Բացում եմ աչքերս: Հասկանում եմ, որ քնած էի: Հասկանում եմ, որ արթնացել եմ: Հասկանում եմ, որ դեռևս ողջ եմ: Սարսափելի է. ես դեռ ողջ եմ: Տեսնում եմ պատերից կախված նկարներ: Ես եմ նկարել: Առաջինը Դ.-ի դիմանկարն է: Սենյակում մութ է: Նա նայում է մթությունից… Նշանակում է` ես նայում եմ մթությունից. նրան-ինձ, ինձ-նրան: Հետո գալիս եմ ես, կախված եմ ես… պատից… ես… կախված եմ… ես… պատից, մեխից, շրջանակի մեջ, մեխից. պատից կախված եմ բարակ թելով. կախված եմ ոչ վզից, կախված եմ ապակու տակ, շրջանակի հետ, ինքս ինձ հետ, գծերի հետ, որոնցից կազմված եմ, սև գծերի, մթության մեջ, գրքերի ու վրձինների դիմաց, գրքերի ու վրձինների մեջ, գրքերն ու վրձինները ապակու մեջ, իմ մեջ, իմ նկարի մեջ, պատի մեջ, մթության մեջ, սենյակի մեջ, սենյակի արթնության մեջ…
Ես արթնացա ու ես գիտեմ դրա մասին: Ես տեսնում եմ իմ արթնությունը: Ես զգում եմ թելի հաստությունը, որով ինձ կախել եմ պատից. իմ նկարը, իմ ինքնանկարը, նրա ինքնանկարը, ով նկարել է իրեն, ով նկարել է ինձ, ով գիտի իմ մասին, ում մասին ես գիտեմ սուրճը խմելուց առաջ ու սուրճը խմելուց հետո… Ես այլևս ոչինչ քեզ չեմ ասի, իմ խոսքերը գծեր էին. հետքեր, գծերի հետքեր, ճանկռածի հետքեր: Ճանկռված թուղթը պատել է իմ դեմքը, որը բնավ իմը չէ, այլ նրանը, ով կախվել է, բայց չի մեռել: Նա ես չեմ, որովհետև եթե ես կախվեի, ես կմեռնեի, և հետո կախվելու համար այդ պարանը չափազանց բարակ է ինձ համար…
Ես հիմա մտածում եմ` որտեղից կարելի է մի նորմալ թոկ առնել, իսկական թոկ, միջնադարյան թոկերից, այն թոկերից, որոնցով կախում էին հերետիկոսներին, վհուկներին, գուշակներին, գիտնականներին, մարգարեներին… կախում էին ոճրագործներին, դավաճաններին, դասալիքներին, ուխտադրուժներին… կախում էին առնետներին, կատուներին, շներին, ագռավներին… կախում էին թագավորներին, ծաղրածուներին, մուրացկաններին, առևտրականներին… կախում էին սիրահարներին, ծերունիներին, անհավատներին, հավատացյալներին, երեխաներին, մայրերին, դեռահասներին, պառավներին… այն թոկերից, որոնցով կախում էին կախվածներին, ինքնասպաններին, դիակներին, մեռելներին, կմախքներին… այն թոկերից, որոնցով սնդուկներ էին իջեցնում հողի տակ, որոնցով հողի տակից գանձեր էին բարձրացնում, օգտագործում էին արշավանքների մեջ… այդ վայրենի, ձիգ թոկերից, որոնցով առագաստներ էին բարձրանում-իջնում, գինով լի տակառներ տեղափոխվում, թնդանոթներ ամրացվում, անդունդների վրայով կամուրջներ ձգվում… Հիմա որտեղի՞ց ճարել այդպիսի մի թոկ և հետո ինչպե՞ս իմանալ ճիշտ ձևը օղակ սարքելու: Ինչպե՞ս են քարկապ գցում, որ օղակը ազատ սեղմվի մինչև վերջ: Կարծեմ մոմում են պարանը…. Կարծեմ օղակը կախվողի վզին հագցնելուց առաջ սև շոր են քաշում գլխին, ձեռքերը կապում են հետևից ու աղոթք կարդում… Աղոթքը կարդում են, երբ օղակը արդեն գրկել է պարանոցը: Լսել եմ` օդում հայտնվելուց հետո մոտ մի րոպե հոգևարքի ցնցումներ են լինում (կախված է կախվածի վզի ու արյունատար անոթների հաստությունից), միջինը մի րոպե է տևում:
