հըմ, հը՜մ, դեմքդ էլ կեղտոտ է: Իմ մեջ մեծ ցանկություն առաջացավ լվանալ դեմքդ քո փոխարեն: Տանը ոչ ոք չունե՞ս, որ քեզ հուշի դեմքդ լվանալու մասին:
-Ը՜մմ, ո՛չ,- ասաց տղան:
-Այդ դեպքում այս երեկո կլվանաս,- ասաց կինը` քաշելով վախեցած տղային իր հետևից:
Նա տասնչորս-տասնհինգ տարեկանի տեսք ուներ, սպորտային կոշիկներով ու կապույտ ջինսով նման էր փխրուն ու վայրի ուռենու:
-Դու կլինես իմ տղան: Ես կսովորեցնեմ քեզ տարբերել ճիշտը սխալից: Իսկ ամենաքիչը, որ կարող եմ հիմա անել քեզ համար, դեմքդ լվանալն է: Քաղցա՞ծ ես:
-Ո՜չ,- երկարացնելով ասաց տղան,- ես միայն ցանկանում եմ, որ ինձ բաց թողնեք:
-Ես քեզ ձանձրացրի՞ մինչև այս անկյուն հասնելը:
-Ո՛չ:
-Բայց դու ինքդ ես գործ բռնել ինձ հետ,- ասաց կինը:- Եթե կարծում եսայս շփումը երկար չի տևելու, խորհուրդ կտամ մեկ անգամ ևս մտածել: Իսկ եթե մտափոխվես, պարո՛ն, հիշի՛ր տիկին Լուելլա Բատես Վաշինգտոն Ջոնսին: Տղայի դեմքն անմիջապես պատվեց քրտինքով ու սկսեց ձգվել: Տիկին Ջոնսը կանգնեց, պտտեցրեց նրան իր առջև և վզից բռնած շարունակեց քաշքշել նրան փողոցով: Երբ հասան դռան մոտ, տղային տարավ միջանցք, ապա` տան հետնամասում գտնվող մեծ, խոհանոցանման կահավորված սենյակ: Վառեց լույսն ու դուռը թողեց բաց: Մեծ տան մեջ լսվում էին մյուս սենյակների կենվորների ծիծաղն ու խոսակցությունը: Ոմանք դուռը էլի բաց էին թողել, այնպես որ տղան գիտեր, որ իրենք մենակ չեն այնտեղ: Սենյակի մեջտեղում էլ կինը դեռ բաց չէր թողնում նրա վիզը:
-Ի՞նչ է քո անունը:
-Ռոջեր,- պատասխանեց տղան:
-Հիմա, Ռոջե՛ր, գնա՛ և լվա՛ դեմքդ,- ասաց կինը, որից հետո վերջապես ազատ թողեց տղային: Ռոջերը նայեց դռանը, ապա` կնոջը, նորից նայեց դռանը և գնաց լոգարան:
-Թող ջուրը հոսի այնքան, մինչև տաքանա,- ասաց կինը:- Այստեղ մաքուր սրբիչ կա:
-Դուք ինձ տանելու եք բա՞նտ,- կռանալով լվացարանի վրա` հարցրեց տղան:
-Ո՛չ, այդ դեմքով քեզ ոչ մի տեղ էլ չեմ տանի,- ասաց կինը: – Ես փորձում էի շուտ տուն հասնել, որ մի բան պատրաստեմ ուտելու համար, իսկ դու խլում ես դրամապանակս: Երևի դու չես էլ ընթրի, քանի որ ուշ է արդեն: Այնպես չէ՞:
-Տանը ինձ ոչ ոք չի սպասում:
-Այդ դեպքում միասին կուտենք,- ասաց կինը:- Ես հավատացած եմ` դու քաղցած ես կամ էիր, դրա համար էլ փորձում էիր խլել դրամապանակս:
-Ես կապույտ զամշից կոշիկ էի ուզում,- ասաց տղան:
-Լավ, ինչ-որ զամշից կոշիկի համար կարիք չկար խլելու իմ դրամապանակը,- ասաց տիկին Լուելլա Բատես Վաշինգտոն Ջոնսը:- Դու կարող էիր խնդրել ինձանից:
-Տիկի՛ն:
Ջուրը հոսում էր տղայի դեմքի վրայով, նա նայեց տիկնոջը, ապա երկար լռություն տիրեց, շա՜տ երկար լռություն, որից հետո տղան սրբեց դեմքը, չիմանալով ինչ անելնորից սրբեց ու շուռ եկավ
մտածելով, թե ինչ պիտի անի հետո: Դուռը բաց էր: Նա կարող էր այդտեղից թռչել միջանցք և փախչել, փախչել, փախչել, փախչե՜լ:
Քիչ անց կինը, որ նստած էր մահճակալի վրա, ասաց.
