2012
(ինքնասփոփում)
Մինչև
աշխարհի հերթական վերջը
կդիմանամ
ցավերիս
հիվանդություններիս
տղամարդավարի կտանեմ
չծխելս
չխմելս
չեմ էլ տրտնջա
որ աստվածային մարմինս
վերածվում է
պես-պես դեղերի գերեզմանոցի
դժվարը
դժվարը հետոն է
***
Այնկողմնային աշխարհում
խիստ ոգեղեն
աստվածային ժամանցներից զատ
պետք է որ
հեռուստացույց դիտելու
ընթերցելու
գոնե շախմատ խաղալու
պահեր լինեն
Գարուն
Երկինք
կապույտ-կապույտ
պայծառ-պայծառ
ճախրող
ինքնամոռաց ցելոֆոնե տոպրակները
ոչ թե համբարձվել են
քաղաքի աղբանոցներից
ոչ թե ինքնաթիռի փսխուկ են
այլ չվերադարձած թռչունների
հոգեհանգիստ
***
Ներում եմ բիձա շանը
էգին համոզելու համար
գուցեև վերջին անգամ
հաչաց և ատամ գցեց
վելվետե
նոր շալվարս էր ափսոս
***
Յոթ տարի առաջ
մազերս սաստիկ խիտ էին առատ
և բավականին պղնձաձույլ
թեպետև չեմ փորձել
բայց կարող էի
օրերով օդից կախվել
հիմա
անդառնալիորեն
մազերս թափվում են
ողբերգություն չեմ սարքում
ճաղատս թաքցնելու համար
խնդալու բաներ չեմ մոգոնում
խուզել եմ գլուխս
և հաճելիորեն նմանվում եմ
բուդդայականի
***
Զուր են ջանքերս
չի համոզվում կինս
աճեցրածը բանան չէ
այլ ինչ-որ մի բույս
ԿԵՐՊԱՓՈԽՈՒԿՆԵՐ
Անխոցելի կոշտուկներ
Եթե
տրոյական պատերազմից առաջ
Աքիլլեսը
իմ կոշիկներից
հագած լիներ
***
Դարերի ընթացքում
քարը
մաշվել փոքրացել է
և աստվածները
ավելի դաժանորեն
պատժեցին Սիզիփոսին
ուղարկեցին Գյումրի
ասֆալտելու
***
Կենտավրոս Քիրոնը
չէր դիմանում ցավերին
Հերակլեսը պատահաբար
թունավոր նետով
նրան վիրավորել էր
և Քիրոնը
հրաժարվեց անմահությունից
ոչ թե հանուն Պրոմեթևսի
այլ
քանի որ մեկ տարի
նա դասավանդեց
մեր դպրոցում
***
Մակույկավար Քարոնը
ահաեբեկված էր
գործազուրկ լինելու
միտքը դժոխային է
ճար չունի
երթուղու համար
հարկ պետք է վճարի
քաղաքապետարան
***
Զուր են
իմ առաջացրած երկրաշարժերը
ճայթեցրած փոթորիկները
ցունամիները հեղեղումները
չորացած առվակներ ու գետեր
ռադիոակտիվ թափոններով
նավթաղետներով
աղտոտված ծովեր և օվկիաններ
և էլի էլի էլի
քարքարոտ
և լեռնային մի երկրի
նորաբաց դելֆինարիումում
Պոսեյդոնը
այժմ
պահակ է աշխատում
***
Անորակ
քիմիախառն մթերքներից
Էսկուլապը
թեթևակի տկարացել էր
մեկ տարի
բոլոր բուժարաններում եղավ
հազար ու մի հիվանդությունների
անուններ լսեց
բժիշկների եզրակացությունը
նույնն է
անխուսափելի մահ
հաշված օրերում
***
Ամեն անգամ
երբ գորգոն Մեդուզան
հեռուստացույցով դիտում է
համաշխարհային նորություններ
օձավարսերը
բիզ-բիզ են կանգնում
***
Երկարատև
դեգերումներից հետո
Ոդիսևսը
Իթակեի մաքսատան
մեկուսարանում է
փաստաթղթեր չունի
Հոմերոսից մեջբերած վկայություններն էլ
հին հունարենի պատճառով
չեն հասկանում
Հունաստանին տնանկներ
պետք չեն
Հունաստանը սնանկ երկիր է
***
Հանդիպում ենք
սրճարանում
շախմատ ենք խաղում
զրուցում պոեզիայից
կանանցից
և ընդհանրապես կյանքից
խմում ենք սուրճ
կոնյակ
և ահավոր ծխում
ինքը
միմիայն արհեստական գլանակներ
հերոսական դրվագներ է պատմում
Բելերոֆոնտից
անեկդոտներ
Ապոլոնից մուսաներից
իմ կատակներից
գրվածքներից
զվարճանում է
սպիտակաթույր թևերով
թփթփացնում է ուսերիս
և պեգասավարի խրխնջում