Օդում հայտնվելու համար ինձ ավելի մեծ մեխ է հարկավոր, քան այն մեխը, որ պահել է օդում նրան, ով կարծում է, թե ինքը ես եմ: Ինքնանկարը միշտ կարծում է, թե ինքը նա է, ով նկարել է իրեն: Նա կախվել է իր այդ մոլորության համար, ես կկախվեմ ուրիշ մոլորությունների համար: Հարյուրանոց մեխը երևի կպահի: Երկու տարի է` չեմ կշռվել: Վերջին անգամ ինչքան հիշում եմ վաթսունինը կիլո էի, թե՞ ավելի շատ… կամ ավելի քիչ՞… Կարծես թե չեմ չաղացել, մոտավորապես նույնը կլինեմ: Մտքերի քանակը տվյալ դեպքում ոչինչ չի որոշում: Մտքերը միայն քեզ հանում են կախաղան, իսկ երբ արդեն օդում ես, քեզ սպանում է քո մարմնի ծանրությունը: Մտքերդ այլևս կշիռ չունեն ու չեն գործում… Իսկ եթե ավելի շրջահայաց լինենք… քեզ քո մտքերը չեն հանում կախաղան, այլ նրանց մտքերը, ովքեր չունեն մտքեր: Քո մտքերը միայն վճիռ են կայացնում ու բնակարանի սենյակների պատերին, առաստաղներին հարմար տեղ ման գալիս հարյուրանոց մեխը մեխելու…
Հարևանները հաստատ կմտածեն, որ սենյակի արտաքին տեսքի մեջ փոփոխություններ եմ մտցնում: Նրանք երևի կմտածեն, որ նկար եմ պատից կախում: Մուրճի հարվածներից պատը կդղրդա. նրանք կենթադրեն, որ մեծ նկար եմ կախում, շատ ծանր նկար: Միգուցե նրանք իրավացի են` ես իսկապես նկար եմ կախում կամ այն-նա, ինչը-ում կախում եմ, կախելուց հետո կդառնա նկար`անկախ նրանից` ինչ է- ով է եղել դրանից առաջ` հեղինա՞կ, բնո՞րդ, թե՞ հետևանք: Ես կդառնամ նկար: Պատը կլինի իմ շրջանակը: Այս անգամ իսկապես ամբողջովին կնույնանամ ինքնանկարիս հետ… կամ ես չեմ լինի, հետևաբար ինքնանկարն էլ չի լինի: Կլինի նկար, որը ոչինչ չի պատկերում ու ոչինչ չի նշանակում: Դատարկություն: Դատարկ տեղ: Դատարկ պատի վրա` դատարկ տեղ: Ես կկախվեմ… Երբ ձայները լռեն, վերևի հարևանը կմտածի, որ ծանր նկարը վերջնականապես կախվեց, ու կփոխի հեռուստացույցի ալիքը` հույս ունենալով, որ մեխը չի պոկվի պատից, ու նոր աղմուկ չի բարձրանա…
Որտեղից սկսվեց և որտեղ վերջացավ իմ իրականությունը որտեղից սկսվեցի և որտեղ վերջացա ես ոչ իմ իրականության համար Հավանաբար ես ոչ սկիզբ եմ ունեցել ոչ վերջ չեմ եղել ընդհանրապես Ես չեմ եղել այն ամենի համար ինչը չի ճանաչել ինձ Ոչինչ չի ճանաչել ինձ Ես երբեք չեմ եղել Մարդկանց համար կմեռնեմ ոչ ես Կմեռնի ուրիշ մեկը իմ դեմքով Իրականում ոչ-ոք չի իմանա որ այլևս չկամ Նրանք կասեն նա չկա բայց այդ նա-ն ինձ հետ ոչ մի առնչություն չի ունենա Ես էլ նրա Այնպես որ ինքնանկարը ինձ ավելի նման կլինի քան նա ում մարդիկ ճանաչել են իմ փոխարեն