-Ես էլ եմ երիտասարդ եղել և ցանկացել եմ բաներ, որ չէի կարող ունենալ:
Նորից լռություն: Տղան զարմացավ, հետո մռայլվեց:
-Հըմ-հը՜մ, մտածում էիրկասեմ բայց, այնպես չէ՞: Դու մտածում էիրես կասեմ «բայց ես չէի խլում ուրիշի դրմապանակը»: Բայց ես դա չէի ասելու:- Դադար, լռություն:- Ես էլ եմ արել բաներ, որոնց մասին ո՛չ քեզ եմ պատմելու, տղա՛ս, ո՛չ էլԱստծուն, եթե, իհարկե, նա չգիտի արդեն դրանց մասին: Այնպես որ, նստի՛ր մի քիչ, մինչև ուտելու մի բան կպատրաստեմ մեզ համար: Ի դեպ, կարող ես սանրել մազերդ, այդպես ավելի ներկայանալի տեսք կունենաս: Սենյակի մյուս անկյունում վարագույրի հետևում, գազօջախ ու սառնարան կար: Տիկին Ջոնսը անցավ վարագույրի մյուս կողմը: Նա չէր հետևում տղայինտեսնելու նա պատրաստվո՞ւմ է փախչել, թե՞ ոչ, ոչ էլ քսակին էր նայում, որ դրված էր մահճակալին: Իսկ տղան հոգ էր տարել այդ մասին և նստել սենյակի հեռու մի անկյունում այնպես, որ ցանկութան դեպքում կինը կարողանար աչքի պոչով նայել իրեն: Նա ուզում էր, որ տիկինը վստահի իրեն, և չէր ուզում իրեն սխալ հասկանա հիմա:
-Ձեզ որևէ բան հարկավոր չէ՞ խանութից՝ կաթ կամ մեկ այլ բան,- հարցրեց տղան:
-Չհավատաս, որ պետք լինի,- ասաց կինը,- բացառությամբ եթե քեզ համար չես ուզում թարմ կաթ: Ես պատրաստվում եմ պաստերիզացված կաթով կակաո պատրաստել:
-Ընտի՜ր է,- ասաց տղան:
Սառնարանում եղած լիմական լոբին և խոզապուխտը տաքացրեց, կակաո պատրաստեց և սեղանը գցեց: Նա չհարցրեց տղային, թե որտեղ է նա ապրում, նրա ազգականներից, կամ որևէ այլ բան, որ կարող էր շփոթեցնել տղային: Փոխարենը, մինչ ընթրում էին, նա պատմեց իր աշխատանքի՝ հյուրանոցի գեղեցկության սրահի մասին, որը բաց էր մնում շատ երկար, ինչ գործ էր անում այնտեղ, և ինչպես էին ամենատարբեր կանայք գալիս ու գնում` շիկահերներ, կարմրահերներ և իսպանուհիներ: Հետո կտրեց իր տորթի կեսը ու տվեց տղային:
-Այս մի կտո՛րն էլ կեր, տղա՛ս,- ասաց նա:
Երբ կերել, վերջացրել էին, ասաց.
-Իսկ հիմա վերցրո՛ւ այս տասը դոլարը և գնի՛ր այդ կապույտ զամշե կոշիկները: Իսկ հաջորդ անգամ չսխալվես սողոսկել իմ կամ մեկ ուրիշի դրամապանակի մեջ, որովհետև նման դիվային ձևով ձեռք բերված կոշիկները կցավեցնեն ոտքերդ: Հիմա կարող եմ հանգիստ լինել: Բայց ուզում եմ, տղա՛ս, որ այստեղից դուրս գալուց հետո էլ քեզ խելոք պահես:
Տղային միջանցքով ուղեկցեց մինչև դռան մոտ և բացեց այն:
-Բարի գիշեր: Խելոք կմնաս,- փողոցին նայելով` ասաց նա:
Տղան ցանկանում էր «Շնորհակալություն, տիկին»-ից բացի էլի ինչ-որ բան ասել տիկնոջը, բայց երբ թեքվեց անկյունը, հետ նայեց դռան մոտ կանգնած խոշորամարմին կնոջը, որպեսզի ասի այդ խոսքերը, չկարողացավ: Նա հազիվ հասցրեց արտաբերել «Շնորհակալություն» բառը, մինչ նա կփակեր դուռը: Եվ այլևս երբեք չտեսավ տիկնոջը:
Թարգմանությունը անգլերենից` Գոհար Ղասայանի
Leave a Reply