…երբ թոկը սեղմի կոկորդս, աչքերս դուրս կթռչեն. նողկալի տեսարան կլինի. երակներս կսեղմվեն, արյան հոսքը կդադարի, դեմքս սկզբից կկարմրի, հետո կկապտի, քունքերս կպայթեն, ճակատիս երակը դուրս կգա, բերանս կբացվի, ատամներս կսեղմվեն, կցանկանամ գոռալ, ձայն դուրս չի գա, ոտքով կխփեմ պատին, հարևանը չի լսի, կնայեմ հեռախոսին, հեռախոսը կլռի. հեռախոսը ինձ հրաժեշտ կտա: Կտեսնեմ պատերից կախված նկարները ու կմտածեմ, որ դրանք չափազանց քիչ են, որպեսզի ես իրավունք ունենամ չլինելու: Հետո բոլորովին անսպասելի կհիշեմ ծանոթ ոտնաթաթերը, որոնք շոյում էին կրծքավանդակս, պարանոցս, անդամս… ոտքի եղունգները կարմիր էին, մատները` նուրբ, բարակ, քնքշորեն սառը, գրեթե մարմարյա… կկարոտեմ: Ոտնաթաթերը ինձանից շատ հեռու կլինեն այդ պահին, ինչ-որ փողոցով անցնելիս, կաշվե կոշիկների մեջ` կըտ կըտ կըտ կըտ… կամ կլինեն տանը` բաղնիքում, ցնցուղի եռման շիթերի տակ: Ոտքի մատները ինձ չեն հիշի. նրանք մաքրված կլինեն, հազար անգամ մաքրված կլինեն իմ մաշկի հոտից, իմ ցանկություններից, իմ բոլոր հիշողություններից, ամեն ինչից… Ես ներկայում եմ: Պարանոցը, որ նախկինում հանձնել եմ թափանցիկ ներբանների շոյանքներին, հիմա հանձնել եմ հաստ, կոպիտ թոկի շոյանքներին: Երկու տարբեր շոյանքներ. երկուսն էլ սպանում են` տարբեր ձևերով… նա շոյում էր ոտքերով մարմինս շնչարգելության նոպայից հետո. նա մոռացավ շնչել, դադարեց շնչել, աչքերը փակեց ու քարի պես ընկավ բարձին… Ինչի՞ ես ապտակներով վերադարձրեցի նրան կյանք, ստիպեցի նորից շնչել. որպեսզի չմեռնի,՞ թե՞ շարունակի փաղաքշել գրգռված մարմինս… «Քեզ դու՞ր է գալիս», «Եթե դուր չգար, չէի անի…»: Նա նոր- նոր էր ուշքի եկել, հազիվ էր շնչում, բայց նրան դուր էր գալիս, նրա ոտքերին դուր էին գալիս… Ես վերջացրի նրա ոտնաթաթերի վրա, հենց մատների ծայրերին, սավանի տակ: Ես այն ժամանակ դեռ չէի որոշել, թե կոնկրետ որ պատի վրա պիտի մեխեմ հարյուրանոց մեխը, ընդհանրապես չլինելու նպատակ չունեի, որովհետև չկայի: Սպիտակ սավանի տակ սպիտակ մերկության հետ հնարավոր չի լինել, անհնար է, ինչպես դատարկ սենյակի մեջ դատարկ սրտով հնարավոր չի չլինել, հնարավոր չի ցանկանալ լինել, չցանկանալ չլինել. անհնար է:
Ես չդարձա ոչ գրքի մարդ, ոչ կյանքի մարդ: Ինձ հետաքրքիր չէր: Հիմա արդեն ուշ է, շատ ուշ, բայց կանչում եմ` ու՞ր ես, ետ արի, ես չեմ մոռացել: Ձայն չկա, միայն պարանի` պատին քսվելու ձայնը ու պատի խուլ դղրդոցը` կրունկների ջղակծկվող հպումներից…
Պատը ինձ ճանապարհում է: Միայն պատն է ինձ ճանապարհում: Այդպես էլ պետք է լիներ. ես ավելիին արժանի չէի, նույնիսկ պատի մյուս կողմում` խոհանոցի սեղանին թողած կիսակրծած խնձորին, մի քանի անգամ օգտագործած թեյի բարձիկներին, մոշի մուրաբային… բանկան կիսով չափ էլ չէր դատարկվել. ես կիսով չափ էլ չէի ապրել…
Մի սիգարետն ի՞նչ էր այս հանդիսավոր պահի համար… Բայց ո՞վ բերանս կխոթի, ո՞վ կվառի: Ավելի շուտ պիտի մտածած լինեի…
Համակարգչի ֆայլերից մեկում նա մեկնված է բազմոցին` թևը գցած գլխի հետևում, դեմքով դեպի պատը, այն պատը, որը հիմա ինձ ճամփա է դնում… Ֆոտոն անգույն է. սեպիա` տաք ու սառը երանգներով. երևում է նրա բաց իրանը, նրա պորտը: Իմ սիրած տեղն էր: Ես սիրում էի մեկուսանալ նրա պորտի կիսամոլորակում, մենավոր կղզիաբնակի պես թափառել նրա կածաններով, բլրակներով, կորել փափուկ ծալքերում, խոռոչներում: Բախտս բերել էր` պորտի հատվածում նա խուտուտ չուներ. երանության մեջ էի…Նա իմ ընկերոջ առաջին սերն էր, իսկ իմ առաջին սերը վաղուց ուրիշն ուներ. ինձանից հետո հազարերորդը… Երբ իմ ընկերը բանակից արձակուրդ եկավ, ինձ նվիրեց` ԷսՎեԴե-ի փայլեցրած փամփուշտ. գլխիկը հանեցի, մեջը վառոդ չկար, դատարկ էր: Ընկերոջս ասացի` դու ինձ նվիրեցիր մահվան անհնարինությունը: Խոսքերը նրան դուր եկան, հետո հաճախակի էր հիշում: Հիմա ես մտածում եմ` եթե ընկերս իմանար, որ ես սավանի տակ փաղաքշել եմ իր առաջին սիրուն ու մի հավերժություն ապրել նրա պորտի մեջ, ապա կնվիրեր ինձ բոլորովին ուրիշ բան, ասենք` վառոդով լի փամփուշտ… Սակայն այս բոլորն անցած է. մենք վաղուց չենք հանդիպում. բացարձակ կորցրել ենք հետաքրքրությունը միմյանց հանդեպ: Փամփուշտը մինչև հիմա էլ գրապահարանի դարակում է: Երեխայի անվնաս խաղալիք: Հուշանվեր:
Մտածում եմ` մինչև տնից ընդմիշտ բացակայելը արժեր հատակն ավլել: Մտածում եմ` ո՞նց մոռացա: Մտածում եմ: Դեռևս մտածում եմ. գետնին նկատում եմ ջարդած լուցկու հատիկներ, սիգարետի մոխիր, մատիտի տաշեղներ, խնձորի պոչ… չարժեր այսքան ցրված ու փնթի լինել: Մինչև վերջին ակնթարթը չես դավաճանում քեզ: Բոլորին դավաճանում ես, քեզ` չէ… Սրածդ մատիտը երևի կօգտագործեն քեզնից հետո: Լ.-ի նվիրած էջանիշը ափսոս էր. տեսնես կգնահատե՞ն նրա բացառիկությունը: Ու՞մ ձեռքը կընկնի հրեշտակի ձեռքը, հրեշտակի թևը: Ժամանակ չկա մտածելու: Իմ մի րոպեն անցնում է: Համարյա անցել է: Պարանոցիս ու երակներիս հաստությունը չկարողացան ինձ ավելի երկար ժամանակ ապահովել: Միայն մի րոպե: Վաթսուն վայրկյան: Գրություն կփնտրեն գրպաններիս մեջ, դարակներում, գրքերի վրա, էջերի արանքում: Չեն գտնի: Կմտածեն` դիտավորյալ եմ արել: Կմտածեն` ես եմ արել: Կմտածեն` իրենք են արել: Ինչ ասես` չեն մտածի… Մի անգամ քույրս պատմեց, որ երազում տեսել էր ինձ տան դռան մոտ արնաշաղախ փռված: Հարցրել էր` ո՞վ է արել, պատասխանել էի` ոչ-ոք, ինքն իրեն է ստացվել: Հիմա ինձ թվում է դա ամենաճշմարտացի պատասխանն էր:
Ափսոս քո լռությունը սխալ կհասկացվի, ինչպես սխալ են հասկացվել քո խոսքերը, որոնք միայն լռության են հանդիպել, ու խոսքերի, որ նույնիսկ լռություն չէին: Հիմա պարանը սեղմում է պարանոցդ: Դու գրում ես այդ մասին ու դու պատկերացում չունես ծնողներիդ սեռական կյանքի մասին: Դու վստահ ես, որ եթե ինչ-որ խնդիրներ էլ կան, դու ոչինչ անել չէիր կարող. «Ուրիշը հորդ տեղը լիներ, իմ պես վիրահատած կրծքով կին ունենար, հիմա սիրուհի կպահեր կամ կբաժանվեր կնոջից: Խեղճ մարդը ամբողջ օրը աշխատում ա, գործից հոգնած տուն գալիս, հաց ա ուտում ու մինչև քնելը ինտերնետով շախմատ խաղում…», «Հիվանդանոցում, երբ գնացել էի ստուգվելու, մի մարդ գոռգռում էր բժշկի վրա, թե ես նորմալ կին եմ ուզում, ինձ անծիծ կնիկ պետք չի… Մտքիցս դուրս չի գալիս…Իսկ հերդ մի անգամ չբողոքեց: Շատ զուսպ մարդ ա…», «Սրանք ու՞մ նկարներն են… Պիկասոյի՞… երկնագույն շրջա՞ն… Ինչ լավն են. ոնց որ հաշմանդամների նկարած լինի: Նկարիչները ընդհանրապես չեն սիրում, չէ՞, հաշմանդամների նկարել, իսկ ինքը, տեսնո՞ւմ ես, նկարել ա: Ինչ դուրս եմ եկել հիվանդանոցից, ինձ ոչ մի անգամ չես նկարել: Էլ նկարելու բան չեմ, չէ՞…»: Ինձ համար ամենակարևորը միայն ես ու իմ հաճույքներն էին: Ես նկարել եմ միայն ինքնանկարներ ու ջահել, առողջ աղջիկների…Մի ոտքդ այն աշխարհում` հանկարծ հիշում ես, որ բժիշկները արգելել են մորդ անհանգստանալ: Ժամացույցն արդեն քեզ նկատի չունի…
Վաղը դուռը կջարդեն… Երբ ամեն ինչ վերջանա, բնակարանը կտրվի վարձով… Ինձ թվում է` գլխավերևումս փոշեկուլով հատակն են մաքրում: Ականջներս խցանված են խուլ աղմուկով. ոչինչ չեմ լսում, աչքերիս առաջ մթնել է, աղի համ եմ զգում, երևի արյուն է: Քթիցս ինչ-որ հեղուկ է հոսում` տաք… Մարմինս չեմ զգում… Սենյակում կեսօր է, պատուհաններից դուրս` անթափանց գիշեր, համատարած սև… Ոտքերիս տակ շուռ եկած աթոռը ստվեր չի գցում: Նրա վրա դեռ կնստեն, ես չէ… Ինչ- որ անտեսանելի մատներ դանդաղ իջեցնում են կոպերս: Պառկած եմ օրորոցում, մաման հեքիաթ է կարդում: Նրան դեռ չեն վիրահատել: Նա դեռ երիտասարդ է ու առողջ: Ես ձևացնում եմ, թե քնել եմ, բայց լսում եմ նրա ձայնը: Մաման գիտի, որ ես ձևացնում եմ ու շարունակում է կարդալ, մինչև իսկապես կքնեմ: Վերջնականապես: Ափսոս: Ինձ էլ երբեք չեն կարդա հեքիաթներ: Ես դուրս եմ գործածությունից: Այսուհետ` միայն գերեզմանոցներ: Անճաշակ գերեզմանոցներ: Դիակները տարբեր տարիք ունեն գերեզմանոցներում: Իննսուն տարեկան ծերունին մահանում է ու պառկում հողի տակ, որտեղ նա ավելի երիտասարդ դիակ է, քան յոթ ամսեկան երեխան, որը պառկած է հողի տակ իննսուն տարի: Յոթ ամսեկան երեխա-իննսուն տարեկան դիակ: Զառամյալ ծերունի-նորածին դիակ: Վաղը դու միօրական կլինես: Հանգիստ քնիր: Մարմինս կտանեն դիահերձարան: Ինչի՞ կտանեն: Պարզ չի՞` ինչից եմ մեռել: Պարզ չի՞, որ մեռել եմ… Կտանեն: Պապիս էլ տարան. թեև պարզ էր, որ նա ցած էր նետվել հիվանդանոցային հարկից: Նրան ծածկել էին սպիտակ սավանով: Պատշգամբից, որտեղ նրանից մնացել էին միայն ձեռնափայտն ու հողաթափերը, ես տեսա ներքևում սավանի տակից դուրս ցցված նրա ծերունական ոտքերը, նիհար, ոսկրոտ ոտքի թաթերը: Նրա աջ ոտնաթաթը կապտած էր: Փտախտ ուներ: Երեք մատը կտրել էին. բինտով փաթաթված էին, չորրորդին ու հինգերորդին չհասան, չբարձրացան ավելի վերև` սրունք, ծունկ, ազդր… Նա գնաց: Ես գիտեի, որ այդպես կլինի… Ես գիտեի, որ այսպես կլինի…
Անճաշակ գերեզմանոցներ: Ապագայի դիակները գալիս են տեսակցության նախկին ողջերին: Կարմիր-սպիտակ մեխակներ, մոմեր, խունկ, օղի, հաց, արցունք, թաշկինակներ, հիշողություններ, բարի խոսքեր, հոգոցներ… Հստակ տարեթվեր, հստակ փորագրված փորագրողի անտարբեր ձեռքով: Փորագրողի համար էլ վաղ թե ուշ փորագրող կպահանջվի: Գրիչս մինչև վերջ չօգտագործեցի: Պատկերասրահի նկարները այլևս չեմ տեսնի, ֆիլմերս չեմ վերանայի, գրքերս չեմ վերընթերցի. մեյլով կգրեն ինձ, չեմ պատասխանի, անձրևի տակ չեմ քայլի, խնձոր չեմ ուտի, սառը ջուր չեմ խմի, բաղնիքում չեմ լողանա, նկարներս չեմ վերանայի, աղջիկների հետ ֆլիրտ չեմ անի, թղթեր չեմ թրջի, լուցկի չեմ առնի, քարտս չեմ լիցքավորի, ժամացույցի մարտկոցը չեմ փոխի, ժամացույցը չեմ կանգնեցնի… Անճաշակ գերեզմանոցներ: Կտակ էլ չգրեցի: Ուշ է: Ինձ, միևնույն է, չէին վառելու: Լսել եմ` վառելը ավելի թանկ է թաղելուց. թղթաբանություն, գլխացավանք…
Ծաղկեպսակներ, մարդիկ, տխուր դեմքեր… «Ինչի՞ց մեռավ», «Կախվեց», «Ո՞նց, թե…», «Բա գժվեց վերջը, չիմացա՞ք…», «Ինչի՞ց գժվեց..», «Ամբողջ օրը գիրք էր կարդում…», «Հազար ասեցինք` էդքան մի խորացի. ինչ օգուտ, ասողին լսող ա պետք……»: Տղամարդիկ ծխում են, կանայք` նվնվում: Պապան չի ծխում, մաման չի նվնվում: Նրանք սպանված են: Համբերեք մի քանի օր, կսովորեք: Դագաղի լաքապատ կափարիչը բոլորի ուշադրության կենտրոնում է: Բոլորը դագաղի կափարիչի ուշադրության կենտրոնում են` մեջը արտացոլված… Նկարներս մոռացված են ավելի, քան երբևէ: Ինչպես միշտ ինձ տեսնում են այնտեղ, որտեղ ես չկամ: Ինձ թաղում են այնտեղ, որտեղ ես չեմ կարող լինել: Ինձ կգան տեսակցության այնտեղ, որտեղ ես չեմ լինի: …ինչ սխալ արեցի, որ չվառեցի բոլոր գործերս, օրագրերս, նամակներս. վախեցա անիմաստ ապրած կյանքից, վախեցա վերջնական բացակայությունից, չէի ուզում մեկընդմիշտ ու անհետ կորել:
Միևնույն է, մահը ինձ մահ չի բերի, հույս չունեմ: Լավագույնը, որ հիմա կարող եմ անել, չափսոսալն է արածի համար: Իսկ ի՞նչ արեցի: Կախվեցի: Ընդամենը՞…Գոնե թաղմանս նորմալ հագնվեին: Նրանք կհիշեն` ինչ երաժիշտների էի սիrում, ինչ գրողների անուններ էի տալիս, ինչ նկարիչների էի փառաբանում: Նրանք այդ անունները կտան իրենց կյանքում առաջին անգամ:
Դատարկ շրջանակներ մնացին. չնախաներկած մի փաթեթ մանրահատիկ կտավ, ստվարաթղթեր, վատմաններ: Ափսոս էին: Իմ փոքրիկ պոետ… երբ բոլորը ցրվեն, ծիսակատարությունը ավարտվի, մյուս օրը նա կգնա գերեզմանաթմբի մոտ ու հայացքը ներքև հառած կասի` հըն, ո՞նց ես, իմ փոքրիկ դիակ… Թանկագինս, մարդիկ նրա համար չեն մեռնում, որ իմանան, թե իրենք ոնց են…
Մի քանի օրից կրկին կհավաքվեն նույն մարդիկ, նույն շորերով… «Բա, իմանայինք, մի տեղ տղուն գործի կտեղավորեինք…», «Ես բարեկամ ունեի Իտալիայում. նկարների առևտրով ա զբաղվում, շուտ ասեիք` կծանոթացնեի, կգնար Իտալիա, ցուցահանդես կբացեր…», «Մոտիկ ընկերս մշակույթի նախարարի տեղակալն ա, էս ամեն ինչը չլիներ, մի տեղ դասախոս կտեղավորեինք, ամեն ինչ էլ լավ կլիներ…»,«Էհ, ինչի սենց էղավ…», «Ինչի՞ սենց բան արեց…», «Շատ անհամբեր էր, էլի. ուզում էր ամեն ինչ միանգամից լինի…», «Ոչ մի անգամ ոչ մեկին ոչ մի հարցով չէր դիմի …», «Մի ամիս առաջ տեսա, էնքան տխուր տեսք ուներ, նիհարել, չոփ էր դառել. ասում եմ` ի՞նչ ա եղել, ասում ա` հեչ, բան էլ չի եղել… ու ծիծաղում ա…», «Դեհ, խմենք իրա հոգու խաղաղության կենացը…», «Ինքը միշտ մեր հետ կլինի…»: Ծընգ, ծընգ, ծընգ, ծընգ… Երկու րոպեից սպիրտը կթափանցի նրանց արյունատար համակարգ…
Սենյակի պատերը դատարկ են: Ներկերի հոտը վերացել է: Դիսկերս դարակում փակված են: Գրքերս փոշու տակ են: Նկարներս` երրորդ սենյակի մի անկյունում իրար գլխի հավաքած, շորով ծածկված: Մեջբերումների գրքույկի վերջին գրառումը հայտնի հեղինակից. «Ապրել` հուսալով լավագույնի մասին, բայց սպասել վատագույնին»: Բնակարանը վարձով կտրվի: Մարդիկ կգան այստեղ ապրելու… Մանրահատակին իմ թափած ներկերի հետքերն են… Վարագույրների վրա իմ վրձինների հետքերն են… Ներքնակի վրա իմ սերմի հետքերն են… Դռների վրա իմ ներկոտ ձեռքերի հետքերն են… Պատշգամբի բազրիքին իմ կոշիկների հետքերն են… Օրագրերի մեջ իմ մտքերի հետքերն են…Նրա շուրթերին իմ արցունքների հետքերն են… Նրա արցունքներին իմ շուրթերի հետքերն են… Մազկիչի վրա իմ մատնահետքերն են… Միջնադարյան հաստ թոկի վրա իմ մահվան հետքերն են… Ես չկամ…